Հայերեն   English   Русский  

​Թաիլանդում տեղի է ունենում առաջին մեծ հանրահավաքը 2014 թվականի հեղաշրջումից հետո


  
դիտումներ: 492

Ընդդիմադիր Ապագայի կուսակցության հազարավոր կողմնակիցներ հավաքվել են այսօր Բանգոկի կենտրոնում, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը դեպքի վայրից: Իշխանությունների հետ չհամաձայնեցված ցույցը սկսվել է տեղի ժամանակով ժամը 17:00-ին (մեր ժամանակով՝ ժամը 12:00) և անցկացվել է MBK առևտրի կենտրոնի մոտ:

Ելույթ է ունեցել կուսակցության առաջնորդ Թհանաթհորն Չունգրունգրեանգքիթը: Նա հայտարարել է, որ «ներկայիս ցույցը սոսկ պայքարի սկիզբն է»: «Այսօր մենք ուժ ենք ցույց տալիս, որպեսզի ուրիշները կարողանան միանալ մեզ ապագայում: Այսօրվա միջոցառումը թեստային է հաջորդ ամիս տեղի ունենալիք լուրջ ցույցից առաջ»,- ասել է նա հավաքվածներին:

Հանրահավաքի մասնակիցների պաստառներին գրված են «Պահանջում ենք արդարություն» և «Արդարությունը օրենքի կամքն է» կարգախոսները: Հանրահավաքի շրջանում իսպառ բացակայում է կապն ինտերնետի հետ: Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի թղթակցի դիտարկումների, բացակայում են ոստիկանության խմբերը: Ավելի վաղ հաղորվում էր, որ հանրահավաքի ժամանակ մոտ 150 իրավապահ ապահովելու է անվտանգությունը:

Սա փաստորեն առաջին մեծ հանրահավաքն է 2014 թվականի հեղաշրջման ժամանակներից:

Նախօրեին Չունգրունգրեանգքիթը ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ թաի լեզվով հրավիրել է իր կողմնակիցներին հանդիպման, որպեսզի անհամաձայնություն հայտարարի ներկայիս իշխանությունների քաղաքականությանը: Պատճառը Թաիլանդի ընտրական հանձնաժողովի՝ Ապագայի կուսակցության արձակման նպատակով Սահմանադրական դատարան դիմելու որոշումն է: Նրա առաջնորդն իբրև թե անօրինական կերպով դրամական միջոցներ է տրամադրել իր կուսակցական միավորմանը: Նոյեմբերի 20-ին Սահմանադրական դատարանը Չունգրունգրեանգքիթին, որն այս տարի մինչ այդ հավակնում էր վարչապետի պաշտոնին, մեղավոր է ճանաչել ընտրությունների մասին օրենքը խախտելու համար և զրկել է նրան պատգամավորի կարգավիճակից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: