Հայերեն   English   Русский  

Գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ


  
դիտումներ: 280

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին ներկայացրեց Ռ․ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի համարելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը։

Պաշտպանը հարցականի տակ է դրեց այն, թե արդյոք դատարանը բավարար հիմքեր է բերել գրավը մերժելու համար։ Հայկ Ալումյանը նշեց, որ ՄԻԵԴ-ն իր մի շարք վճիռներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը պետք է միշտ ազատվի նախնական կալանքից, բացառությամբ այն դեպքերի, եթե պետությունը կարող է ցույց տալ, որ գոյություն ունեն վերաբերելի և բավարար հիմքեր նրա շարունակական կալանավորումը հիմնավորելու համար։

«Մեր վերաքննիչ բողոքը վերաբերում է նրան, արդյո՞ք առաջին ատյանի դատարանի որոշումը, այն ձևակերպումներով, որն առկա է բոլորիս մոտ, կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին»,-ասաց Հայկ Ալումյանը, ընդգծելով, որ վերաքննիչ դատարանը չի կարող քննության առարկա դարձնել հարցը, թե ընդհանուր առմամբ գրավ պե՞տք է կիրառել, թե՝ չէ։

Նկատենք, որ գրավի ընդունելի չափը պաշտպանական կողմը թողել է դատարանի հայեցողությանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։

Վերաքննիչ բողոքի քննարկումն ավարտվեց․ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին, ժամը 16:00–ին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: