Հայերեն   English   Русский  

Ովքեր են Փաշինյանի հանձնարարած երգի հեղինակները


  
դիտումներ: 177

Համաշխարհային ամանորյա հիթերին գերազանցող հայկական երգի հեղինակներն են Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբինյանը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։

«Շատ հետաքրքիր տոնական երգ են գրել «Երևան 2020»–ի համար»,– ասաց փոխքաղաքապետը։

Երգի պրեմիերան, նրա խոսքով, կկայանա դեկտեմբերի 31-ին, 22։00-ից հետո։

«Երևան 2020» տոնական միջոցառումների ծրագիրը կբացեն հայ արտիստները, իսկ կեսգիշերից հետո կշարունակի Գորան Բրեգովիչը։

Գարիկի ու Սոնայի նոր երգը ամանորյա հիթերը հայաֆիկացնելու միակ քայլը չէ։ Վիրաբյանը հայտնեց, որ համաշխարհային հիթերի հայաֆիկացված ու հայկական գործիքավորմամբ մյուզիքլ կներկայացվի նաև դեկտեմբերի 20-ին, 20։ 00–ից հետո, երբ կվառվեն Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը։

«Ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք ունենանք ոչ թե ամանորյա ծրագիր, այլ բովանդակային բարձրաճաշակ, մշակութային ծրագիր, որն իրենից ներկայացնում է ամանորյա մյուզիքլ»,– ասաց նա։

Տոնական միջոցառումներն ու ամանորյա տոնավաճառը կշարունակվեն մինչև հունվարի 13-ը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Facebook–ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` խնդիր է դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի։ Նրա խոսքով` Ամանորի համաշխարհային հիթերը հայկական երգերով փոխարինելու պրոցեսը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև դրանք այնքան պոպուլյար դառնան, որքան Jingle Bells–ը։

Վարչապետը հայտնել էր, որ Ամանորին նվիրված մեկ երգ արդեն գրվել է։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: