Հայերեն   English   Русский  

Ի՞նչ աշխատանքներ են կատարվել Արարատի մարզում. ներկայացրել է մարզպետը


  
դիտումներ: 155

2019-ին Արարատի մարզում ունենք 58 սուբվենցիոն ծրագրեր, որոնք կատարվել են 43 համայնքներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

Մասնավորապես, կատարվել են հետեւյալ աշխատանքները՝ 24 համայնքներում 10 կմ ճանապարհի ասֆալտապատում, 7 համայնքում լուսավորության ցանցի կառուցում, 4 համայնքում ջրագծերի կառուցում եւ վերակառուցում, 5 համայնքում ոռոգման ցանցերի կառուցում, 3 համայնքում գազաֆիկացում, 7 համայնքում մանկապարտեզի հիմնանորոգում եւ այլն:

«2019-ին Արարատի մարզում թվով 4 մանկապարտեզներ են բացվել, մասնավորապես, Այնթապում, Աբովյանում, Վերին Դվինում:

Մարզպետն անդրադարձավ նաեւ գյուղատնտնտեսության ոլորտին՝ նշելով. «2019-ին խաղողի մթերման ծավալները գրեթե կրկնակի ավելացել են: 18 ընկերություններում մթերումը կազմում է մոտ 110 հազար տոննա՝ 2018-ի 62 հազար տոննայի դիմաց: Եթե 2018-ին ունեինք 320 հա ջերմոցային տնտեսություն, 2019-ին դա հասել է 360 հա-ի»:

Գարիկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ առողջապահության ոլորտին. «Բուժհաստատություններում վճարովի մուտքերը գրեթե եռակի ավելացել են. եթե նախորդ տարի այդ մուտքերը կազմել են 115 մլն դրամ, այս տարի արդեն ունենք 345 մլն դրամի վճարում: Այնպես չի, որ մեր հայրենակիցներն սկսել են ավելի հաճախակի հիվանդանալ եւ օգտվել վճարովի ծառայություններից: Սա մեզ ողջամիտ կասկածների տեղիք է տալիս, որ նախկինում ունեցել ենք ոչ ամբողջությամբ թափանցիկ աշխատող կասսա: Այսօր թափանցիկ աշխատում է, ունենք սպիտակ կասսա»:

Մարզպետը «բարի լուր. Հայտնեց. «2019 թվականի 11 ամիսների ընթացքում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատությունների կողմից գրանցվել է 1722 ծնունդ, 2018-ին այդ թիվը եղել է 1669: Չեմ ուզում սա մարզպետարանի ձեռքբերումը համարել, ամեն դեպքում սա համարենք լավ միտում: Համարենք, որ մեր քաղաքացիների կողմից կա վաղվա օրգա հանդեպ դրական միտում»:

Մարզպետը նշեց, որ 2019-ին նպաստառու ընտանիքները պակասել են 202-ով եւ դարձել 7287. «Փորձելու ենք ամեն ինչ անել, որ բացառվեն չարաշահումները, երբ մարդն ունի խանութ, լավ արտասահմանյան մեքենա, լավ տուն, բայց դրանք գրանցված չեն իր անունով: Ունեն անչափահաս երեխաներ, չունեն գրանցված աշխատանք եւ ստանում են նպաստ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: