Հայերեն   English   Русский  

​Հզոր ցույցերի երեքշաբթին Ֆրանսիայում


  
դիտումներ: 379

Ֆրանսիայում կենսաթոշակի բարեփոխման դեմ հայտարարված անժամկետ համընդհանուր գործադուլի 13-րդ օրը նշանավորվեց ցուցարարների մեծ ակտիվությամբ, այդ մասին են վկայում մասնակիցների թվերը Փարիզում և առհասարակ ողջ երկրում:

Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը, երեկ երկրում փողոց է դուրս եկել 615 հազար մարդ, որոնցից 76 հազարը՝ Փարիզում: Դեկտեմբերի 5-ին՝ գործադուլի առաջին օրը, ՆԳՆ-ն հայտարարել էր ցուցարարների 806 հազար թիվը, որոնցից 65 հազարը՝ Փարիզում:

Ինչպես միշտ, պաշտոնական թվերը խիստ տարբերվում են արհմիությունների տվյալներից, որոնք հայտնում են 1,8 մլն ցուցարարների մասին ողջ Ֆրանսիայում և 350 հազարի՝ Փարիզում:

Մայրաքաղաքի ոստիկանությունը հայտնել է 30 մարդու ձերբակալության մասին:

Ըստ ԶԼՄ-ների հաղորդումների՝ բողոքի ցույցեր են ընթացել Ֆրանսիայի ավելի քան 110 քաղաքներում: Ամենազանգվածային ցույցերը տեղի են ունեցել երկրի ամենամեծ քաղաքներում:

Արհմիություններն այդ ընդվզման օրը համարում են հաջողություն: Ֆրանսիայի ամենախոշոր արհմիութենական կենտրոնի՝ Աշխատանքի համընդհանուր համադաշնության գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մարտինեսը նշել է «ցուցարարների, ցույցերի և գործադուլավորների ավելի ու ավելի մեծ թվերը»: Նա կոչ է արել «հետ կանչել գոյություն ունեցող նախագիծը [թոշակային բարեփոխման] և կատարելագործել մեզանում եղած համակարգը»:

Միաժամանակ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիայեն երեկ երեկոյան BFM TV-ի եթերում հայտարարել է, որ կառավարությունը «խորապես հավատում է սոցիալական արդարության բարեփոխմանը», որը կտանի մինչև վերջ: Այսուհանդերձ այն ակնհայտորեն բաց է փոխզիջումների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: