Նարեկ Աբգարյան. «Հույս ունեմ, որ հաջորդ տարի կպայքարեմ արդեն աշխարհի գոտու համար»
Հայ մարզիկը 8-ռաունդանոց մենամարտում հնարավորություն չտվեց կոլումբացի 31-ամյա մրցակից Անուար Սալասին և 3 մրցավարների միաձայն որոշմամբ` 80:72, 80:72, 80:72 հաշվով վստահ հաղթանակ տոնեց:
Անկախի հետ զրույցում Նարեկը կիսվում է տպավորություններով և ամփոփելով տարին` խոսում 2020-ի ծրագրերի մասին:
-Շնորհավորում ենք. պրոֆեսիոնալ ռինգում շարունակեցիք Ձեր հաղթարշավը: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: ԱՄՆ-ում եմ անցել նախապատրաստական փուլը` մարզիչ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ Wild Card Gym ակումբում: Բարձր մակարդակով մարզումներ եմ անցկացրել, որովհետև սպարինգ զուգընկերներս փորձառու ու տիտղոսակիր մարզիկներ էին, աշխարհի չեմպիոններ ու մրցանակակիրներ: Ուստի, որակով փուլ անցա մինչև այս մենամարտը: Այդ ամենն իր դրական արդյունքը տվեց:
-Մարզումային ցիկլն անցնելով ԱՄՆ-ում, ինչպե՞ս ստացվեց, որ հանդես եկաք Մոսկվայում:
Նախապես պլանավորված էր, որ պետք է մենամարտ անցկացնեմ Լոս Անջելեսում, դեկտեմբերի 5-ին,սակայն մրցակցիս թույլ չտվեցին, որ ռինգ դուրս գա` արյան մեջ վարակ հայտնաբերելով:
Իմ մենեջեր Արամ Դավթյանն էլ մեծ շոու երեկո էր կազմակերպել Մոսկվայում: Առաջին շոուն էր, բարձր մակարդակով կազմակերպված, ստանդարտներին համապատասխան` գրանցված մրցավարներով և մասնակիցներով:
Top Rank պրոմոութերական ընկերությունը, որն իմ մենամարտերն է կազմակերպում ԱՄՆ-ում, համաձայնեց և թույլատրեց, որ մենամարտեմ Մոսկվայում: Հենց իրենք էլ ընտրեցին մրցակցին:
-Փաստորեն մրցակցին ծանոթանալու ժամանակ գրեթե չունեցաք:
- Պրոֆեսիոնալ ռինգը հնարավորություն է տալիս մինչ մենամարտը ուսումնասիրել հակառակորդին: Սպարինգների ժամանակ ընտրում ենք այնպիսի զուգընկերներ, որ գործելաոճով մոտ լինեն ապագա մրցակցին, ինչը շատ կարևոր է, բայց մենք այդ ամենի ժամանակ չունեինք, չկար ընտրության հնարավորություն, քանի որ տարեվերջին անպայման պետք է մենամարտ անցկացնեի:
8-ռաունդանոց մենամարտում բոլոր մրցավարներն առավելությունն ինձ տվեցին:
Դեկտեմբերի 13-ը խորհրդանշական օր էր, քանի որ այդ օրը լրանում էր որդուս ծննդյան 2 ամիսը, եղբորս հարսանեկան արարողությունն էր կայանում, ուստի անպայման պետք է հաղթեի:
- The Corner Boxing Gym սրահում հայ բռնցքամարտիկներն իրենց լավագույն կողմերով դրսևորեցին` հաղթանակներ տոնելով: Այդ ամենը ոգևորու՞մ էր:
-Իհարկե: Շնորհավորում եմ և անչափ ուրախ եմ Գոռ Երիցյանի և Վահե Սարուխանյանին տոնած վստահ հաղթանակների համար: Մենք նույն հանդերձարանում էինք պատրաստվում` ռինգ դուրս գալուց առաջ: Այնպես ստացվեց, որ մեր հանդերձարան բոլորը հաղթանակած էին վերադառնում ռինգից` կարծես էստաֆետը փոխանցելով հաջորդին:
-2019 թվականը մոտենում է ավարտին. ամփոփելով` ի՞նչ ձեռքբերումներ կնշեք և ի՞նչ է սպասվելու 2020-ին:
-2019 թվականին պլանավորել էի անպայման հանդես գալ ամերիկյան ռինգում և մենամարտեր անցկացնել: Ինչ-որ չափով պլանը կատարված է մասամբ, քանի որ մեկ մենամարտ անցկացրի: Հույս ունեմ, որ հաջորդ տարի կպայքարեմ արդեն աշխարհի որևէ գոտու համար: Դա իմ հիմնական նպատակն է լինելու:
Առիթից օգտվելով` շնորհավորում եմ ողջ հայության Ամանորն ու Սուրբ ծնունդը` առողջություն և բարեկեցություն մաղթելով բոլորին: