Հայերեն   English   Русский  

«Հրապարակ».Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստա­նի վարչապետի քմահաճույքներին. Ռ. Քոչարյան


  
դիտումներ: 323

«Հրապարակ»-ը օրեր առաջ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ստացել դրանց պատասխանները։ Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:

Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլեւս դուրս են եկել իրավական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործի քննությունը։

Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային է եւ ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի եւ թե՛ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ: Սրան ավելացրեք նաեւ դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրա կոպիտ եւ անթաքույց ճնշումը: Իմ կալանավորման մասին խայտառակ հեռախոսազրույցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը եւ այդ որոշմանը հաջորդած ՍԴ-ի եւ նրա նախագահի հանդեպ հարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանավորումները եւ նրա ընտանիքի անդամների շանտաժը, եւ սա իշխանությունների կողմից ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների ամենեւին ամբողջական ցանկը չէ: Վստահ եմ, որ բոլոր այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի:

Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ: Սակայն, հաշվի առնելով իրավական ամենաթողությունը, ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:

Հասարակության մի շերտ շարունակում է մեղադրել Ձեզ, դեմ է Ձեր կալանքը վերացնելուն։ Այդ տրամադրություններն ինչո՞վ եք բացատրում՝ միմիայն գործող իշխանությունների վարած քաղաքականությա՞մբ, թե՞ Ձեր նախկին գործունեության մեջ էլ եք փնտրում պատճառները։ Ձեր կարծիքով, այդ վերաբերմունքի ո՞ր մասն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ եւ ուղղորդված։ Ի՞նչ է անում Ձեր թիմն այս էմոցիաներն ու իրավական գործընթացն իրարից տարանջատելու համար։

Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է: Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից: Դա իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների եւ պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին եւ կփռենք ասֆալտին» բանաձեւը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության եւ ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին:

Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է եւ լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետեւանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին եւ ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել:

Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է եւ արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես:

Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման եւ վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է:

2018-ի դեպքերից հետո շատ դժվարությամբ է հայաստանյան քաղաքական դաշտը վերակառուցվում։ Փաստ է, որ ընդդիմադիր դաշտը կազմավորված չէ։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, եւ ի՞նչ է պետք անել, որ երկրում ուժեղ ընդդիմություն ձեւավորվի։

2018-ի ապրիլին տեղի ունեցած եւ իշխանափոխության բերած մասսայական ցույցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, եւ հասարակությանը ժամանակ էր պետք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Էյֆորիան եւ դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, եւ հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձեւավորում է ընթանում:

Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ եւ ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի եւ գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության եւ տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ: Առավել ակտիվները եւ աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ: Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաեւ խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ:

Ձեր ազատ արձակման ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ բացառապես քաղաքակա՞ն պայքարի միջոցով, թե՞ կարծում եք, որ իրավական ուղին դեռ սպառված չէ։ Ինչո՞ւ միջազգային կառույցները, ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, ՌԴ իշխանությունները, արեւմտյան գերտերությունները չեն փորձում միջամտել Ձեր ճակատագրի հարցում։

Եվրոպական կազմակերպություններն ավանդականորեն դանդաղկոտ են եւ արագանում են միայն խոշտանգումների եւ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող վտանգների պարագայում: Դրա հետ մեկտեղ, նրանց ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարյուն իշխանափոխություն էր եւ ժողովրդավարական էություն չունի: Կարծում եմ, որ շուտով մենք կլսենք նաեւ եվրոպացիներին, քանի որ իշխանությունների գործողություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները: Ռուսաստանը բազմիցս եւ բավականին պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տեղի ունեցողին:

-Կարելի՞ է արդարություն ակնկալել Հայաստանի դատարաններից:

Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճա­նը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարա­դատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնա­հատում:

Կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին: Իհարկե, կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտա­կան պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: Իմ հարցով դրական որո­շումներն ընդունվել են հենց այդպի­սի դատավորների կողմից՝ ի հակա­ռակ դատախազական բեսպրեդելի:

-Հայաստանում իրավական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում: Միայն Սահմանադրա­կան դատարանի և նրա նախա­գահի դեմ ձեռնարկված արշավը նախկինում բավարար կլիներ, որ իրավապաշտպանները խիստ հայտարարություններ անեին, մի­ջազգային հստակ արձագանք լի­ներ: Ինչո՞վ եք բացատրում քաղա­քացիական հասարակության այս ինֆանտիլությունը: Ինչպե՞ս փոխել իրավիճակն այս հարցում:

Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից:

-Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի: Ինչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի:

Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզամիտ բանաձև: Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան:

Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի):

Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից:

Ընդ որում, Արցախը պարտա­վոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:

Իշխանության հռչակված իրա­վահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նա­խագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը:

Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառա­վարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ:

Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստա­նի վարչապետի քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձե­րին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: