Հայերեն   English   Русский  

Այսօր լեռների միջազգային օրն է. Արարատվածները...


  
դիտումներ: 1075

Դեկտեմբերի 11-ին նշվում է Լեռների միջազգային օրը: Թեմայի շրջանակներում զրուցել ենք Հայկական աշխարհագրական նախագծի (Armenian Geographic) ղեկավար Տիգրան Վարագի հետ՝

շեշտը դնելով Պատմական Հայաստանի տարածքում իրականացված վերելքների և հատկապես Արարատ լեռան բարձունքի հաղթահարման վրա:

-Տիգրան, մեր զրույցը սկսենք Հայկական աշխարhագրական նախագծի առանձնահատկություններից, մանավանդ որ այն դեկտեմբերի 17-ին կդառնա արդեն 7 տարեկան:

Արարատվածները

-Նախագիծն, այո, ստեղծվել է 2012-ի դեկտեմբերի 17-ին: Այս ընթացքում բազմաթիվ բացահայտումներ ենք արել Հայաստանում՝ զարգացնելով աշխարհագրական տուրիզմը: Մեր առանձնահատկությունը նրանում է, որ շեշտն ի սկզբանե դրեցինք ոչ թե պատմամշակութային հուշարձաններ այցելելու, այլ դեպի լեռներ արշավելու վրա, այսինքն՝ ուղղությունը փոխեցինք դեպի Հայաստանի բնություն ու աշխարհագրություն: Այս տարիներին հազարավոր նոր մարդիկ հարյուրավոր նոր տարածքներ են իրենց համար բացահայտել մեր արշավների ընթացքում:

2019-ին, որպես այդ ամենի ապացույց, լույս տեսավ իր տեսակի մեջ եզակի «Հայաստանի լեռները» խորագրով իմ գիրքը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Մենք բարձրացել ենք Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները, և այդ ամենն ամփոփված է գրքում տեղեկատվության ու լուսանկարների զուգակցությամբ: Այն հանրագիտարանի արժեք ունի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են զբաղվել լեռնագնացությամբ: Լեռնային զբոսաշրջիկներն, օրինակ՝ կարող են այս գրքի օգնությամբ ճշտել, թե Հայաստանի իրենց հետաքրքրող մարզում ինչ լեռներ կան: Գրքում տրված են բոլոր երթուղիները: Դրանք անվճար տեղադրել ենք նաև համացանցում:

-Երբվանի՞ց սկսեցիք արշավներ իրականացնել դեպի Արևմտյան Հայաստան:

-2014-ին առաջին անգամ բարձրացել ենք Արարատ: Դա վաղեմի երազանք էր, որ վերջապես իրագործեցինք՝ հետագայում կազմակերպելով բազում վերելքներ արդեն նոր խմբերի հետ: Այս տարի, օրինակ՝ հինգ խմբի ենք ուղեկցել դեպի Արարատի գագաթ: Նշեմ, որ Արևմտյան Հայաստանի տուրիզմի առումով էլ մեր ուղղությունները զարգացրինք: Եթե մինչ այդ Հայաստանի զբոսաշրջային ընկերությունները մարդկանց հիմնականում տանում էին Անի, Կարս, Բայազետ, Վան և այլուր, ապա մենք գնացել ենք միայն լեռներ: Պարզապես այսպիսի մի նրբություն կա դեպի Արևմտյան Հայաստան կազմակերպած մեր արշավների առումով: Հիմնականում գնում ենք ընկերական խմբով, այն մարդկանց հետ, որոնք մեզ հետ տարիներ շարունակ արշավել են ողջ Հայաստանի տարածքով, գտնվում են լավ մարզավիճակում և այժմ էլ նպատակ ունեն ուսումնասիրել արդեն Պատմական Հայաստանի լեռները: Ճիշտ մասնակիցների ընտրությունը միշտ կարևոր է: Հատկապես բարդ արշավների ժամանակ մարդիկ պիտի քեզ պես հետաքրքված լինեն այդ ամենով՝ հստակ գիտակցելով, թե ուր են գնում: Արդյունքում այժմ ես նաև աշխատում եմ իմ նոր գրքի ՝ «Հայկական լեռնաշխարհ»-ի վրա, որն արդեն ավելի լայն ընդգրկում ունի: Ներկայացնելու է Հայկական լեռնաշխարհի հայտնի ու անհայտ գագաթները:

-Արդյոք միայն ֆիզիկական պատրաստվածությունը բավարա՞ր է Արարատ լեռան բարձունքին հասնելու համար:

Արարատվածները

-Նախ ասեմ, որ մեծ է Արարատ բարձրանալ ցանկացողների թիվը՝ պայմանավորված նրանով, որ եթե աշխարհի այլ երկրներում ապրող մարդկանց համար դա հերթական 5000-մետրանոց լեռն է, ապա հայերիս համար այն «անհաս փառքի ճամփա» է: Դրա համար Արարատ բարձրացողների խմբում լինում են շատ մարդիկ, որոնք ընդհանրապես լեռնագնացության հետ կապ չունեն: Նրանք երբեմն գալիս են դրսից, ու վերելքից առաջ հնարավորություն չի լինում ստուգելու, թե ինչ մարզավիճակում են գտնվում: Ուստի նախօրոք հորդորում ենք զբաղվել սպորտով: Իրականում Արարատը միջին բարդության լեռ է, և միջին ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարդը կարող է այն բարձրանալ, ուղղակի պիտի պատրաստվել հոգեպես, ֆիզիկապես և ունենալ լավ հանդերձանք: Եթե չեղավ գագաթին հասնելու մեծ ցանկությունը, ֆիզիկականը չի ների:

-Լինու՞մ են մասնակիցներ, որ չեն հաղթահարում բարձունքը:

-Մենք երեք օր ենք բարձրանում Արարատի գագաթ և ընթացքում ունենում ենք ճամբարներ: Առաջին օրը բարձրանում ենք մինչև 3200 մետր և գիշերը մնում ենք ճամբարում: Երկրորդ օրը հասնում ենք 4200 մետրի և կրկին գիշերում ճամբարում: Երրորդ օրը նոր հաղթահարում ենք բարձունքը: Մինչև 4200 մետր բոլորն են բարձրանում, իսկ դրանից հետո որոշ մարդիկ արդեն ունենում են ֆիզիկական դժվարություններ և մնում են ճամբարում: Ըստ մեր վիճակագրության՝ Արարատի բարձունքը չեն հաղթահարում մասնակիցների տասը տոկոսը միայն: Հենց նրանք, որոնք կյանքում առաջին անգամ որոշում են լեռ բարձրանալ, և դա լինում է Արարատը:

Արարատվածները

-Ինչպե՞ս է փոխվում հայ մարդու կյանքը Արարատ լեռը բարձրանալուց հետո:

-Մենք ի սկզբանե կարգախոս ունեինք՝ երբ կյանքդ փոխվում է 5165-ով: Եվ դա իրապես այդպես է: Հայերը սարից իջնում են արդեն արարատված: Դա սովորական լեռ չէ, որ բարձրանում ես: Այդ ընթացքում կարծես մտովի հետ ես գնում, փորձում հասկանալ շատ պատմական իրադարձություններ, մանավանդ, որ այդ ողջ ընթացքն անցնում է քրդերի ուղեկցությամբ: Բոլոր ծառայությունները նրանք են մատուցում, ինչն ուղղակի անխուսափելի է: Եվ երբ արդեն Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթին ես, ինչ-որ մի բան անպայման փոխվում է մեջդ: Դրա համար վերջին շրջանում մեր նախագծի բլոգում սկսեցինք վարել «Արարատվածներ» շարքը, որտեղ Արարատ բարձրացած մեր մասնակիցները պատմում են իրենց սպասելիքների և հոգում կատարված փոփոխությունների մասին:

-Դուք ամեն տարի՝ նախագծի ստեղծման օրը, միջոցառում եք կազմակերպում, որի ընթացքում կարծես ամփոփում եք անցնող տարին:

-Դեկտեմբերի 17-ին անցկացվող այդ միջոցառման ժամանակ մենք և´ ամփոփում ենք տարին՝ ներկայացնելով ողջ տարվա մեր գործունեությունը, և´ հանդիպում մարդկանց հետ արշավից դուրս: Հիմնականում ներկա են լինում այն մարդիկ, որոնք տարվա ընթացքում մեզ հետ արշավների են գալիս: Բայց միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Նրանք այդ օրը բավական տեղեկատվություն են ստանում Հայաստանի մասին և դիտում տեսանյութեր մեր արշավներից: Այս մթնոլորտն էլ օգնում է, որ նախագծին անծանոթ մարդիկ մեզ հետ արշավներ գալու որոշում կայացնեն:

Արարատվածները

Այդ օրը ես նաև ներկայացնում եմ հաջորդ տարվա Արարատի վերելքներից որոշ տվյալներ, բայց, իհարկե, ավելի մանրամասն այդ ամենի մասին խոսում եմ յուրաքանչյուր վերելքից մեկ ամիս առաջ, երբ բոլոր մասնակիցներն արդեն հստակ են: Նաև պլաստիկ զեղչի քարտերի տեսքով նվերներ ենք ունենում բոլոր նրանց, որոնք հենց միջոցառման օրն են գրանցվում Արարատի վերելքին:

Մյուս տարվա համար նախատեսել ենք ավելի շատ վերելքներ Հայկական լեռնաշխարհի տարածքում, այսինքն՝ ժամանակակից Թուրքիայի, որովհետև ՀՀ-ում հիմնական ծրագրված արշավներն արդեն իսկ իրականացրել ենք:

-Բացի Արարատից՝ Արևմտյան Հայաստանում ի՞նչ այլ լեռներ եք բարձրացել: Եվ արդյոք այդ արշավների ընթացքում չե՞ք հանդիպում խոչընդոտների:

-Բարձրացել ենք Վարագ, Բարդող, Արտոս, Ծովասար, Մարաթուկ, Սուկավետ և այլ պատմական լեռներ, որոնց գագաթին ոչ մի հայկական խումբ, անգամ անհատ հայ չի բարձրացել: Հայկական ոչ մի խումբ տեղեկատվություն չի տալիս այդ լեռների մասին:

Խոչընդոտներ, իհարկե, լինում են, և հիմնականում այն ժամանակ, երբ լարվում են թուրք-քրդական հարաբերությունները: Այսինքն՝ խնդիրը պայմանավորված է ոչ թե հայերով, այլ պարբերաբար սրվող թուրք-քրդական խնդիրներով, քաղաքներում, գյուղերում, սարերում կամ ճանապարհներին իրականացվող ահաբեկչական գործողություններով: Արդյունքում ոստիկաններն ուղղակի փակում են տվյալ տարածքներն ու արգելում բոլոր զբոսաշրջիկների մուտքը:

Արարատվածները

-Ձեր ՖԲ էջում միշտ հարուստ տեղեկատվական նյութ կա ոլորտի մասին: Կարևորու՞մ եք այդ հարթակը:

-Առանց դրա ուղղակի հնարավոր չէ, որովհետև այդպես բոլոր ձեռքբերումներդ, արածդ գործերը կարողանում ես փոխանցել մեծ թվով մարդկանց: Իսկ երբ հասկանում ես, որ դա նրանց հետաքրքիր է, ավելի ոգևորված ես աշխատում:

-Հայաստանում ինչպե՞ս է նշվում Լեռների միջազգային օրը:

-Մենք ավելի շատ նշում ենք Հայաստանի լեռների օրը՝ հոկտեմբերի 9-ը, երբ Խաչատուր Աբովյանը բարձրացավ Արարատի գագաթ: Իսկ արդեն Լեռների միջազգային օրը նշում է ամբողջ աշխարհը:

-Տիգրան, ի՞նչ խոհերով կամփոփեք զրույցը:

-Մարդիկ արշավ ասելով հասկանում են կրոնական տուրիզմը կամ տարատեսակ էքսկուրսիաները դեպի պատմամշակութային հուշարձաններ: Ես միշտ ցանկացել եմ առանձնացնել արշավ հասկացությունը, որ խստորեն առնչվում է բնությանը, լեռներին: Արշավների մասնակցում են բնություն սիրող, քայլել սիրող մարդիկ: Այդ մարդիկ հաճախ իրենց ողջ շաբաթվա ծանր աշխատանքային գրաֆիկից հետո ցանկանում են ֆիզիկական ակտիվություն դրսևորել, նոր բաներ տեսնել ու սովորել:

Արարատվածները

Դրա համար ենք մենք նման միմյանց: Մեզ միավորում են մեր ընդհանուր զրուցելու թեմաները լեռ բարձրանալու ընթացքում: Այն մարդը, որ գալիս է իբր հայրենասիրական զգացումներով և ամեն քարի տակ սկսում նկարվել, հաստատ մյուս մասնակիցների հայացքներից հասկանում է, որ դրա համար չենք հավաքվել: Արդյունքում կամ ինքը փոխվում է կամ էլ այլևս չի գալիս մեզ հետ արշավի: Եվ ընդհանրապես մեզ մոտ մի տարածված միտում էլ կար. լեռ բարձրանալը միշտ ուխտի հետ էին կապում: Այնինչ, ամբողջ աշխարհում դեպի լեռներ կատարած արշավները ֆիզիկական ակտիվության արտահայտություն են, մաքուր օդի պահանջ, քայլելու, երկիրը ճանաչելու, նոր ընկերներ ձեռք բերելու հնարավորություն:

Ես մարդկանց միշտ նույն բանն եմ ասում: Նրանք պիտի իրենց հարմարավետության գոտուց դուրս գան և մի օր քայլ անեն՝ գնան սարեր ու գտնեն իրենք իրենց: Ընդամենը մեկ անգամը լրիվ բավարար է: Դրանից հետո կամ չես շարունակում կամ ձեռք ես բերում բոլորովին նոր օգտակար զբաղմունք...

Արփի Խաչատրյան





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: