Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը հայոց բանակն է. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 69

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է այն հանգամանքը, որ վերջին 1.5 տարվա ընթացքում հայկական զինված ուժերում տեղի են ունեցել հսկայական փոփոխություններ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց պաշտպանության նախարարության 2020 թվականի բյուջետային հատկացումների վերաբերյալ խորհրդակցության ընթացքում:

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ անվտանգությունը բազմաբաղադրիչ գործոն է: Այստեղ և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ հոգեբանական, և՛ դիվանագիտական կոմպոնենտ կա, բայց, այնուամենայնիվ, մեր արձանագրումն է, որ Հայաստանի և Արցախի անվտանգության թիվ մեկ պաշտպանը զինված ուժերն են, հայոց բանակն է, և այս առումով կարևոր եմ համարում, որ վերջին 1.5 տարվա ընթացքում բանակում տեղի են ունենում հստակ փոփոխություններ:

Ի հեճուկս քաղաքական մի շարք շահարկումների, այս ընթացքում ձեռք է բերվել վերջին տարիների համար աննախադեպ ծավալի սպառազինություն: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ այդ սպառազինությունը մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմի, այլ խաղաղության համար, որովհետև, ցավոք, այն ագրեսիվ քաղաքականությանը, որ տարածաշրջանում վարում են մի շարք երկրներ, Հայաստանը պետք է հակակշռի զսպող քաղաքականությամբ, և մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում պաշտպանության ոլորտում, զինված ուժերի զարգացման բնագավառում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ սպառազինությունների ձեռքբերումը այս ոլորտում կառավարության վարած քաղաքականության մի հատվածն է ընդամենը:

«Ես շատ կարևոր եմ համարում, որ լրջագույն քայլեր են արվել զինված ուժերի ծառայողների ծառայության պայմանները բարելավելու, սոցիալական երաշխիքները մեծացնելու և ավելի գործուն դարձնելու ուղղությամբ, և այս ուղղությամբ նույնպես մենք մեր աշխատանքները շարունակելու ենք: Իհարկե, այս համատեքստում կան բազմաթիվ քննարկումներ, հրապարակումներ, քննադատություններ: Ես դրանք կբաժանեի երկու մասի: Առաջին՝ ցանկացած բարեփոխման գործընթաց միշտ էլ որոշակի անհարմարություններ և նույնիսկ հակազդեցություն է առաջացնում, և սա բնական մասն է: Բայց կա նաև երկրորդ հատվածը, որ իհարկե, մենք բոլոր քննադատություններին պետք է լինենք ուշադիր, որպեսզի այն բարեփոխումները և փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք իրենց բովանդակությամբ, կատարման որակով և արդյունքով 100 տոկոսով համապատասխան լինեն մեր մտադրություններին, մեր ցանկություններին և վերջնական նպատակներին»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: