Հայերեն   English   Русский  

Նկարչուհի Անուշ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը՝ «Ալբերտ և Թովե Բոյաջյան» պատկերասրահում


  
դիտումներ: 272

Դեկտեմբերի 3-10-ը «Ալբերտ եւ Թովե Բոյաջյան» արտ-պատկերասրահում տեղի ունեցավ նկարիչ Անուշ Առաքելյանի աշխատանքների ցուցահանդեսը, որը գեղանկարչությունը գնահատողների համար դարձավ իրադարձություն:

Անուշ Առաքելյանը, որը երրորդ սերնդի նկարիչ է, մշտապես ստեղծագործական որոնումների մեջ է. աշխարհում իմաստների, կապերի ու խորհրդանիշների եւ դրանք կտավին փոխանցելու ձեւերի որոնումների:

Այս որոնումն արտացոլված է ներկայացված նկարներում, որոնք ցուցադրում են նկարչի էվոլյուցիան, նրա ստեղծագործության թեմաների բազմակերպությունը եւ միաժամանակ իրար նման օբյեկտներին մոտեցումների բազմակերպությունը, որոնք պատկերվել են միանգամայն տարբեր եղանակներով:

Իրեն չսահմանափակելով ժանրի կամ ուղղության շրջանակով՝ նա ամեն անգամ ընտրում է նկարի մտահղացմանը առավել համապատասխանող մոտեցում: Դու ձեւերի հստակությունից անցում ես կատարում լուսագրությանը, դեկորատիվ զարդանկարի հետեւում հայտնաբերում ես մտահղացման խստությունը ու կերպարի հստակությունը եւ կարող ես դուրս նայել նկարազարդված պատուհանից՝ հայտնաբերելու համար, որ դրա հետեւում գտնվող քանդակը տեղափոխվել է պատուհանագոգի վրա՝ դառնալով ներքին, այլ ոչ արտաքին տարածքի մասը, եւ անցնել նկարազարդված դռնով, որի հետեւում երջանկությունն է:

Նկարչուհի Անուշ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը՝ «Ալբերտ և Թովե Բոյաջյան» պատկերասրահում

Ցուցահանդեսում տեղ է հատկացվել նաեւ հրեշտակներին, որոնք Առաքելյանի նախորդ շրջանի ստեղծագործության նշանակալի թեման էին, որ լրացվել են Թերեզա Միրզոյանի մեկ քանդակով, որը ցուցադրված էր այս նույն պատկերասրահում կազմակերպված նրանց վերջին համատեղ ցուցահանդեսում:

Հրեշտակներն անցնում են հայացքիդ առջեւից՝ անհասանելի վեհապանծ եւ լի երկրային կարեկցանքով, հակադրություն կազմելով նաեւ միմյանց՝ նրանք իրենց լուսափայլով է՛լ ավելի են ստվերում զոհաբերության միագույն մռայլ անդունդը կամ վերջին շրջանի նկարների երկատվածության ողբերգությունը:

Անուշ Առաքելյանի ստեղծագործությանը ծանոթ արվեստասերի մոտ այն առաջին հերթին զուգգորդվում է հրեշտակների հետ: Հրեշտակները կամ ոգիները դիցաբանության մեջ խորհրդանշել են երկնքի ու երկրի, աստծո և մարդու կապը:

Այդ գաղափարը Անուշի համար դարձավ Մարդ-Աստված, Երկիր-Երկինք հակադրությունների և սեփական ինքնության շուրջ փիլիսոփայական մտորումների մեկնարկը: Սրան զուգահեռ, Անուշը շարունակում է նաև մշակել իր գեղանկարչական լեզուն, ոճը, որն իր համար ոչ սոսկ ձևի՝ մակերեսային խնդիր է, այլ նախ և առաջ՝ իր սեփական հոգու ներդաշնակության գրավականը: Այս անգամ նա հանդես է գալիս իր գաղափարի և գեղանկարչության մաքսիմալ հասունացման, ամբողջացման փուլում:

Առաքելյանի նկարների վերջին շարքն ակնհայտորեն կապված է նրա նախորդ նկարների հետ եւ միաժամանակ ոչ մի բանի նման չէ: Սուրճի գավաթից աճելով՝ այն ստեղծված է ընդամենը 2 հակադիր գույների օգտագործմամբ, որոնց միջոցով նկարչին հաջողվել է փոխանցել մեծաթիվ խորհրդանիշներ եւ կերպարներ, որոնք միահյուսվում են միմյանց, մեկը մյուսին աննկատելի են դառնում ու առանձնանում:

Նկարչուհի Անուշ Առաքելյանի անհատական ցուցահանդեսը՝ «Ալբերտ և Թովե Բոյաջյան» պատկերասրահում

Սեւ ֆոնին սպիտակ պատկերները եւ սպիտակին՝ սեւը, որոնց ընթերցման տեխնիկան, թվում է, մեր մեջ գենետիկորեն է դրվում, լրացնում ու պարզաբանում են, մեկը մյուսին ծածկում ու դուրս մղում, միմյանց հետ բազմաչափ խորհրդանշական կապի մեջ են հայտնվում եւ ամեն անգամ վերստին աշխարհում եւ հենց մեր մեջ ինչ-որ բան են բացահայտում:

Անուշ Առաքելյանի զարմանալի պատկերավոր տեսլականը եւ կապեր ու իմաստներ որոնելու նրա ունակությունն արտացոլվում է ոչ միայն գեղանկարչության մեջ, այլեւ բառերում: Ցուցահանդեսում տեղի ունեցավ նաեւ նկարչի «Նվեր: Հեքիաթներ եւ պատմություններ» հեքիաթների եւ պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:

Այս պատմությունները, ինչպես եւ Առաքելյանի նկարները, լեցուն են կյանքով ու գույներով, կախարդությամբ եւ անտեսանելի թելերով, որոնք կապում են մարդկանց եւ իրադարձությունները:

Անուշն, ով սերում է նշանավոր արվեստագետներ Սեդրակ և Առաքել Առաքելյանների և Թերեզա Միրզոյանի տոհմերից, արվեստի շունչն արյամբ է ժառանգել, և մի՞թե պատահականություն է արվեստի հոգևոր առաքելությանը հավատացող իր արվեստագետ-տեսակի ազգանվան արմատը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: