Հայերեն   English   Русский  

Մեր ուշքը չի գնում Հրայր Թովմասյան+ վեցնյակի համար, բայց ինչու պետք է վճարենք թախտին նստելու համար. Նաիրա Զոհրաբյան


  
դիտումներ: 115

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱԺ-ում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթը սկսեց՝ ցուցադրելով Գեղարքունիքի մարզի Շատվան, Դրախտիկ, Լիճք գյուղերի, Վանաձորի Ստեփան Շահումյանի անվան դպրոցների անմխիթար վիճակի մասին լուսանկարներ։

«Դպրոցներ, որոնց վերանորոգման համար մեր կառավարությունը գումարներ չի գտել նաև այս տարվա բյուջեով։ Եվ հիմա բերվել է մի նախագիծ, որը ոտից գլուխ, աջից ձախ, հյուսիսից հարավ, վերևից ներքև քաղաքական է։ Որ այս նախագիծը քաղաքական է և Սահմանադրական դատարանի խնդիրը քաղաքական է, այդ մասին բաց եւ հրապարակային ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում, որ գործընթացը ուղղակիորեն քաղաքական է»,-նշեց նա:

Պատգամավորը շեշտեց՝ ուզում են, որ մեր երկրում գործընթացները լինեն իրավական․ «Մեր իշխանությանը դուր չի գալիս ՍԴ այս կազմը և հատկապես նրա նախագահ Հրայր Թովմասյանը: Մեր ուշքը չի գնում Հրայր Թովմասյան պլյուս վեցնյակի համար, սակայն մենք ուզում ենք, որ մեր երկրում գործընթացները լինեն իրավական ու քաղաքական պրեսինգ, որը եղել է նախկինում և հույս ունեինք հիմա չի լինի, չլինեն։ Հիմա հարգելի հայրենակիցներ, ՀՀ հպարտ քաղաքացիներ, մեզ առաջարկվում է մեր հարկերից 630 միլիոն դրամ վճարել «Հրայր Թովմասյան ընդ քոմփանի»-ին, որ նրանք գնան տուն և նստեն թախտին և ստանան իրենց աշխատավարձերի չափ թոշակները։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ, էդ ո՞նց եք որոշել, որ միայն նրա համար, որ ձեր դուրը չի գալիս այդ «կանտորան», մենք՝ հարկատուներս չպիտի լուծենք առաջանահերթ խնդիրները և տանք մարդկանց, որոնք մատնվելու են անգործության»,-ասաց նա:

Զոհրաբյանը ՍԴ դատավորներին զգուշացրեց՝ եթե դատավորներից որևէ մեկը գայթակղվի այս առաջարկից, պետք է հիշի, որ որևէ իշխանություն հավերժ չէ, և իշխանության փոփոխությունից «հետո ոչ միայն վերադարձնելու են այդ բոլոր գումարները, այլ նաև ենթարկվելու են քրեական պատասխանատվության»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: