Հայերեն   English   Русский  

​«Միսս տիեզերք» մրցույթի փայլն ու թշվառությունը


  
դիտումներ: 4383

«Միսս տիեզերք» մրցույթին Հայաստանը ներկայացնող Դայանա Դավթյանը մրցույթի շրջանակներում ներկայացել է տարազային հագուստով, որը համացանցում ու մասնագետների շրջանում բուռն քննարկումների տեղիք է տվել։

Բանն այն է, որ Դայանայի հագուստը, մեղմ ասած, չէր ներկայացնում հայկական տարազի ողջ հմայքը, գեղեցկուհին էլ այդ հագուստով ամենևին յուրահատուկ ու ազգային չէր։ Փոխարենը հայկական տարազի ոսկեթել ասեղնագործության հրաշալի ավանդույթներով կարված շքեղ հագուստով բեմում փայլում էր Թուրքիայի ներկայացուցիչը։

Ահա սա է, որ լրջորեն մտահոգել է ազգագրագետներին։

Ժողովրդական արվեստի թանգարանի գիտաշխատող, ազգագրագետ Տաթև Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում, ներկայացնելով Թուրքիայի գեղեցկուհու կերպարը, գրել է․

Գեղեցկուհիներ

«Ահա թե ինչպես են ներկայանում։ Թուրքիայի միսս յունիվերսն է, ինչպես միշտ, մտածված, քաղաքականացված ու շքեղ․․․որ ամբողջ աշխարհի աչքը հանեն, որ իրենց ասած «օսմանյան ասեղնագործությունը» իրենցն է ու մենակ իրենք ունեն ու հիմա էլ շարունակում են ասեղնագործել ու կենդանի պահել արհեստը իրենց երկրում․․․»։

Տաթև Մուրադյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր զայրույթի պատճառ այն է, որ Թուրքիան ամբողջությամբ յուրացրել է և աշխարհին ի ցույց է դնում մեր միջնադարյան ձեռագործ հագուստը՝ այն ներկայացնելով իբրև օսմանյան ասեղնագործություն, իսկ մենք հրաժարվում ենք մեր ավանդույթներից ու ներկայանում անհասկանալի կերպարով, մինչդեռ ունենք հարուստ ասեղնագործության մշակույթ, որն արտացոլված է հատկապես տարազի մեջ։

Ազգագրագետն իր մտահոգությունները հայտնել է նաև «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանին, որը համակարգում է միջազգային մրցույթներին հայ մասնակիցների մասնակցության հարցերը։

«Ամենայն հարգանք ունենալով Գոհար Հարությունյանի նկատմամբ՝ իրեն ֆեյսբուքում գրել էի, որ ներկայացված հագուստը կապ չունի հայկական ազգային տարազի և ազգային մշակույթի հետ։ Երբ նայում ենք մյուս մասնակիցներին, ուսումնասիրում նրանց ներկայացրած հագուստներն ու կերպարները, պարզ է դառնում, որը խոսքը ոչ միայն հենց ազգային հագուստ ներկայացնելն է, այլև հագուստի միոցով ազգային մշակույթ ներկայացնելն է»,-ասում է Տաթև Մուրադյանը։

Նրա խոսքով՝ նման բարձր հարթակներից մեր ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությունն այսչափ խղճուկ ու ամոթալի ձևով ներկայացնելը մեզ պատիվ չի բերում, այն դեպքում, երբ կարելի էր մասնագետների հետ խորհրդակցել, ավելի որակյալ ու արժեքավոր կտոր ընտրել, լավ դերձակ գտնել և ի վերջո գաղափար դնել հագուստի մեջ։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցչի տարազային կերպարի մի մասն էլ հայկական զարդերն էին, որոնք տրամադրել էր Սիրուշոն իր «Պռեգոմեշ» ապրանքանիշի «Գյոզալ» հավաքածուից։

«Որքան էլ որ «Պռեգոմեշի» զարդերը գեղեցիկ և հայկական են, դա դեռ բավարար չի նման հարթակում ազգային մշակույթ ներկայացնելու համար,-ասում է Տաթև Մուրադյանը,-բացի այդ, կարելի էր ազգային տարազի մոդելավորմամբ, հայկական հարուստ ասեղնագործությունն օգտագործելով և նաև հատուկ ընտրված զարդանախշերով ու սիմվոլներով աշխարհին ցույց տալ մեր չքնաղ մշակույթի շքեղությունն ու հարստությունը, ինչպես Թուրքիան, որ մեր ազգային թագավորական հագուստների ձևով և ոսկեթել ասեղնագործությամբ շքեղ կերպարով ներկայացավ»։

Ազգագրագետը հիշեցնում է, որ նման մրցույթներն ունեն մեծ նշանակություն երկրներն ու ժողովուրդներին ներկայացնելու և գովազդելու տեսանկյունից, ու նման դեպքերում չպետք է սահմանափակվել 1-2 հոգու անձնական ճաշակով և պատկերացումներով։

«Ես պատրաստ եմ Գոհարին գալիք տարվա համար մի քանի տասնյակ առաջարկներ ներկայացնել, մեկը մյուսից ցնցող ու կրեատիվ։ Իրեն էլ խնդրել եմ, որ իմ քննադատությունն իբրև «թունավորում» չընկալի, այլ իբրև մտահոգություն և աջակցելու պատրաստակամություն»։

Գեղեցկուհիներ

Տաթև Մուրադյանի գրառմանն արձագանքել է հագուստի հեղինակը՝ Վերա Մխիթարյանը (Վերա Սմբատի)՝ գրելով․ «Չգիտեմ ձեր մասնագետ լինելու որակը որքանով է բարձր, բայց ձեր կարծիքը, որը ցինիզմին է հավասար, խոսում է ձեր մասնագիտության և ոլորտի մասին... Ցանկանում եմ չմեկնաբանել և կարճ ասել, որ հագուստի ստեղծման համար օգտվել եմ բազմաթիվ գրականությունից։ Այս հագուստը ժամանակակից և բեմական է համարվում, որի գույնը և ձևը վերցված է 19- րդ դարի Երևանի կնոջ տարազից (ուսումնասիրեք)․․․»։

Վերա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա աշխատում է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, միաժամանակ Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայում և որպես դիզայներ՝ լայնաֆորմատ կտորի տպագրությամբ զբաղվող «Texart» ընկերությունում․․․

Մեր մասնակցի հագուստի մասին իր կարծիքը հայտնեց նաև Հայաստանի ժողովրդական վարպետ, «Կենաց Տուն» մշակութային ՀԿ ներկայացուցիչ Լալա Մնեյանը։

Նրա խոսքով՝ նման բարձր մշակույթ ունեցող ազգ լինել և ներկայանալ նման հագուստով, ուղղակի ամոթ է։

«Այդպես մենք միշտ ամոթով ու լուսանցքում կմնանք»,-ասաց նա։

Ժողովրդական վարպետի խոսքով՝ այս երևույթը տասնյակ տարիների խնդիր է, որը համակարգային լուծման կարիք ունի։

«Մասնագիտական բուհերում անգամ համապատասխան մասնագետներ չեն պատրաստում։ Բուհական ծրագրերն իմանալով՝ կասեմ, ոչ գրեթե ժամեր չեն տրամադրվում ազգագրությանը, տարազին, ասեղնագործությանը։ Մինչդեռ, այդ ամենը պետք է պետականորեն լուրջ հիմքերի վրա դրվի, որից հետո մեր մասնագետներն ուղարկվեն եվրոպական առաջատար ֆեյշն հաստատություններոում վերապատրաստվելու, որպեսզի մենք արդյունք ունենանք»։

Փոխարենը, ըստ նրա, Թուրքիան այս ամենը շատ լավ է հասկանում ու պետական հովանու ներքո հսկայական աշխատանք է տանում։

«Ձեր կարծիքով Թուրքիան ո՞նց է այդ արդյունքը ստանում։ Իրենք ամեն ինչ անում են իրենց «ինքնությունը» աշխարհին ներկայացնելու և ավելի քաղաքակիրթ իմիջով հանդես գալու համար, և դա նրանց հաջողվում է։ Իրենց կերպն այսօր փոխվել է, իսկ մերը, ընդհակառակը, աղավաղվել է։ Հենց դրա համար էլ մրցույթում Թուրքիայի հագուստն անթերի էր»։

Լալա Մնեյանն ասում է, որ նման մրցույթների հանձնաժողովները պետք է բաց ու թափանցիկ աշխատեն, հրավիրեն մասնագետների։ Ասում է՝ բոլորն էլ պատրաստ են անվճար աշխատել, խորհուրդներ տալ, քանի որ հարցը վերաբերում է ազգային մշակույթը դրսում ներկայացնելուն։

«Սա մեզ համար ապտակի նման մի բան է, որ սթափվենք։ Վատն այն է, որ մեր ազգային բնավորության կերպն էլ է փոխվել, և դարձել ենք առողջ քննադատություն չընդունող հասարակություն»։

Հայոց ազգագրության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, տարազագետ, պատմական գիտությունների թեկնածու Սվետլանա Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման ներկայանալի տեղեր գնալիս արժե, որպեսզի մեր ներկայացուցիչները մասնագետների հետ խորհրդակցեն։

«Հագուստը եվրոպական հագուստ էր, կապույտ գույնի, ըստ որում, կարելի էր նաև հաշվի առնել մեր գեղեցկուհու մարմնի առանձնահատկությունները։ Սա միգուցե տարազի մոտիվներով արված մի բան էր, բայց խիստ ոճավորված։ Համենայնդեպս, հայկական տարազը գոնե նման ձևվվածք չունի։ Ձևվվածքի ու գեղազարդման մեջ խնդիր կար»։

Անդրադառնալով Թուրքիայի ներկայացուցչի հագուստին՝ տարազագետն ասաց, որ այն իսկապես շքեղ էր և շատ գրագետ մոտեցմամբ ներկայացված։

«Հայկական տարազն առանց ասեղնագործության բավական տխուր տպավորություն է թողնում։ Կարելի էր մեր ներկայացուցչի զարդահամալիրն ավելի շքեղ անել։ Մեր մշակութային ժառանգության շտեմարանը պետք էր հնարավորինս օգտագործել, չնայած ասեմ, որ գլխի հարդարանքը լավն էր, արված էր Բարձր Հայքի մոտիվներով։ Ամեն դեպքում, կարծում եմ՝ կարող էինք բացառիկ տպավորություն թողնել։ Բայց խնդիրը հետևյալն է՝ նման նպատակ դրված կա՞ր, թե ոչ։ Հուսանք՝ սա կազմակերպիչների համար փորձառություն կլինի։ Իսկ եթե չընդունեն քննադատությունները, ուղղակի չեն հաջողի»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: