Հայերեն   English   Русский  

Բարձր գնահատականներ՝ առանց «Կանգ առ»-ի


  
դիտումներ: 63

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Մարինե Սուքիասյանը գրում է.

Վարչապետ Փաշինյանը երեկ ԱԱԾ-ի օրվա կապակցությամբ բացառիկ բարձր գնահատականի և հարգանքի խոսքեր հնչեցրեց այդ կառույցի հասցեին։ Ինչը իրականում այդպես է։

Ազգային անվտանգության, ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու, հետախուզության և հակահետախուզության բացառիկ կարևոր գործառույթներին վերջին 1.5 տարում ավելացավ նաև հակակոռուպցիոն բուռն գործունեությունը։

ԱԱԾ–ի բոլոր հիմնական գործառույթները հանրության համար տեսանելի չեն, և թերևս միայն հակակոռուպցիոն աշխատանքն է եղել և կա հանրության աչքի առաջ։

Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ վստահելիության առումով ԱԱԾ-ն բոլոր պետական հաստատություններից առաջ է, գոնե 2018-ից սկսած։

Բայց այդ հարցումները մեկ այլ բան նույնպես ցույց էին տալիս, որ ԱԱԾ տնօրենը անձնական ամենաբարձր վարկանիշ ունեցող պաշտոնյան է եղել և նույնիսկ հեղափոխության ամենաէյֆորիկ պիկին իր պոպուլյարությամբ Փաշինյանի հետ եղել են մրցակցությունից դուրս։

Հենց այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը։ Ամբողջ խնդիրն այն է,որ այդ պաշտոնյան Արթուր Վանեցյանն է եղել։ Ստացվում է, որ վարչապետը գոհ է իր պաշտոնավարման ընթացքում ԱԱԾ աշխատանքից, ստացվում է, որ հրաժարական տված Ա. Վանեցյանը «սև» չէ, հակահեղափոխական չի եղել, արել է ամեն ինչ կոռուպցիայի դեմ պայքարի համար, երկրի անվտանգության համար։

Այդ դեպքում հարցադրումը փոխվում է. եթե այդքան բան արած, այդքան բարձր վարկանիշ ունեցող գործիչը, և վերջապես գործող վարչապետի կողմից իր աշխատանքի անուղղակիորեն բարձր գնահատական ստացած գործիչը հրաժարական է տալիս՝ «կանգ առ» ձևակերպումով, ուրեմն խնդիրը շատ խորքային է։ Եվ խնդիրը «սևի» ու հակահեղափոխականության մեջ չէ, խնդիրը պաշտոնի և մանր մունր հարցերի մեջ չէ. խնդիրը իսկապես շատ կարևոր սխալներից առաջ կանգ առնելու մասին է։ Դրա զգուշացման մասին է։ ԱԱԾ տնօրենները սովորաբար ձևակերպումների հարցում զուսպ, բայց և հստակ են լինում։ Ցավոք, վարչապետ Փաշինյանը երեկ չանդրադարձավ կանգ առնելու, կարևորը անկարևորից տարբերելու և այլ հարցադրումներին։

Մյուս կողմից Փաշինյանի երեկվա ելույթից հետո խիստ անհարմար դրության մեջ հայտվեց նրա քաղաքական թիմը և սոցցանցային բազմությունը։ Վանեցյանի հրաժարականից հետո հայտարարվեց, որ վարչապետը դժգոհ է եղել նրա աշխատանքից, իսկ սոցցանցային «բանականությունը» մեկ հրահանգով նրան մեղադրեց հակահեղափոխականության և այլ սակրալ մեղքերի մեջ։ Երեկ պարզվեց, որ դա այդպես չէ. և պարզեց վարչապետ Փաշինյանը։ Անհարմար պատմություն ստացվեց։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: