Հայերեն   English   Русский  

Արթուր Ավետիսյան. «Ամեն մի հաջողված ելույթ պարտավորեցնում է, որ ավելի լավ մարզվեմ»


  
դիտումներ: 1242

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, երիտասարդ մարզիկ Արթուր Ավետիսյանի համար 2019 թվականի մրցաշրջանը բավական հաջող ընթացավ:

Հայ մարզիկը միջազգային մրցաշարերում մեդալաբեր ելույթներ ունեցավ. նախ Նեապոլ քաղաքում կայացած 30-րդ ամառային Ուսանողական խաղերում Արթուրը չեմպիոնի կոչումը նվաճեց, այնուհետև չինական Ուհանում կայացած Համաշխարհային բանակային խաղերում և Գերմանիայի Կոտբուս քաղաքում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում դարձավ բրոնզե մեդալակիր։
Անկախի հետ զրույցում Արթուրն ամփոփում է տարին, գնահատում է ելույթները.
«Տարին բավական հաջող և լավ դասավորվեց ինձ համար` ինձ համար առանձնանալով միջազգային ասպարեզում գրանցած նշանակալի արդյունքներով: Մրցաշարերից առաջ հավաքականի տղաներով մասնկացում էինք ուսումնամարզական հավաքների, որոնք դրական անդրադարձան: Մրցաշարից մրցաշար փորձ եմ ձեռք բերում: Յուրաքանչյուր մրցման մարտական եմ տրամադրվում` փորձելով մեդալ ձեռք բերել: Մասնակցածս ստուգատեսերում հաջողվեց մեդալներ նվաճել, ինչի համար շատ ուրախ եմ: Այդ ամենը, իհարկե, պարտավորեցնում է, որ ավելի եռանդով մարզվեմ ու նոր հաջողություններ փորձեմ գրանցել»:
Վերջերս Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Արթուր Ավետիսյանն օղակների վրա վարժությունում 14.833 միավորով բրոնզե մեդալակիր դարձավ.

Արթուր Ավետիսյան 2019

«Կառանձնացնեմ աշխարհի գավաթի խաղարկությունը, որը բավական բարդ էր, քանի որ մրցակիցներ չափազանց ուժեղ, փորձառու և տիտղոսակիր մարզիկներ էին: Պայքարը բավական լարված էր, փառք Աստծո, ամեն բան շատ լավ ընթացավ, կարողացա ինձ ճիշտ դրսևորել, մեդալ նվաճել, ինչի համար և մեծապես շնորհակալ եմ մարզիչներիս` ինձ հետ աշխատելու, ֆիզիկապես և հոգեպես նախապատրաստելու, ճիշտ խորհուրդներ տալու համար»:
Աշխարհի գավաթին մասնակցելուց հետո Արթուր Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը միասին հանդես եկան ամեն տարի Ռուսաստանում անցկացվող Վորոնինի գավաթի խաղարկությունում: Տղաները թիմային հաշվարկում արծաթե մեդալի արժանացան, սակայն Արթուրը որոշ վրիպումներ թույլ տվեց.
«Մրցաշարում բավական ուժեղ կազմ էր հավաքել Բազմամարտում Արթուր Դավթյանն իրեն լավագույն կողմերով դրսևորեց` նվաճելով չեմպիոնի կոչումը:
Գավաթի խաղարկությունում վարժությանս կատարման մեջ եղան որոշ վրիպումներ: Մեր մարզաձևն անկանխատեսելի է, կաշխատեմ մոտ ապագայում բացթողումները լրացնել և սխալները շտկել»:

Արթուրը երախտապարտ է իրեն աջակցողներին և ոգևորղներին.
«Նվաճումներիս մեջ բոլորն էլ իրենց ներդրումն ունեն, միայնակ այս ամենին չէի կարող հասնել: Շնորհակալ եմ նաև ծնորղներիս, ընկերներիս և ողջ հայ ժողվրդին կողքիս լինելու, իմ հաջողթյուններով ուրախանալու, ինձ ոգևորելու և քաջալերելու համար»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: