Հայերեն   English   Русский  

​Անցնող շաբաթը Հայաստանում


  
դիտումներ: 462

Անցնող շաբաթը նշանավորվեց լավ լուրով, որ եկավ դրսից, և բազմաթիվ անուրախ իրադարձություններով, որոնք, ինչպես միշտ, մատուցեցին իշխանության երեք ճյուղերը:

Yes. երկար սպասված լուր, որին արդեն չէինք սպասում

Շաբաթվա վերջին՝ դեկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, Հայ Դատի, ամերիկահայ համայնքի և ամերիկյան հայամետ լոբբիստական խմբերի տասնամյակներ ձգված ջանքերը պսակվեցին հաջողությամբ: Վերջապես Միացյալ Նահանգների Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Սա արդեն չորրորդ փորձն էր, որ ցույց տվեց՝ եթե համառ ես և հետևողական, մի օր անպայման հանգամանքներն այնպես կդասավորվեն, որ հաջողությունը կթակի դուռդ: Նախորդ երեք փորձերը խափանում էին այն սենատորները, որոնք Սպիտակ տան խնդրանքով վետո էին դնում բանաձևի վրա։ Այս անգամ հարցը ներկայացրին սենատորներ Ռոբերտ Մենենդեսն ու Թեդ Քրուզը, և փաստորեն կողմ քվեարկեցին նաև նրանք, որոնք մինչ այդ վետո էին դնում: Չափանց ազդեցիկ էր այն տեսարանը, թե ինչպես է սենատոր Մենենդեսը ելույթի ժամանակ զսպում արցունքները

Սա մեծ ուրախություն էր յուրաքանչյուր հայի համար, արդարության և ճշմարտության հաղթանակ, թեպետ բոլորն էլ հիանալի հասկանում էին, որ ամերիկացիներին ճշմարտությունը հայտնի էր դեռ տասնամյակներ առաջ, և հաղթանակը ձեռք բերվեց սոսկ հանգամանքների բերումով, պայմանավորված վերջին շրջանում ԱՄՆ–Թուրքիա հարաբերություններում առաջացած մի շարք խնդիրներով։ Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի առնչությամբ, խորացող ռուս–թուրքական հարաբերությունները ստիպեցին ԱՄՆ-ին վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Փաստացի ուժերի վերադասավորություն տեղի ունեցավ տարածաշրջանում, Թուրքիան շարունակեց ռուսական S-400 հակաօդային պաշտպանության կայանքների գնումը, և Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն անգամ չստիպեց նրան որոշ փոփոխություններ կատարել իր բռնած գծում:

Եվս մի լավ լուր եկավ Ստամբուլից, լավ այնքանով, որ վերջապես ավարտվեց Պոլսի պատրիարքի ընտրության երկար ձգված ոդիսականը, թեպետ համայնքում մնաց դժգոհությունն այն պատճառով, որ թուրքական կառավարության պարտադրած սահմանափակումների հետևանքով ստիպված են եղել ընտրություն կատարել միայն պատրիարքարանի միաբանների միջև: Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններում հաղթեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և դարձավ Հայ եկեղեցու նվիրապետական չորս աթոռներից մեկի 85–րդ գահակալը։

Հերթական քրեական գործերը

Շաբաթը սկսվեց մաքսային ծառայության 6 պաշտոնյայի և 2 քաղաքացու ձերբակալումով, որոնք չարաշահումներ են կատարել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում։

Մեղադրանք ներկայացվեց «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին, այն նույն գործով, որով անցած շաբաթ մեղադրանք էր առաջադրվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

Երեքշաբթի հայտնի դարձավ, որ Չեխիայի իրավապահ մարմինները բավարարել են Նարեկ Սարգսյանին (Սերժ Սարգսյանի եղբորորդին, որ հետախուզման մեջ էր և թաքնվում էր Ֆրանկլին Գոնսալես անվան տակ) արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:

Իսկ Սարգիս Օհանջանյանը, որ ազատազրկվել էր դատավոր Աննա Դանիբեկյանին հարց տալու համար, այն էլ կրկնելով երկրի վարչապետի արտահայտությունը, ազատ արձակվեց «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Չորեքշաբթի հայտնի դարձավ, որ ոստիկանության 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ: Ըստ այդ նյութերի՝ Հայրապետյանն իրեն պատկանող ընկերությունների աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և նորոգման աշխատանքներ և յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ:

Եվ հաջորդ օրը՝ առավոտից երեկո, ոստիկանության հատուկ ջոկատայինները խուզարկեցին նրա տունը։ Երբ Հայրապետյանին հարց տվեցին, թե ինչ են փնտրում իր տանը, նա պատասխանեց, որ չգիտի, և խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել նրան, ով «իջեցրել է պատվերը»: Հետագայում պարզ դարձավ, որ ԱԺ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ավելի վաղ զգուշացրել է Հայրապետյանին, որ գործ է նախապատրաստվում նրա դեմ և հորդորել է հեռանալ Հայաստանից: Հայրապետյանը հրապարակավ հայտարարեց, որ երբեք չի լքի Հայաստանը, և եթե պիտի ձերբակալեն, թող ձերբակալեն:

Առավել ուշագրավ էին խոսող վարչապետի մեկնաբանությունները հարուցված քրեական գործերի հանրային արձագանքների վերաբերյալ: (Կարծում ենք՝ հասկանալի է, թե ինչու ենք ընդունված «գործող» եզրույթի փոխարեն գործածում «խոսող» մակդիրը, քանի որ մեր վարչապետն անընդմեջ խոսում է և գործելու համար ժամանակ չի ունենում:)

Վարչապետին հիասթափեցրել են Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու արձագանքները, թե ինչ զավեշտ է, երրորդ նախագահին 400 միլիոն դրամի չարաշահման համար մեղադրանք է առաջադրվել։ «Ես հասկանում եմ, որ հանրապետությունում կան մարդիկ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների հայտերով կամ կառավարության, կամ վարչապետի կողմից հայտ է ներկաայցվում՝ խնդրում եմ մի քրեական գործ Սերժ Սարգսյանի նկատմամբ 400 միլիոն դրամի սահմաններում, և այս տրամաբանությամբ բխում է հաջորդ հարցը՝ ինչո՞ւ ես պատվիրել 400 միլիոնանոց, ոչ թե ասենք 4-միլիարդ դոլարանոց գործ»,- ասաց նա դեկտեմբերի 9-ին իր ելույթում «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովում:

Այդ ելույթից պարզ դարձավ նաև, որ նրան քաջ հայտնի են պետբյուջերի, այսինքն՝ հարկատուների հաշվին կառավարության անվերջանալի, երբեմն ապշեցնող շռայլությունների արձագանքները: Նա խոստովանեց, որ խորհրդարանում հնչեցրած իր հայտարարությունից հետո, թե ինքը պետբյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում, որոշակի դիսկոմֆորտ է զգում, քանի որ վստահ չէ, որ պետական բյուջեի միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ են ծախսվում: Եվ հավատացրեց, որ այդ հարցը նաև իր անձնական օրակարգում է: Որից հետո՝ նույն շաբաթվա ընթացքում, հայտնի դարձավ, որ կառավարությունը 271 մլն դրամ է տրամադրում ամանօրյա տոնակատարության համար (ինչ-որ համերգի, բրդուճների և նման բաների համար):

Եվս մի ինքնաբացարկ. իշխանության դատական ճյուղում որոշակի դասակարգում է տեղի ունենում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը, որով վերջինս կասկածի էր ենթարկել դատավորի անաչառությունը՝ վկայակոչելով մամուլի հրապարակումներ, որոնք դատավոր Պապոյանը հերքել էր և տեղեկացրել զրպարտության մասին։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը Պապոյանի ինքնաբացարկը պայմանավորեց դատական համակարգի նկատմամբ աննախադեպ ճնշմամբ։ «Դատավորները պետք է ընտրեն՝ կամ որոշում կայացնել, որը չպետք է ընդունեն խղճով, կամ ռիսկի դիմեն։ Ընտրությունը վատի ու ամենավատի միջև է»,- ասաց նա:

Ավելի ուշ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձանագրեց, որ չի հիշում որևէ դեպք, երբ որևէ հարցով, որևէ գործով 7 դատավոր ինքնաբացարկ հայտնած լինի. «Սա աննախադեպ բան է և լավագույն ցուցիչն է, թե ինչ վիճակում է իրավակարգը Հայաստանում և ինչ հրաշալի դատաիրավական բարեփոխումներ են իրականացնում մեր օրվա իշխանությունները»։

Հիշենք, որ այն օրից ի վեր, ինչ վարչապետն արեց հայտնի հայտարարությունը դատավորների մասին, հանրությունն ուզում է հասկանալ, թե ովքեր են հաճկատար՝ այսինքն «վնգստացող» դատավորները: Այդ հարցին հստակ պատասխան տվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ «Ինձ համար էլ ակնհայտ էին քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»՝ մասնավորապես՝ իմ և Դավիթ Գրիգորյանի որոշումներից հետո: Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, թե որոշ դատավորներ պատերի տակ վնգստալով՝ տերեր են ման գալիս, պետք է ասեմ, որ վարչապետը շատ լավ գիտի՝ այն դատավորը, որը տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է»,- ասել է նա «168 ժամ» թերթին անփոփելով՝ մենք անկախ դատավորներ ունենք, անկախ դատական համակարգ՝ ոչ:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն էլ արձանագրեց, որ դատավորները «հրետանու տակ» են թե՛ քաղաքական իշխանության, թե՛ ընդդիմադիրների կողմից։ Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի պես։

Այսպիսով, եթե ամփոփենք, ապա այժմ հայրենի դատական համակարգում երեք տեսակի դատավորներ կան: Առաջին՝ վնգստացող դատավորներ, ինչպես Արմեն Դանիելյանը և Աննա Դանիբեկյանը, չվնգստացող՝ ինչպես Ալեքսանդր Ազարյանը և Դավիթ Գրիգորյանը, և չվնգստացող, բայց ռիսկի չդիմող, ինչպես Մխիթար Պապոյանը:

Եվ, վերջապես, հեղափոխական իշխանությունների «թագն ու պասակը»: Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին բուռն քննարկումների բովում, հատուկ արագացված ընթացակարգով երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։ Կգնա՞ն սահմանադրականի դատավորները վաղաժամ թոշակի, լինի ինքնակամ թե ճնշումների տակ, այլ խոսքով՝ կհաջողվի՞ այսպիսով գործադիր իշխանությանը նվաճել դատական իշխանության վերջին անկախ և ամենակարևոր միջնաբերդը. ցույց կտա մոտ ապագան՝ եկող տարեսկիզբը: Բայց այսօր էլ հայտնի է, որ եթե դա հաջողվի, ապա հարկատուներս ստիպված կլինենք տարիներ շարունակ հարկ վճարել նաև այդ պաշտոնաթող դատավորներին վճարելու համար ոչինչ չանելու դիմաց, այն էլ՝ հարյուրմիլիոնավոր դրամներ:

Թե ինչ եղավ հետո, երբ…

Երկուշաբթի հայերենի իր չափազանց համեստ գիտելիքներով զարմացրեց իշխանական ընտանիքի անդամ, իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, երբ ելույթ էր ունենում Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի օգտին: Նա ասաց, որ ծխողները հասարակությունում «իզգոյ» պետք է դառնան և ներողություն խնդրեց այդ բառի հայերենը չիմանալու համար: Նրան հուշեցին, որից հետո նախ ասաց՝ «օտարանդի», ապա «վտարանդի»: Փաստորեն հայերեն էլ առանձնապես չգիտեր:

Հանրությունը դեռ զվարճանում էր այդ միջադեպի շնորհիվ, երբ ավելի արտառոց միջադեպ եղավ: Երբ կառավարությունը քննարկում էր քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որն ավելի խիստ պատասխանատվություն է նախատեսում բռնության կամ նույնիսկ բռնության կոչերի դեպքում, վարչապետը հավանաբար ծանրակշիռ և տպավորիչ օրինակ բերելու համար հիշեցրեց հայտնի դրոգապան Յագորի մի մուշտիի պատմությունը «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքից։ Թերևս այս օրինակն իրոք տպավորություն գործեր, եթե պատմվածքը չվերագրվեր Հովհաննես Թումանյանի գրչին: Հետագայում Փաշինյանն ուղիղ եթերով ներողություն խնդրեց Նար-Դոսից:

Անհնարին է ենթադրել՝ երջանկահիշատակ Նար-Դոսը նրան ներեց, թե ոչ, բայց հետագայում պարզվեց, որ ինքը՝ Փաշինյանը, չի ներելու իր իսկ ձևավորած կառավարության անգրագետ անդամներին, որոնց ուղարկած գրությունները կարդալիս ապշում է, թե սրանք «որ դասարանի կրթություն են ստացել»: Այս դեպքում էլ անհնարին է ենթադրել, թե նա ինչպես չի ներելու, քանի որ մեր խոսող վարչապետի խոսքը միշտ չէ, որ գործ է դառնում, իսկ եթե դառնում է, ապա շատ անկանխատեսելի դրսևորումով: Բայց մի՞թե անհնարին է ենթադրել, թե մեր հանրության մի հատվածը կփորձի՞ մտածել, թե ինչ եղավ հետո, երբ իրենց տված ձայներով իշխանության եկավ այս թիմը, որը, պարզվեց, ոչ միայն անփորձ է, այլև խայտառակ անգետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: