Հայերեն   English   Русский  

​«Սուսերով պար» -ի երևանյան մեծ պրեմիերան


  
դիտումներ: 1048

Ինչ պետք է զգա կոմպոզիտորը, որպեսզի ութ ժամվա ընթացքում ստեղծի այնպիսի նշանավոր գործ, ինչպիսին Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» է՝

սա է այն գլխավոր հարցը, որին փորձել է պատասխանել ռեժիսոր Յուսուպ Ռազիկովն իր նոր ֆիլմը ստեղծելիս:

Հայ մեծանուն կոմպոզիտորի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթել է հենց նրա աշխատանքը, որի արդյունքում էլ ստեղծվել է «Սուսերով պար» ֆիլմը: Այսօրվանից այն ցուցադրվելու է Հայաստանի բոլոր կինոթատրոններում:

Սինեմա Սթար Դալմա Գարդեն Մոլում երեկ` դեկտեմբերի 11-ին, կայացավ Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի մեծ պրեմիերան։

Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս Մեդիա» կինոընկերությունը։ Արամ Խաչատրյանի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթեց ռեժիսոր եւ սցենարիստ Յուսուպ Ռազիկովի աշխատանքը, ով բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է։

Մեր օրերում «Սուսերով պար» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության ամենահայտնի եւ ամենաշատը կատարվող գլուգործոցներից մեկը։ Յուսուպ Ռազիկովի խոսքերով նա իր առջեւ առաջադրանք չէր դրել նկարահանել դասական բայոպիկ. նրա ֆիլմում Խաչատրյանի կյանքից միայն 2 շաբաթ է։

Կարեւոր էր սյուժեում տեղավորել կարճ ժամանակահատված, որ հստակ երեւար դրամատիկ իրադրությունը եւ լայնորեն հայացք նետել կյանքի այդ փոքր հատվածին։

«Ես առաջարկեցի ցույց տալ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ մենք փորձեցինք տեղավորել այն խնդիրներն ու երեւույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։

Վերջինն ավելի կարեւոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,- շարունակում է Ռազիկովը։

Կարեւորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրամանի հիման վրա։ «Պար»-ը պլանավորված չէր ոչ լիբրետիստի կողմից, ոչ բալետմեյստերի կողմից եւ ոչ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերեւից»։

Թատրոնի տնօրինության հրամանը շատ ջղայնացրեց կոմպոզիտորին, ով ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել եւս մեկ պար՝ թվով հինգերորդը։ Էսթետիկայի տեսանկյունից կոմպոզիտորը գռեհիկություն համարեց երաժշտության հանդեպ նման վերաբերմունքը. «Այդ կերպ աշխարհի ամենահայտնի գործերից մեկը գրվել է ճնշման տակ»։

Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորում է ռուսաստանաբնակ դերասան Համբարձում Քաբանյանը: Ֆիլմի դիտումից հետո Յուսուպ Ռազիկովը եւ Համբարձում Քաբանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեցին, թե ինչպես է կատարվել գլխավոր դերակատարի ընտրությունը:

Ռազիկովը կատակով բացեց դերասանի գաղտնիքը՝ ասելով, որ նա անընդհատ «ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով գրել է իրեն եւ առաջարկել նկարահանվել:

Քասթինգի ավարտին ընտրությունը կանգ է առել երեք հայ դերասանների վրա՝ մեկը ԱՄՆ-ում ապրող, մյուս երկուսը՝ ՌԴ տարբեր քաղաքներում: Ի վերջո ընտրվել է Սոչիում բնակվող Համբարձում Քաբանյանը: Յուսուպ Ռազիկովը նկատեց, որ սկզբունքորեն նպատակադրված է եղել՝ Արամ Խաչատրյանի կերպարը մարմնավորող դերասանը անպայման պետք է հայ լինի: «Ես հայերին տարբերում եմ՝ անկախ ամեն ինչից»,- կատակեց նա:

Ֆիլմի նկարահանումներն անցել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մոլոտովի տարհանման տեսարանները նկարահանվել են Յարոսլավլում։ Այնտեղ նախօրոք կառուցվել են հյուրանոցի եւ շուկայի բոլոր դեկորացիաները։

Բալետային տեսարանները, թատրոնի ներսի, պաշտոնյա Պուշկովի այցի եւ մյուս էպիզոդիկ մասերը նկարահանվել են Երեւանում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Հայաստանի Ազգային Օպերայի եւ Բալետի թատրոնում, որը նկարահանող խմբի տրամադրության տակ ընդամենը 5 օրով էր։ Այդ օրերը բավականին անհանգիստ էին, քանի որ Երեւանի փողոցներում անցնում էր «Թավշյա հեղափոխությունը»։

«Մենք հայտնվել էինք հեղափոխության կիզակետում, չէինք քնում, քանի որ բոլորը փողոցում աղմկում էին։ Կոստյումներն ու ռեկվիզիտները բերելն ընդհանրապես անհնար էր, քանի որ փողոցները մարդաշատ էին ու փակ։ Դրսում Երեւանը հեղափոխություն էր անում, իսկ մենք ներսում ֆիլմ էինք նկարում։ Սակայն անսպասելի հեղափոխությունը հաղթեց։ Եվ դա հենց նույն օրն էր, երբ ավարտվեցին նկարահանումները։ Այնտեղ արդեն հաղթանակած ազդանշանները, փողոցներում տոնող միլիոնավոր մարդիկ, լեփ-լեցուն սրճարաններ»,- հիշում է Յուսուպ Ռազիկովը։

Դերերում հանդես են գալիս՝ Ալեքսանդր Կուզնեցովը, Ալեքսանդր Իլյին կրտսերը, Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկիյը: Օպերատորն է Յուրի Միխայլիշինը: Գլխավոր պրոդյուսերն է Ռուբեն Դիշդիշյանը:

Ֆիլմն այս տարի մասնակցել է Շանհայի 22-րդ միջազգային կինոփառատոնին, Ռուսական կինոյի «Պատուհան դեպի Եվրոպա» 28-րդ փառատոնին, «Ոսկե Ծիրան» 16-րդ Միջազգային կինոփառատոնին, երաժշտության եւ կինոյի միջազգային փառատոնին Հարավային Կորեայում: «Սուսերով պար»-ը «Մարս Մեդիա» կինոընկերության արտադրանքն է ՌԴ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Սուսերով պարը» Արամ Խաչատրյանը գրել է 8 ժամում. ընդամենը մեկ շաբաթից պետք է կայանար «Գայանեի» պրեմիերան, իսկ թատրոնի տնօրինությունն անընդհատ փոփոխություններ էր պահանջում, ավելին՝ ստիպում ու ճնշումներ գործադրում, որ երիտասարդ կոմպոզիտորը ևս մի պար ավելացներ բալետին։

Բարոյահոգեբանական ծանր իրավիճակում, փաստի առաջ կանգնած Արամ Խաչատրյանը գրում է «Սուսերով պարը»։ Ֆիլմում ստեղծված է կուսակցական մի կերպար, որը նման է Սալիերիին։ Ինչպես Սալիերին էր նախանձում Մոցարտին՝ միաժամանակ հիանալով նրա հանճարով, այնպես էլ կուսակցական պաշտոնյան է դավեր նյութում, անընդհատ սադրում, բայց միաժամանակ ապշում, թե ինչպես կարելի է այդքան հանճարեղ լինել, ինչպես Արամ Խաչատրյանն է։

Վերջում, իհարկե, տաղանդը հաղթում է ապաշնորհությանը, անգամ եթե այն կուսակցական հզոր աթոռին է բազմած, և «Սուսերով պարը» դառնում է «Գայանե» բալետի անքակտելի ու առանցքային հատվածներից մեկը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: