Հայերեն   English   Русский  

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԲՀԿ խմբակցության ներկայացրած նախագծին


  
դիտումներ: 1269

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ Կառավարությունն իր հերթական նիստում բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը:

Դրանով առաջարկվում է, որպեսզի հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները պաշտոնում նշանակվելուց (ընտրվելուց) հետո ոչ թե մեկ ամսվա ընթացքում, այլ մինչև լիազորությունների ստանձնման պահը, իսկ պատգամավորների համար՝ պատգամավորական մանդատն ստանալուց հետո՝ մինչև նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահը, պարտավոր են ապահովել օրենքներով նախատեսված անհամատեղելիության պահանջների կատարումը:

Ըստ հիմնավորման, անհամատեղելիության պահանջների կատարումն ինքնին ենթադրում է ժամանակատար գործընթաց, օրինակ՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալը, գույքի գնահատումը, առևտրային կազմակերպության մասնակից լինելու դեպքում առևտրային կազմակերպությունից դուրս գալը կամ բաժնեմասն ամբողջությամբ հավատարմագրային կառավարման հանձնելը, ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից հրաժարվելը և այլն:

«Այսպես, օրինակ, եթե պատգամավոր ընտրված անձը հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր կամ բաժնետիրական մի քանի ընկերություններում բաժնետոմսի սեփականատեր է կամ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ, ապա գործնականում հնարավոր է, որ պատգամավորի անհամատեղելիության պահանջն ապահովելը տեւի բավականին երկար ժամանակ (օրինակ՝ հարկային մարմիններին անհրաժեշտ փաստաթղթեր տրամադրելու ընթացքը, բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման հանձնելու համար համապատասխան անձի հետ պայմանագիր կնքելը, բաժնետիրական ընկերության խորհրդի նիստ հրավիրելը և այլն):

Նշված խնդիրը հատկապես ակնառու է այլ պաշտոնների դեպքում, երբ պաշտոնի նշանակումը և լիազորությունների ստանձնումը միաժամանակ կամ գրեթե միաժամանակ (մի քանի օր տարբերությամբ) են տեղի ունենում: Օրինակ՝ փաստաբանական ընկերության միակ բաժնետեր եւ տնօրեն հանդիսացող փաստաբանը նշանակվում է նախարար:

Այս դեպքում, օրինակ, փաստաբանական գործունեության արտոնագրի գործողության կասեցման համար անհրաժեշտ է համապատասխան ապացույցը, որ փաստաբանը նշանակվել է անհամատեղելի պաշտոնում: Հետեւաբար, գործնականում հնարավոր չէ առանց նախարար նշանակվելու հրամանի առկայության ձեռնամուխ լինել փաստաբանական գործունեության արտոնագրի գործողության կասեցմանը:

Միաժամանակ անհնար է անգամ մի քանի օրվա մեջ ապահովել փաստաբանական ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնումը, քանի որ փաստաբանական ընկերության բաժնետեր կարող է լինել միայն փաստաբանը:

Հակառակ պարագայում, եթե անհամատեղելիության պահանջը պայմանավորենք ոչ թե պատգամավորի գործունեության իրականացման, այլ մանդատի ստացման հետ, այսինքն՝ նախագծով նախատեսված կարգավորման արդյունքում, ապա գործնականում հնարավոր է իրավիճակ, երբ փաստացի ժամկետների սեղմ լինելու պատճառով անհնար լինի ապահովել անհամատեղելիության պահանջի իրացումը»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: