Հանրային խորհրդում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը
Օրակարգային գլխավոր հարցը եղել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծի քննարկումը։
Հանձնաժողովի նիստին մասնակցել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, նախարարության Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գլխավոր մասնագետԱրսեն Հակոբյանը, Հանրային խորհրդի անդամ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Հանրային խորհրդի անդամներ Սմբատ Լպուտյանը, Արշակ Սադոյանը և ոլորտի փորձագետներ։
Հանձնաժողովն օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկել էր դեռևս հոկտեմբերի 1-ին, անդրադարձել նախագծի խնդրահարույց դրույթներին, իր մտահոգություններն ու առաջարկությունները ներկայացրել ԿԳՄՍ նախարարություն։
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ օրենքի նախագծում որոշ դրական փոփոխություններ արվել են, սակայն շատ մտահոգություններ դեռևս մնում են։
Հիմնական խնդիրներից մեկը, որը շարունակում է մնալ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի ու գործառույթների հարցն է։ Նախագծով Գիտությունների ազգային ակադեմիային միայն խորհրդատվություն տրամադրող ինքնակառավարվող մարմնի կարգավիճակ նախատեսելու հանգամանքը, ըստ հանձնաժողովի անդամների, նվազեցնում է ակադեմիայի դիրքն ու կարևորությունը։
Նախագծի խնդրհարույց դրույթներից մեկն էլ բուհերի և գիտական հիմնարկների կառավարման խորհուրդներում խորհրդի անդամների համամասնության հարցն է։ Ներկաները հատկապես բացասական են համարել բուհական կառավարման խորհուրդներում ընդամենը մեկ ուսանող ներառելու հնարավորությունը՝ նշելով, որ դա հակասում է բուհի ինքնավարության զարգացմանը և ուսանողակենտրոն համակարգի ամրապնդմանը։
Ներկաներն անդրադարձել են նաև գիտության ոլորտի մասին առանձին օրենք ընդունելու անհրաժեշտությանը և նշել, որ ներկայացված օրենքի նախագծում երկրորդ պլան է մղվել գիտությունը, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ գիտության ոլորտի համար։
Բարձրացվել է նաև օրենքի նախագծում որոշ ձևակերպումների և հասկացությունների սահմանումների բացակայության հարցը, գիտական աստիճանաշնորհման և կոչումների համակարգում առաջարկվող փոփոխություններում առկա խնդրահարույց դրույթները և այլն։
Նախարարության ներկայացուցիչները բարձրացված հարցերի ու խնդիրների վերաբերյալ ներկայացրել են պարզաբանումներ, պատրաստակամություն հայտնել լրացուցիչ քննարկել ներկայացված մտահոգություններն ու առաջարկությունները՝ կարևորելով այս քննարկումը նախագծի մշակման աշխատանքներն ամբողջացնելու և վերջնական տեսքի բերելու առումով։