Հայերեն   English   Русский  

​Մարդու իրավունքների տարին


  
դիտումներ: 2705

Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ամփոփենք տարին՝ հագեցած իրավունքի հանդեպ բազմաթիվ ոտնձգություններով։ Մենք փորձել ենք դասակարգել իրավունքների խախտումները, ընդհանրացնել դրանք առանձին անվանակարգերում։

1.Տարվա ամենամտահոգիչ դատավարություններ. «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել»

Տարին առանձնանում է հնչեղություն ունեցող քրեական գործերով և դատավարություններով, որոնք առերևույթ զուգորդվել են իրավունքների խախտումներով և, ըստ հեղինակավոր իրավաբանների, հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների հիմք են դառնալու։ Դատավարությունների շարքում առանձնանում են հատկապես Մարտի 1-ի գործով դատավորներ Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի կողմից կայացրած որոշումները և դատավարական նորմերի խախտումները։

Արմեն Դանիելյանը դատավարության ընթացքում թույլ տվեց արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։ Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ որոշման անտեսումը հանդիսացավ ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը։ Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ:

Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որն ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Հիվանդ մարդու խափանման միջոց կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ընտրովի մոտեցում է վերջին ամիսներին նմանատիպ արարքների հետ համեմատության մեջ, երբ դատարանների շրջափակման ժամանակ դատավորների նկատմամբ գործադրված ճնշումները կամ ՍԴ դատավորի նկատմամբ ճնշումները մնացին առանց իրավական գնահատականի:

2.Տարվա ամենաբացահայտ ոտնձգությունները դատական իշխանության նկատմամբ.

Անկախ, վստահելի, իշխանության մյուս ճյուղերին հակակշռող դատական համակարգն է, որ կարող է հանդես գալ արդար դատաքննության իրականացման միջոցով որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ։

Բարդ է որոշել, թե երբ սկիզբ դրվեց դատարանների նկատմամբ բացահայտ ճնշումներին՝ դատարանների շրջափակմա՞մբ, մուտքերի արգելափակմա՞մբ, դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումներո՞վ, դատավորներին «վնգստացող» անվանարկելո՞վ, թե՞ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցմամբ։ Մի բան ակնհայտ է՝ պրոցեսը շարունակվում է, և դրա վառ ապացույցը Սահմանադրական Դատարանի դատավորներից բոլոր հնարավոր եղանակներով ազատվելու ձգտումն է։ Թվարկած դրվագներից յուրաքանչյուրն առանձին-առանձին արդեն խոշոր միջադեպ է, որը չի կարող մնալ անհետևանք, իսկ դրանց ամբողջական ցանկն արդեն խոսում է դատական համակարգի լրջագույն պրոբլեմի մասին։

3.Տարվա ամենաանտրամաբանական քրեական գործերը.

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց այստեղ հարկ է առանձնացնել հատկապես քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին։ Մի դեպքում հանրաճանաչ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչում են հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուս դեպքում՝ սկզբում բռնում են, հետո միայն որոշում՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել։

4.Տարվա աղմկահարույց ցուցմունքները.

Նախաքննության մարմինների կողմից հարուցված քրեական գործերով սեփական վարկածը հաստատելու համար այնպիսի փաստերի, ցուցմունքների հավաքումը, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը՝ հայտնի «վկաների» աջակցությամբ։

Այս անվանակարգում կա երկու անառարկելի առաջատար՝ Սիլվա Համբարձումյան և Պավել Անդերսոն։ Եթե առաջինը շուտ «վառվեց» և դարձավ համընդհանուր ու անվերջանալի հումորի առարկա՝ իր աջ ու ձախ «բաժանած կաշառքով», ապա Պ. Անդերսոնի թեման շատ ավելի զգայուն է․ Ռուսաստանի Դաշնության կողմից լինելով հետախուզման մեջ՝ խարդախության և այլ ծանր մեղադրանքներով, պաշտոնական փաստաթղթերով՝ ազգությամբ ադրբեջանցի, կյանքի ընթացքում անուն ազգանունը բազմաթիվ անգամ փոխած այս անձի՝ յոթ տարի առաջ տված հարցազրույցի և իմքայլական պատգամավորի դիմումի հիման վրա հարուցվում է քրեական գործ։ Սա մեզ ստիպեց իրականացնել սեփական քննությունը՝ հասկանալու համար, ի վերջո, թե ո՞վ է Պ. Անդերսոնը և ի՞նչ հին կապեր կան նրա ու ՀՀ նոր իշխանությունների մի թևի (իրավական) միջև, ինչո՞ւ չի կարող նրա որևէ բառ արժանահավատ լինել, ինչու՞ յոթ տարի առաջ ծնվեց նրա ուղղորդված սկայպ-հարցազրույցը, և ի՞նչ նպատակներ այն ուներ։ Ըստ անհրաժեշտության՝ առաջիկայում այս թեման կարող է ավելի բացվել։

5.Տարվա ամենաանհիմն դատական միջնորդությունը.

Մարտի 1-ի գործով մեղադրող կողմի դատախազը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքում դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն է, որը պայմանավորված է նրանով, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրառում էր կատարել այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու Դ. Գրիգորյանի որոշումը գրել են դատավոր Մխիթար Պապոյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի ևս երկու այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանը և Վազգեն Ռշտունին։ Դատավոր Պապոյանը հայտարարել է, որ տեղեկությունը սուտ է և դիմել է ԱԱԾ՝ դատավորին զրպարտելու համար իրավական գնահատական տալու պահանջով։ Արդյունքում մեղադրող կողմը գտնում է, որ դա անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տեղիք տալ։ Դատավոր Պապոյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Արդյունքում ստացվում է, որ եթե դատավորին զրպարտելու համար հանցագործության մասին հաղորդումը և դրա վերաբերյալ քննությունը դիտարկվում է որպես նրան ինքնաբացարկ ներկայացնելու հիմք, ապա ցանկացած դատավորի մասին, ով ինչ-որ գործ է քննում, կարելի է նմանատիպ հրապարակում անել, և երբ դատավորը դիմի իր իրավունքների պաշտպանության համար, նրան կարելի է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Չգիտես ինչու, կամ ավելի ճիշտ հասկանալի է, թե ինչու մեղադրող դատախազը նույն հիմքով ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում Աննա Դանիբեկյանին, ով տուժող է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի քրեական գործով, որը նախաքննություն իրականացնող մարմինը կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ դեպքում ուր մնաց անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի անաչառության վերաբերյալ կասկածի հիմքով ինքնաբացարկ հայտնելու պահանջը։

6.Տարվա հավաքների ազատության իրավունքի դեմ ոտնձգություն.

Ամենավառ դրսևորումը Դաշնակցության երիտասարդների կողմից խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելն ու նրանց ոստիկանություն բերման ենթարկելն էր։ Այս գործողություններն ուղիղ հակասության մեջ մտան դատարանների շրջափակման և Էջմիածնի ճանապարհը Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով փակելու ժամանակ Ոստիկանության անգործության հետ։ Երիտասարդներն իրացնում էին ազատ հավաքների իրենց իրավունքը, և այսօրվա իշխանությունը, որը հասել է իշխանության նույն եղանակով՝ ճանապարհներ փակելով, պետք է համարժեք արձագանքեր երիտասարդների ակցիային։ Կար իրավիճակից դուրս գալու մի քանի ճանապարհ, որոնցից ընտրվեց ուժի կիրառումը։ Ի՞նչն էր խանգարում ԿԳՄՍ նախարարին՝ հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց, նստել նրանց կողքին, քննարկել խնդիրները։ Գործեց «ոստիկանն իրենցն է» սկզբունքը։

7.Տարվա ամենափոփոխական մեղադրող դատախազը.

Մարտի 1-ի գործով որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Նա 2018-ից մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա։

Հետագայում՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվեց, և փոխվեց նույն դատախազի հսկողության ժամանակ։ Նույն դատախազը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխեց իր տեսակետը։ Հիմա նա մեղադրող դատախազ է։

Ամփոփում

2019թ. նշանավորվեց ռեպրեսիվ մեքենայի միացմամբ և կալանքը որպես պատժի միջոց տոտալ կիրառման մշակույթով։

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատվությունը կրում է պետությունը։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: