Հայերեն   English   Русский  

​Կրկին բախումներ Բեյրութում շիաների և ոստիկանության միջև


  
դիտումներ: 656

Լիբանանի մայրաքաղաքում՝ Նահատակների հրապարակում, շիաների կուսակցությունների կողմնակիցները կրկին ցուցարարների վրա հարձակվելու փորձ են արել։ Հարձակվողներին հետ են մղել դեպի «Ռինգ» կամուրջ, որտեղ բախումները շարունակվում են: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» հայտնել է տեղում մի խաղաղ ցուցարար։

«Շիա կուսակցությունների կողմնակիցներն այժմ քարեր են նետում ոստիկանության վրա և կրակում են հրավառության փամփուշտներով: Անվտանգության աշխատակիցները արցունքաբեր գազ են կիրառել, որպեսզի քշեն շիաներին խաղաղ ցույցի վայրից»,- պատմել է գործակալության զրուցակիցը:

Ոստիկանությունը անկարգություններ հրահրողներին քշել է Բեյրութի կենտրոնին մերձակա շիական թաղամասերի խորքերը։ Ագրեսիվ երիտասարդությունն իր հերթին բաժանվել է խմբերի և փորձում է շրջանցել ոստիկանական պատնեշներն ու կրկին քարեր նետել։

Ժամանել են բժիշների մի քանի բրիգադներ։ Ոստիկաններից մեկին տեղում օգնություն են ցուցաբերել, որին քարով հարվածել էին մեջքին։

Այն թաղամասերում, որտեղ թաքնվել են շիաները, բնակիչները ոստիկանությունից պահանջել են այլևս արցունքաբեր գազ չօգտագործել, քանի որ դրանից սովորական մարդիկ են տուժում։

Ուրբաթ օրը «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրուլան շիական կուսակցությունների կողմնակիցներին կոչ է արել «համբերությամբ լցվել» և անկարգություններ չկազմակերպել։ Նա նաև հայտարարել էր, որ այդ գործողությունները կապ չունեն կուսակցությունների և նրանց հրահանգների հետ։

Շիական կուսակցությունների կողմնակիցներն առաջին անգամ չէ, որ անկարգություններ են հրահրում։ Մի քանի օր առաջ Բեյրութի կենտրոնում անվտանգության ուժերի հետ բախումները մի քանի ժամ են տևել։ Նրանց մի քանի անգամ հաջողվել է հասնել խաղաղ ցուցարարներին, հրկիզել վրանները և ծեծի ենթարկել հանրահավաքի մասնակիցներին։ Հոկտեմբերի 29-ին ագրեսիվ տրամադրված մարդիկ հարձակվել են ոչ միայն խաղաղ ցուցարարների, այլև լրագրողների վրա։

Լիբանանում հակակառավարական ցույցերը սկսվել են հոկտեմբերի 17-ին։ Չնայած հոկտեմբերի 29-ին վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին՝ ընդվզումները երկրում չեն դադարել։ Լիբանանի ֆինանսական և տնտեսական վիճակը ճգնաժամային է։ Երկրի նախագահ Միշել Աունը դեռևս հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տառապում է ֆինանսական շրջափակումից և պատժամիջոցներից։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: