Հայերեն   English   Русский  

Հայկական բժշկական ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում


  
դիտումներ: 131

Հայկական բժշկական ինստիտուտն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Դեկտեմբերի 16-18-ին փորձագետներն արտաքին գնահատում կիրականացնեն ուսումնական հաստատությունում՝ դիտարկելով բուհի գործունեությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթներում։

Այցի ընթացքում փորձագետները հանդիպումներ կունենան բուհի վարչական ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի պատասխանատուների հետ, ինչպես նաև ուսանողների, ուսանողական կառույցների, շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրեն փաստաթղթերը, կդիտարկեն ռեսուրսները։

Հայկական բժշկական ինստիտուտում փորձաքննություն իրականացնող խմբի ղեկավարն է ՀՊՏՀ Կառավարման ամբիոնի դասախոս, ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Տիգրան Մնացականյանը։

Խմբի մյուս անդամներն են tropEd գլոբալ առողջապահության ոլորտի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային ցանցի գործադիր խորհրդի անդամ, Հայդելբերգի համալսարանի Հանրային առողջության ինստիտուտի դասընթացների համակարգող, հանրային առողջապահության ոլորտում գիտությունների թեկնածու Պաուլին Գրիսը, ԵՊՀ դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Փոլադյանը, ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արտեմ Գրիգորյանը, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Վաչե Ղարիբյանը։

Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։

Բուհի հավատարմագրման մասին որոշումը կայացնելու է Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով փորձագիտական զեկույցի, բուհի ինքնավերլուծության և թերությունների վերացման ծրագրի վրա։

Նշենք, որ ավելի վաղ բժշկական բուհերից արտաքին գնահատում են անցել Ավանդական բժշկության համալսարանը և Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ ԵՊԲՀ-ն, ի դեպ, 2015-ին է 4 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացել և այժմ երկրորդ անգամ է հավատարմագրվում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: