Նիդեռլանդներում 9-ամյա վունդերկինդը գժտվել է համալսարանի ղեկավարության հետ
Լորանը ծնվել է Բելգիայի Օստենդ քաղաքում: Վեց տարեկանում տղան ընդունվել է բարձր դասարաններ և մի տարի անց զուգահեռ սկսել է աշխատել Ամստերդամի համալսարանի բժշկական կենտրոնում, ուր տեղափոխվել են նրա ծնողները: Ութ տարեկանում նա ստացել է միջնակարգ կրթության վկայական՝ մաթեմատիկական գիտությունների թեքումով:
Այս տարվա մարտին Լորանն 9 տարեկանում ընդունվել է Էյնդհովենի համալսարանի էլեկտրատեխնիկայի համալսարանը և բակալավրի աշխատանք է գրել կես տարում երեք տարվա փոխարեն:
Ծրագրված էր, որ պատանի վունդերկինդը բակալավրի դիպլոմը կպաշտպանի մինչև դեկտեմբերի 26-ը՝ մինչև 10 տարեկան դառնալը: Այդ դեպքում նա կխլեր առաջնության դափնին ամերիկացի Մայքլ Կարնիից, որը Ալաբամայի համալսարանի շրջանավարտ է դարձել 10 տարեկան հասակում:
Սակայն վերջին պահին ուսումնական հաստատության ղեկավարությունը հայտարարել է, որ մինչև ծննդյան օրն ուսումն ավարտելը իրատեսական չէ և տղայի ծնողների հետ տարաձայնություններ են առաջացել գրաֆիկի առումով: «Ծնողները չեն համաձայնել մեզ հետ, և մենք ցավում ենք դրա համար»,- ասված է բուհի ղեկավարության հայտարարության մեջ:
Լորանի ծնողները որոշել են հետ վերցնել փաստաթղթերը: Ինքը՝ տղան, ինստագրամում գրել է, որ բուհի ղեկավարությունը փորձում է մոլորեցնել հասարակությանը: «Համալսարանն ասել է մամուլին, որ ես կավարտեմ ուսումը մինչև տարվա վերջը: Իսկ հիմա հանկարծ հայտարարում է, որ դա տեղի կունենա 2020 թ. կեսերին: Մի՞թե Էյնդհովենի համալսարանը ցանկանում է խաբել բոլորին»,- գրել է տղան: