Հայերեն   English   Русский  

ԱԺ-ի կողմից ընդունված օրինագիծն ուղարկել ՍԴ. ՀԴԿ հայտարարությունը եւ դիմումը՝ Արմեն Սարգսյանին


  
դիտումներ: 776

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներին ԱԺ կողմից պաշտոնանկության դիմաց աշխատավարձին համարժեք թոշակ ստանալու «առաջարկ»

– օրինագիծը ոչ այլ ինչ է, քան ՀՀ Սահմանադրության դրույթների կոպտագույն խախտում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ավելին, հայտարարված նպատակին հասնելու համար, իշխող ուժը փորձարկեց եւ՛ քրեական հետապնդում սկսելու սպառնալիք, եւ ՛ էթիկայի նորմերից դուրս, հոգեբանական ճնշում, եւ՛, վերջապես, հարկատուների հաշվին, դատավորներին յուրահատուկ «կաշառք» առաջարկելը:

Մենք դատապարտում ենք այս գործելաոճը, քանզի այն հակասում է օրինական ճանապարհով Սահմանադրական դատարանի ձեւավորման սկզբունքներին: ՍԴ դատավորն իր լիազորություններից կարող է հրաժարվել միայն իր կամքի բացարձակ ազատ դրսեւորման պայմաններում, ինչն ամրագրված է Սահմանադրության 164 հոդվածի 8-րդ կետով:

Բազմիցս շեշտել ենք, որ օրինականության հաստատման ճանապարհին անթույլատրելի է օրենքի խախտումը: Եթե իշխող ուժն ինքն է փորձում հարկադրանքով, սպառնալիքով, «ձրի» աշխատավարձ եւ հավելավճար խոստանալու եղանակով ազատվել իր կամքին չենթարկվող ՍԴ դատավորներից, ապա իրեն նույնականացնում է իր իսկ կողմից մերժված նախկինների հետ:

Ստեղծված իրավիճակում առանձնանում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ որպես պետության գլուխ, իր լիազորության իրականացման անհրաժեշտությունը: Այն է՝ ԱԺ-ի կողմից ընդունված օրինագիծն ուղարկել ՍԴ, պարզելու նրա համապատասխանությունը Սահմանադրությանը: Հակառակ պարագայում պատասխանատվության բաժինը կրելու է նաեւ ՀՀ Նախագահը:

Լիահույս ենք, որ որոշում կայացնելուց առաջ պարոն Նախագահը մասնագիտական վերլուծություն կիրականացնի անաչառ փորձագետների մասնակցությամբ:

Մենք չպետք է հանդուրժենք եւ ոչ մի մենիշխանություն հաստատելու ցանկություն, առավել եւս՝ գործողություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: