Հայերեն   English   Русский  

​Հաշմանդամություն և հաշմանդամ ծնողներ ունեցող անձը կալանավորվել է


  
դիտումներ: 302

ankakh.com-ն արդեն անդրադարձել էր պատգամավոր Կարեն Սարուխանյանի ֆեյսբուքյան գրառումից հետո Գյումրիում զարգացած դեպքերին:

Պատգամավորն հայտարարել էր, որ երկու անձ մոտեցել են իր ընկերոջ, ծեծել և նույնը սպառնացել նաև իրեն: Սարուխանյանը նաև անուններ էր հրապարակել՝ Գյումրիում բիզնես գործունեություն ծավալող Շեկո անունով հայտնի Գարիկ Ուզունյանին մատնացույց անելով: Նրան ձերբակալել էին ոստիկանները: Իրավապահներին էր ներկայացել նաև Ուզունյանի ընկերը՝ Զոհրաբ Եսիմսեյտովը:

Նրանք 72 ժամ ձերբակալված պահելուց հետո առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից), և նույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետերով (Խուլիգանություն, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով): Այսօր արդեն նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գարիկ Ուզունյանի և Զոհրաբ Եսիմսեյտովի պաշտպան Արտակ Մովսիսյանը այս որոշումը բնութագրել է հետևյալ կերպ. ՛՛Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի կողմից կալանավորվեց հաշմանդամության 3-րդ կարգ և 1-ին, 3-րդ խմբի հաշմանդամ ծնողներ ունեցող պաշտանյալս, ում մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար: Իրավական պետությունում միջին ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող, առողջական խնդիրներ և հաշմանդամ ծնողներ ուենցող անձին կալանավորելը վկայում է մարդու անձնական ազատության իրավունքի, մարդասիրության սկզբունքի մասին իրավապահ մարմինների և արդարադատություն իրականացնող դատարանների խեղաթյուրված պատկերացումների մասին: Թույլ չենք տալու իրավական պրոցեսը վերածել նպատակահարմարությունների և քմահաճույքների բավարարման գործընթացի: Պաշտպանյալներիս կալանավորման փաստից հրճվողներին ֆրուստրացիա է սպասվում՛՛:

Հիշեցնենք, որ այս դեպքով երկու անձ՝ պատգամավորի ընկերը և նրա ընկերուհին, ճանաչվել են տուժող՝ մեկը մարմնական վնասվածքներ ստանալու, մյուսը՝ բարոյական վնաս ստանալու պատճառով:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: