Հայերեն   English   Русский  

Գաղտնալսվե՞լ, թե՞ ոչ, սա է խնդիրը


  
դիտումներ: 2667

Պե՞տք է արդյոք ոստիկանությունն առանց միջնորդի գաղտնալսելու իրավասություն ունենա․ օրենսդիրների ու ոստիկանության համակարգի ներկայացուցիչների կարծիքով՝ այո, իրավապաշտպանների կարծիքով՝ ոչ։

Չնայած Կառավարությունն ի դեմս Արդարադատության նախարարության դեմ է արտահայտվել ներկայում նման օրենսդրական փոփոխություններին, պատճառաբանելով, որ այդ պարագայում կառաջանա ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն, բացի այդ, ԱՆ Քրեակատարողական ծառայությունն էլ կարող է նման իրավասություն պահանջել, օրենսդիրներն առաջին ընթերցմամբ ընդունել են նախագիծը։

2007 թվականին ընդունված «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի հեղինակը«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն է։

Օրինագծի հեղինակը նշում է, որ «ոչ ակնհայտ պայմաններումկատարված հանցագործությունների գերակշիռ մեծամասնություն կազմող դեպերում բացահայտման նպատակով ոստիկանությունը կիրառում է հենց ՀԽՎ օպերատիվ-հետախուզական միջոցառումը»։ Ավելին, նա շեշտում է, որ գործող օրենսդրությամբ քրեական օրենսգրքի շուրջ 80 տոկոսը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով ոստիկանությանը վերապահված է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունք։

Հեղինակը, հաշվի առնելով ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեության ընդգրկուն լինելը առաջարկում է ոստիկանությանը ինքնուրույն, առանց ԱԱԾ միջնորդության գաղտնալսումներ իրականացնելու հնարավորություն տալ։

Ըստ օրինագծի հիմնավորման՝ օրենքի ընդունման դեպքում «կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջացառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը, կերաշխավորի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը»։

Այն առանց հիմնավորման մարդկանց անձնական կյանքի նկատմամբ ոտնձգության դռներ է բացում․ Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյան

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ ինքը դեմ է եղել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին դեռ ընդունման ժամանակ՝ 2007-ին։ Այժմ դեմ է նաև առաջարկվող փոփոխություններին։

«Այն ժամանակ էլ եմ քննադատել օրենքը։ Որովհետև չէինք կարող վստահ լինել, որ ոչ իրավական պետություն Հայաստանում, անգամ դատարանի որոշմամբ, ԱԱԾ-ի կողմից գաղտնալսումները չէին չարաշահվի»,- ասում է նա՝ հավելելով, որ հիմա էլ իրավիճակն ու մտահոգությունները նույնն են։

«Եթե հաշվի առնենք այն, թե հեղափոխությունից հետո նոր իշխանություններն ինչ ճնշումներ են գործադրում դատարանների վրա, ավելի բացահայտ, քան նախկին իշխանությունները, ապա ի՞նչ երաշխիք ունենք, որ դյուրացնելով գաղտնալսումները ավելի խոցելի չեն դառնա այն քաղաքացիները, որոնք քննադատում են իշխանություններին։ Կարծես առաջին հայացքից մեծ տարբերություն չկա, բայց հիմա այսպես ասած կիսափակ դռները լրիվ բացվում են իրավապահ մարմինների առաջ գաղտնալսումների համար։ Սա համարում եմ վտանգավոր երևույթ Հայաստանի համար»,- ասում է նա։

Անդրադառնալով անձնական կյանքի գաղտնիության իրավունքի և գաղտնալսումների իրավունքի հակասությանը՝ Իշխանյանն ասում է, որ ամենայն հավանականությամբ օրենքը չարաշահվելու է։ «Այն առանց հիմնավորման մարդկանց անձնական կյանքի նկատմամբ ոտնձգության դռներ է բացում»,- ասում է նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է միջազգային փորձն այս առումով, Իշխանյանն ասում է, որ նույն օրենքը իրավական պետությունում կարող է աշխատել ու չարաշահումների տեղիք չտալ, իսկ ոչ իրավական պետությունում դառնալ բոլոր քաղաքացիների նկատմամբ հսկողության միջոց։ «Այստեղ միջազգային փորձը ներկայացնել որպես փաստարկ այնքան էլ համաձայն չեմ։ Դարձրեք Հայաստանը իրավական երկիր։ Երբ համոզված լինենք, որ դատարաններն ու դատախազությունը, քննչական մարմինները, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն անկախ են գործում, չեն կատարում գործող իշխանությունների ցուցումները, նոր միայն բերեք միջազգային փորձի օրինակներ»,- ասում է նա։

Այդ օրենքի ընդունումը, նույնիսկ առանց կիրառելու, արդեն իսկ ոտնձգություն է կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ․ Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ևս դեմ է օրենսդրական նախաձեռնությանը։ Ասում է, որ Հայաստանի պես սակավաթիվ բնակչությամբ երկրում գաղտնալսման իրավասություն ունեցող մել ատյանը բավարար է և ոստիկանությանը լրացուցիչ նման հնարավորություն ընձեռելու կարիք չկա։ Աալվերդյանը մտավախություն է հայտնում, որ քաղաքացուն առաջադրված մեղադրանքի ապացուցողական մասում կդիմեն միայն գաղտնալսումներին՝ անտեսելով օժանդակ փաստերի անհրաժեշտությունը։

Անդրադառնալով հիմնավորմանը, թե օրենքի ընդունմամբ կհեշտացվի հանցագործությունների բացահայտումը, Ալավերդյանը ծիծաղում է, ապա հավելում․ «Բոլորին հետապնդելո՞վ։ Այդ փաստարկը ծիծաղելի է։ Ոչ թե պետք է ոստիկանության գործողությունները հեշտացվեն, այլ պետք է մարդու ազատությունները լինեն պաշտպանված»։ Նա ասում է, որ նման հիմնավորումը բնորոշ է դասական ոստիկանական պետություններին։ «Այսպիսով մեր պետությունն էլ նման պիտակավորման վտանգի առաջ է հայտնվում»,- ասում է նա։ Նա նշում է, որ այո, ոստիկանության աշխատանքը պետք է լինի բարդ, որովհետև իշխանությունները սահմանափակված են մարդու իրավունքներով։

Ալավերդյանն ասում է, որ որպես կանոն՝ նման օրենքի ընդունումը ոչ հանցագործությունների թիվն է նվազեցնում, ոչ էլ հեշտացնում է հանցագործությունների բացահայտումը։ Ավելի մեծ է հավանականությունը, որ այն կդառնա քաղաքական հետապնդումների գործիք։

«Այդ օրենքի ընդունումը, նույնիսկ առանց կիրառելու, արդեն իսկ ոտնձգություն է կարծիքի արտահայտման ազատության նկատմամբ»,- ասում է Ալավերդյանը և հավելում, որ քաղաքացին ազատ է հեռախոսով, կամ ընկերների հետ զրույցում ցանկացած կարծիք արտահայտել։ Սակայն գաղտնալսման պարագայում նրա արտահայտած կարծիքը կարող է դառնալ նրան հետապնդելու հիմք։

«Սա հիմք է դնելու ընտրովի արդարադատությանը։ Սա գործիքակազմ է քեզ համար ոչ հաճելի անձանց հետապնդելու համար»,- ասում է նա և որպես ասածի հիմնավորում նշում՝ կարող են գաղտնալսել, օրինակ, 10 քաղաքացիների, բայց հետապնդում սկսեն ոչ թե ամենավատ կարծիքը կամ միտքը արտահայտած քաղաքացու հանդեպ, այլ ազատամիտ մտավորականի, որը պետության և հասարակության համար որևէ վտանգ չի ներկայացնում, բայց իշխանությունների համար ոչ ցանկալի անձ է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Խաչատրյանն առաջարկել էր փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում և քրեականացնել իշխանության ներկայացուցչին վիրավորելը կամ գործողություններ իրականացնելը, որոնց նպատակն է խոչընդոտել պաշտոնյայի ծառայողական պարտականությունների կատարմանը։ Հանրային սուր քննադատությունից հետո, սակայն, հեղինակն իր օրենսդրական նախաձեռնությունը հետ կանչեց։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: