Հայերեն   English   Русский  

Վարչապետը շատ լավ գիտի, որ նախկինում տեր ունեցող դատավորն իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է. Ազարյան. 168


  
դիտումներ: 259

Մենք անկախ դատավորներ ունենք, անկախ դատական համակարգ՝ այսօրվա դրությամբ, չունենք: Այդ մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ պատասխանելով հարցին, թե անկախեն այսօր դատարանները:

Դիտարկմանը, թե իր կարծիքով ճնշումնե՞ր կան նա ասաց. «Իսկ ինչ-որ մի գիտակից անձնավորություն կա՞, որ կարծում է, որ ճնշումներ չկան: Իհարկե կան, բացահայտ ճնշումներ՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից: Ցանկացած իշխանության ձեռնտու է իրեն ենթարկվող դատական իշխանություն ունենալ, և ես չեմ զարմանում, որ նման կերպ են վարվում այսօրվա քաղաքական իշխանությունները, սակայն, իմ կարծիքով, ոչ ոք չէր սպասում նման բիրտ ճնշումների դատական համակարգի նկատմամբ»:

Հարցին, թե իր հանդեպ այժմ ճնշումներ իրականացվո՞ւմ են, Ազարյանը նշեց. «Հավատացեք, ես ինձ Ռեմբոյի տեղը չեմ դնում, բայց ինձ շատ դժվար է ճնշել, շա՜տ դժվար: Եվ ոչ միայն ես եմ այդպիսին. շատերս ենք: Դատական համակարգում կան դատավորներ, որոնց հիմա հնարավոր չէ ճնշել: Նախորդ իշխանության ժամանակ էլ են ճնշումներ եղել: Բացատրեմ, թե դրանք ինչում են կայացել: Դատավորը դատական ակտ է կայացնում: Ենթադրենք՝ նա ի օգուտ ամբաստանյալի դատական ակտ է կայացնում: Եղել են դեպքեր և շատ հաճախ, երբ զեկուցվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կամ թե դատախազության աշխատակցի կողմից, որ դատավորը եղել է այդ գործով կաշկանդված, դրա համար է նման որոշում կայացրել: Դրանից հետո սկսվում էին ստուգումներ ԱԱԾ-ի, Ոստիկանության միջոցով, պարզաբանումներ: Այսպիսի ճնշում կար: Ու Աստված չաներ, եթե ամբաստանյալի բարեկամներն ամբաստանյալի օգտին ինչ-որ գործողություն կատարելու համար մինչև գործը դատարան ուղարկելը մոտենային քննիչին, դատախազին: Այսինքն՝ քննիչն ու դատախազն արդեն գիտեին, որ այդ գործը, որ ես ուղարկում եմ դատարան, տեր ունի: Ամբաստանյալը տեր ունի: Եվ եթե դատավորն անաչառ որոշման հետևանքով դատական ակտ կայացներ, այդ դատավորը մեխանիկորեն հայտնվում էր հարվածի տակ: Այսպիսի ճնշումների մասին էր խոսքը»:

Հարցին, թե վքե՞ր են վարչապետի ասած «վնգստացող դատավորները», նա ասաց. « Իմ կարծիքով՝ պետք չէ վարչապետի այդ արտահայտությունը բառացի ընդունել, հասկանալ, որ ինչ-որ դատավորներ գնում են, պատի տակ նստում են ու շան նման վնգստում են: Կոնկրետ ինձ համար վնգստացող դատավորն այն դատավորն է, ով տեղի է տալիս քաղաքական իշխանության ճնշումներին, ով քաղաքական իշխանության պատվերներն է կատարում, ով իր խղճին, օրենքներին ու Սահմանադրությանը հակառակ դատական ակտեր է կայացնում: Նույն հաջողությամբ ինձ համար էլ ակնհայտ էր քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»՝ մասնավորապես՝ իմ և Դավիթ Գրիգորյանի որոշումներից հետո: Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, թե որոշ դատավորներ պատերի տակ վնգստալով՝ տերերին են ման գալիս, պետք է ասեմ, որ ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: