Հայերեն   English   Русский  

Հոնկոնգի վարչակազմի ղեկավարը մտահոգված է բողոքի ցույցերում դպրոցականների ներգրավման կապակցությամբ


  
դիտումներ: 237

Հոնկոնգի վարչակազմի ղեկավար Քերրի Լամը լուրջ մտահոգություն է հայտնել բողոքի ցույցերին պատանիների ակտիվ մասնակցության իրավիճակի կապակցությամբ:

Երեկ նա հայտնել է, որ կես տարվա ընթացքում փողոցային անկարգությունների մասնակցած 6 հազար ձերբակալվածների 40 տոկոսը դպրոցների և բուհերի սովորողներ են: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Նրանց թվում տարբեր դպրոցների և քոլեջների 900 բարձրդասարանցի կա,- ասել է նա լրագրողների հետ զրույցի ընթացքում:- Իրավիճակը տագնապալի է»:

Գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ հայտնի է դարձել, թե ինչպես են երկուշաբթի մի խումբ դպրոցականներ բերման ենթարկվել ուսուցի հետ միասին, երբ փորձել են երթևեկելի հատված փակել: Նա կոչ է արել ուսումնական հաստատությունների տնօրինություններին միջոցներ ձեռնարկել, որպեսզի հետ պահեն երեխաներին և պատանիներին «անօրինական և բռնի ցույցերից»:

Լամը նաև մտահոգություն է հայտնել երկուշաբթի Վան Չայ շրջանում՝ քոլեջի շենքի մոտ, երկու ինքնաշեն ռումբերի հայտնաբերման կապակցությամբ: Դրանք վնասազերծվել են, ոչ ոք չի տուժել:

Կես տարի առաջ Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցեր բռնկվեցին տեղի իշխանությունների՝ օրինազանցներին մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մասին օրենքի նախագիծ ընդունելու մտադրության դեմ: Չնայած այդ օրենքի նախագիծը հետ կանչվեց, ընդդիմության ուսանող երիտասարդության կողմնակիցները հակված են շարունակելու հակակառավարական ցույցերը: Դրանք պարբերաբար ուղեկցվում են ճանապարհներ փակելով, բռնությամբ, հրկիզումներով և վանդալիզմի գործողություններով: Սակայն վերջին երեք շաբաթներին իրավիճակը քաղաքում ընդհանուր առմամբ հանգիստ է, ցույցերը սկսել են խաղաղ անցնել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: