Հայերեն   English   Русский  

Ալեն Սիմոնյանը հանրապետական նախկին պատգամավորների հետ զրույցից գաղտնիք բացեց


  
դիտումներ: 75

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը 2018-ի հոկտեմբերի 2-ի իրադարձություններին առնչվող գաղտնիք բացեց` նշելով, որ դրանից առաջ ՀՀԿ-ական երկու պատգամավոր իրեն նախազգուշացրել են, որ ինչ-որ բան է տեղի ունենալու:

«Ուզում եմ գաղտնիք բացել: Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տեղի էր ունենում խորհրդարանի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին հրավիրված էի նաև ես: Եվ այնտեղ Հանրապետական կուսակցության այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը` ոչինչ քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, բայց հիմա դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե մի քանի օր անց ինչ կլինի»,-ասաց Սիմոնյանը:

Նա նշեց` այդ ժամանակ ինքը չի հասկացել, թե ինչի մասին է խոսքը, սակայն հետո դրան հաջորդել են անցյալ տարվա հոկտեմբերի 2-ի իրադարձությունները, որոնց ժամանակ, Սիմոնյանի գնահատմամբ, փորձ արվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր Հայաստանում:

Ազգային ժողովը 2018-ի հոկտեմբերին ժամը 19:30-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել էր Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: ԱԺ-ն նախագիծն ընդունել էր բողոքի ցույցերի ներքո: ԱԺ նիստի ընթացքում խորհրդարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ, լսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը, հավաքվել են իրենց բողոքն արտահայտելու այդ նախագծի դեմ: Քվեարկությունն իրականացվել էր ոչ քարտերով, այլ ձեռքով: Նախագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: