Հայերեն   English   Русский  

Արայիկ Խզմալյանը ներկայացրել է ժամանակակից արվեստի ոլորտում իրականացրած աշխատանքներն ու կարևոր ձեռքբերումները


  
դիտումներ: 906

Դեկտեմբերի 16-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Black box»-ում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը հանդես է եկել տարեկան ամփոփիչ ասուլիսով՝ ներկայացնելով ժամանակակից արվեստի ոլորտում իրականացրած աշխատանքներն ու կարևոր ձեռքբերումները:

Ներկայացնելով կատարած աշխատանքներն Ա. Խզմալյանն առաջին հերթին խոսել է կապիտալ ներդրումների մասին. «Կապիտալ ներդրումները ժամանակակից արվեստի ոլորտում հիմնականում ուղղվել են նախարարության ենթակայությամբ թատերական կառույցների հիմնանորոգումներին, տեխնիկական հագեցվածությանն ու անվտանգության համակարգի կատարելագործմանը: Տարվա կտրվածքով ամենամեծ ձեռքբերումը, թերևս, վերջնականապես Երևանի մնջախաղի պետական թատրոնի շենքի խնդրի լուծումն էր: Արդեն սկսվել են շինարարական աշխատանքները, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել թատերասեր հանրության և լրագրողների շրջանում: Թատրոնի հիմնանորոգման աշխատանքների համար այս տարի տրամադրվել է 46 243 400 դրամ, հաջորդ տարի՝ 166 373 000 դրամ: 3 տարվա փոխարեն՝ 1 տարվա ընթացքում կիրականացվեն բոլոր աշխատանքները»-, նշել է Ա. Խզմալյանը և հավելել, որ հատկացումներ են եղել նաև այլ թատրոնների մասով: Նրա խոսքով՝ Երևանի կամերային թատրոնը նոր մասնաշենք ունի, որը կիսակառույց վիճակում է, և պետբյուջեից 190 958 900 դրամ է հատկացվել, որպեսզի այն վերանորոգվի ու շենքի կառուցումն ավարտին հասցվի: Հայաստանի ազգային կինոկենտրոնի՝ Տերյան փողոցի վրա գտնվող շենքը նույնպես կվերանորոգվի, որի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հատկացվել է 4 243 100 դրամ: Մարզային թատրոնները, ըստ Խզմալյանի, նույնպես դուրս չեն մնացել. Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար տրամադրվել է 24 384 000 դրամ: Կվերանորոգվի նաև Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, ինչի համար էլ 13 611 000 դրամ է հատկացվել: Իսկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատան և ջերմամեխանիկական մասի արդիականացման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար՝ 650 000 դրամ: Ա. Սպենդիարյանի անվան oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի լուսավորության, ձայնային և բեմական մեխանիզմների վերազինման և արդիականացման համար՝ 12 000 000 դրամ: Երևանի պարարվեստի պետական քոլեջի նորոգման և երաժշտական գործիքների ձեռքբերման համար՝ 32 097 100 դրամ է հատկացվել: Խոսելով թատրոնների բովանդակային վերափոխման մասին Ա. Խզմալյանը նշել է, որ թատրոնների վերանորոգման և արդիականացմանը զուգահեռ թատերական օջախները պետք է նոր իմաստ ստանան և ծառայեցվեն նաև կրթական ծրագրերի իրականացմանը:

Հաջորդ կարևոր ձեռքբերումը Ա. Խզմալյանի նշմամբ վերաբերում է օրենսդրությանը, ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը, հուշագրերի ստորագրմանը: «Այս իմաստով, տարվա կարևորագույն ձեռքբերումը թերևս 2019 թվականի նոյեմբերի 2-ին ուժի մեջ մտած կառավարության 1422-Ն որոշման 33-րդ կետն է, որը վերաբերում է մշակութային և/կամ գեղարվեստաստեղծագործական միջոցառումների կազմակերպմանը, որն էապես դյուրացնում է ստեղծագործական աշխատանքների իրականացումը՝ պետական գնումներով պայմանավորված: Տարիներ շարունակ ստեղծագործական կառույցների տնօրենները մեծ խնդիրներ են ունեցել պետական գնումների համակարգի հետ կապված, որը ոլորտի տրամաբանությունից դուրս էր: Ֆինանսների նախարարության գործընկերների հետ լրամշակած փաստաթղթի արդյունքում, այժմ ստեղծագործական բաղադրիչ պարունակող բոլոր պետական գնումները կարող են անցկացվել մեկ անձի գնման ընթցակարգով»,- տեղեկացրել է նախարարի տեղակալը: Շարունակելով օրենսդրական բարեփոխումների թեման Ա. Խզմալյանը նշել է, որ ավարտվել են «Կինոյի մասին» օրենքի երկու նախագծերի մշակման աշխատանքները. առաջինը՝ անկախ կինոգործիչների համայնքի նախագիծն է, մյուսը՝ «Ոսկե ծիրանի» աշխատանքային խմբի: «Հիմա մենք պետք է գնանք այս երկու նախագծերի համադրման ճանապարհով՝ կազմելով մեկ ընդհանրական փաստաթուղթ: Սկսվել են նախագծերի համադրման, միասնական նախագծի ստեղծման աշխատանքները և դրա միջգերատեսչական քննարկումները»,- եզրափակել է Ա. Խզմալյանը:

Նախարարի տեղակալը հիշեցրել է, որ վերջերս Ազգային ժողովում հանդես է եկել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, որից հետո կազմվել է սոցիալական գովազդի համակարգի կատարելագործման առաջարկությունների փաթեթ, որի նպատակն է՝ ապահովել կենտրոնացված տեղեկատվական քաղաքականության իրականացումը, դրական գաղափարների գեներացումն ու դրանց ներթափանցումը հանրային կյանք:

Ոլորտի ներկայացուցիչների և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ մշակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թատերական և համերգային կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև թանգարաններ այցելելու համար տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր տրամադրելու կարգը, որով կատարելագործվել և առավել արդյունավետ է դարձել հաճախելիությունների կազմակերպման և վերահսկման համակարգը: Ա. Խզմալյանի տեղեկացմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչների հետ համագործակցությամբ լրամշակվել է հուշագրի դրույթները:

«Կատարողական արվեստների ոլորտում օրենսդրական բարեփոխումների փուլը մեկնարկել է հոկտեմբերի 18-19-ը Աղվերանում անցկացված «Արժեք և գին» երկօրյա աշխատաժողովով, որի շրջանակում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ների ղեկավարները, հանրային կապերի պատասխանատուները, մասնավոր հատվածից հրավիրված առաջատար մարքեթոլոգները, ֆինանսիստներն ու իրավաբանները համակողմանիորեն անդրադարձել են ոլորտային խնդիրներին: Համատեղ քննարկման արդյունքում դասակարգվել և վերլուծվել են ոլորտում առկա խնդիրները, մշակվել է ՊՈԱԿ-ների կառավարման համակարգի արդիականացման նախագիծը»,- ասել է Ա. Խզմալյանը և հավելել, որ նախաձեռնությանը միացել է Հայաստանում Բրիտանական Խորհուրդը, «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը:

«Կինոյի ոլորտի պատասխանատուները գնում են հուսադրող ճանապարհով՝ ոչ թե պետությունից մշտապես աջակցություն ակնկալելու, այլ ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով. մշակույթի ոլորտում նոր մշակույթ է ձևավորվում՝ օրենսդրական բարեփոխումների մշակման առումով: Սա պետք է լինի ուղենշային և օրինակելի՝ արվեստի մյուս ճյուղերի ներկայացուցիչների համար»,- խոսելով կինոարտադրության և կինոժառանգության ոլորտներում իրականացրած օրենսդրական բարեփոխումների մասին, նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ ազգային տաղավարով հանդես կգա Բեռլինի կինոփառատոնին կից կինոշուկայում: «Սա աննախադեպ հնարավորություն է միջազգային կապերի ընդլայնման, մասնավորապես՝ պրոդյուսերների համագործակցության հաստատման և եվրոպական կինոշուկայում դիրքավորվելու առումով: Նախագիծը հաստատվել է նոյեմբեր ամսին»,- ասել է նա:

Անդրադառնալով ֆիլմարտադրությանը, Ա. Խզմալյանը նշել է, որ կինոլորտի առողջացման մեկ ցուցանիշ ևս կա. դա այն է, որ հատկացվող պետական բյուջեի շուրջ 45%-ը տրվել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին:

«Ամփոփվել է նաև մի կարևոր նախաձեռնություն. ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծվում է միջազգային ճանաչում ունեցող ծագումով հայ կինոգործիչների հարթակ, որի նպատակն է Համահայկական կինոֆորումի ստեղծումը, նրանց օժանդակության միջազգային չափանիշների յուրացումն ու համագործակցության ընդլայնումը: Հաճախ ասում ենք, որ դրսում ունենք հարուստ ներուժ և մենք մեր հայրենակիցների հետ հրաշալի հնարավորություն կունենանք նոր ծրագրեր մշակելու, գաղափարներ գեներացնելու, նոր շուկաներ բացահայտելու»,- Ա. Խզմալյանի տեղեկացմամբ՝ առաջին հանդիպումը տեղի է ունեցել Երևանում, 2019 թ. դեկտեմբերի 14-16-ը:

ԿԳՄՍ նախարարությունը կինոլորտի ներկայացուցիչների հետ մշակել է նաև հայկական կինոժառանգության պահպանման, թվային վերականգնման ու հանրայնացման ծրագիր, որի շրջանակում 2020 թ., մասնավորապես՝ տեղի կունենան ցուցահանդեսներ Վաշինգտոնի ազգային պատկերասրահում, Հոնգ Կոնգի միջազգային կինոփառատոնում և Կոպենհագենի «Cinemateket» կինոթատրոնում։ Մյուս տարի «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի շրջանակում Հայաստանում կհյուրընկալենք կինոժառանգության վերականգնման մասնագետներ, կմշակենք կինոժառանգության վերականգնման ռազմավարությունը և կհանրայնացնենք»:

Գալով կրթական, ներառական ծրագրերին նախարարի տեղակալը ոգևորությամբ նշել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվել են այս ամիսների ընթացքում մեծ արդյունավետություն են ապահովել: «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նորաբաց բեմահարթակում հոկտեմբերին մեկնարկել է «Դասարան+Դասական» կրթական նախագիծը, որը 2020 թ. կդառնա համապետական: Վանաձորում տեղի է ունեցել «ՕԿՏԱՎԱ» նախագիծը, որի շրջանակում կազմակերպվել են հանդիպումներ մայրաքաղաքի ճանաչված արվեստագետների հետ: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» ներառական երաժշտական փառատոնը՝ հայ անվանի երաժիշտների մասնակցությամբ /Ռ. Հախվերդյան, Մ. Ոսկանյան, Գ. Սուջյան և այլք/: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ տեղի է ունեցել նաև «ՄԻԱՍԻՆ» ներառական մանկապատանեկան ցուցահանդեսը, որին միացել էր նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը»:

Խոսելով տարվա ընթացքում Հայաստանի մասնակցությանը տարբեր միջազգային հարթակներին, Ա. Խզմալյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-10 Բրեստում Դիանա Ադամյանն արժանացել է «Համագործակցության դեբյուտներ» մրցանակին, Ռիգայում «8th Riga International Competition for Young Pianists 2019» մրցույթում Արմեն Պուչինյանը (դաշնամուր, Պ. Չայկովսկու անվան ՄԵՄԴ) արժանացել է 1-ին մրցանակի, Մոսկվայում, ԱՊՀ մասնակից երկրների 14-րդ երիտասարդական Դելփյան խաղերին՝ Շարաֆյան Պոլինան (ջութակ, Պ. Չայկովսկու անվան ՄԵՄԴ) արժանացել է 3-րդ մրցանակի:

Հոբելյանների մասով, նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ Կոմիտասի 150- ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են տասնյակ համերգներ, գիտաժողովներ և միջոցառումներ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, միջոցառումներ՝ Բեռլինի Հումբոլդտի համալսարանում, Լատվիայի Սուրբ Հովհաննես եկեղեցում Կոմիտասի Պատարագի համերգային տարբերակի կատարումը և ձայնագրումը, Էստոնիայի Նիգուլիստե եկեղեցում կայացած համերգը, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի ելույթը Փարիզում, «Հովեր» կամերային երգչախմբի համերգները Մյունխենում՝ «Բոլոր սրբերի եկեղեցում» և Բրյուսելի՝ Մայր տաճարում, Գյումրիի «Սև» բերդում և Գառնիում կայացած հոբելյանական համերգները, Հայաստանի երգչախմբերի՝ հոբելյանին նվիրված համերգները Արցախում և այլն: Երաժշտական տարբեր կազմակերպություններ հանդես են եկել ավելի քան հարյուր համերգներով: Հ. Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակների շրջանակներում նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլի կատարմամբ և Արզաս Ոսկանյանի նորակերտմամբ ու ամբողջացմամբ տեղի է ունեցել Կոմիտասի «Անուշի» պրեմիերան:

Հ. Աբելյանի անվան թատրոնում ևս բեմադրվել է «Անուշը», իսկ Դսեղում անցկացվել է «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը: Մոսկվայում տեղի է ունեցել Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հյուրախաղերը՝ թումանյանական հեքիաթների բեմականացմամբ, իսկ այս օրերին թատրոնը հյուրախաղերով գտնվում է Փարիզում: 2020-ին հանրությանը կներկայացվի «Խաչվող ճանապարհներ» Թումանյանին և Կոմիտասին նվիրված ֆիլմ: Սերգեյ Փարաջանովի 95-ամյակի կապակցությամբ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի շրջանակում և Երևանի «Այրարատ» կինոսրահում ներկայացվել են «Նռան գույնը» ֆիլմի թվային վերականգնման արդյունքները: Նշվել են կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակները: Գոհար Գասպարյանի 95-ամյակի կապակցությամբ անցկացվել է երգչուհու անունը կրող մեներգիչների համահայկական մրցույթը: Այսօր Գ. Սունդուկյանի անվան թատրոնում կնշվի նաև Սոս Սարգսյանի 90-ամյա հոբելյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: