Հայերեն   English   Русский  

Ողբալի է և ամոթալի այս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել բազում սերունդներ կրթած «Այբբենարանը»


  
դիտումներ: 1972

Երեկ Ազգային ժողովում ընթացող «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով քննարկմանը ելույթ ունեցավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Իմքայլական պատգամավորն իր ելույթում նշեց, թե երազում է ունենալ այնպիսի հասարակություն, որտեղ կինն ու տղամարդը կունենան իրենց երազանքներին հասնելու հավասար հնարավորություններ և, եթե ցանկանում են՝ նաև իրենց երազանքն ի կատար ածվի, հարկավոր է խորքային գնահատականներ տալ իրավիճակին։

Վերջինս խոսեց նաև դասագրքերի մասին և նշեց, որ վերջերս բախտ է ունեցել բացել այբբենարանը և ապշել է։

«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց Ղազարյանը։

Թարգմանիչ, հրապարակախոս, խմբագիր և գրող Վաչագան Սարգսյանը, ով նաև բազում դասագրքերի հեղինակ է, իր ֆեյսբուքյան էջում ի պատասխան Սոնա Ղազարյանի ելույթին՝ գրել է.

«Վերջերս բախտ վիճակվեց բացել այբբենարանը, որը հեղինակել է Սարգսյան Վաչագանը։ Ես պարզապես ապշած եմ այդ այբբենարանի լուսանկարներից, որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ։ Կներե՛ք, բայց ես կարծում եմ, որ այդ այբբենարանի տեղն աղբամանում է»,- ասաց Սոնա Ղազարյանը։

Սոնա Ղազարյան, Ազգային ժողովի պատգամավոր, ձեզ ասում եմ, որ դուք սուտ եք խոսում, կեղծարար եք ու տգետ:

Իմ «Այբբենարանում» կան հազարավոր նկարներ: Դրանցից ընդամենը վեց նկարում կինը և տղամարդը /հայրը և մայրը/ միասին են:

Այդ նկարներից մեկում հայրը թերթ է կարդում, մայրը խոսում է հեռախոսով/ էջ26/:

Մյուս նկարում գյուղական պատկեր է: Այգում մայրիկը սփռոցի վրա ուտելիքներ է դնում, հայրիկը բզբզում է մեքենայի շարժիչը/էջ 29/:

Հաջորդ նկարում սեղանի շուրջ ճաշում է ողջ ընտանիքը/ էջ51/:

Մյուս նկարում կինը ջուր է տալիս ամուսնուն /էջ74/:

Մյուս նկարում հայրը, մայրը, երեխան՝ ուսապարկերը շալակներին սարերում են /էջ 81/:

Այսքանը: Հազարավոր նկարների մեջ չկա գեթ մի նկար, « որտեղ կինը մշտապես ներկայացված է՝ որպես տնային տնտեսուհի, իսկ տղամարդը՝ որպես հիմնական աշխատուժ»:

Սա բացահայտ կեղծիք է, անբարոյական սուտ: Այս պատրաստի, անգիր արած կաղապարը թութակի պես կրկնել, բերել հագցրել է իմ «Այբբենարանին»:

Բայց սխալվել է աղջնակը և ստում է անողոք:

Ճիշտ է, «Այբբենարանում» ներկայացված են Հայկ Նահապետը, Սասունցի Դավիթը, Վռամշապուհ արքան, Մեսրոպ Մաշտոցը, ճարտարապետ Մոմիկը, զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը և այլ մեծ հայեր, որոնք էլ խառնել են աղջնակի գենդերային անդորրը:

Այսքան անպատասխանատու, գռեհիկ, ինքնահավան և տգետ մարդ վաղուց չէի տեսել:

Ուրեմն, այս աղջնակի կարծիքով 21 տարի աղբամանից են սնվել մոտ մեկ միլիոն երեխա, որոնք սովորել են իմ «Այբբենարանով»: Աղբամանից են սնվել տասնյակ հազարավոր ուսուցիչներ, կրթության ոլորտի աշխատողներ, ծնողներ: Ու հիմա ինքը եկել է ու փրկում է մեր հասարակությունը:

Ողբալի է և ամոթալի էս մակարդակի պատգամավոր ունենալը, որը կարող է լեզվի ճարպիկ շարժումով աղբաման նետել տասնյակ գործող դասագրքերի, մի քանի տասնյակ մեթոդական ձեռնարկների, ուսումնական պարագաների, գեղարվեստական, թարգմանական, մանկական մի քանի տասնյակ գրքերի հեղինակի գործը:

Կարծում եմ՝ Ազգային ժողովը պետք է իր կարծիքն արտահայտի պատգամավորի ակնհայտ կեղծիքի, հերյուրանքի և անբարո ստի վերաբերյալ:

Այդ նույն ելույթից վրդովված, լրագրող Հասմիկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Չփորձեք ձեր ապազգային գաղափարները ներմուծել Այբբենարան

Այսպիսի անձանց, երևի, ստամբուլյան կոնվենցիայի պահանջներին համապատասխանող դասագիրք է հարկավոր: Ապազգայինը, իհարկե, տանել չի կարող Վաչագան Ա. Սարգսյան-ի պես ազգային մտավորականի կազմած դասագիրքը, որտեղ ներկայացվում է հայ ընտանիքի իսկական մոդել, այլ ոչ թե երկու կին կամ երկու տղամարդ՝ որդեգրված երեխայով և պատկերի վրա էլ գրված՝ «նրանք էլ են ընտանիք»: Այո, մի զարմացեք, կան այդպիսի գրքեր, որոնք օտարերկրյա գրանտների ծախսերով հրատարակվել են և սպասում են դպրոցներ ներխուժելու իրենց « երջանիկ բախտին»: Չի՛ լինելու նման բան, Սոնա Ղազարյան և մյուսներ: Չի՛ լինելու առաջին հերթին նրա համար, որ դուք բացահայտ ստում եք: Ես ինքս, իսկապես, երջանիկ բախտ եմ ունեցել առնչվելու այդ գրքի հետ, քանի որ մեր թաղամասի փոքրիկները հաճախ են ինձ մոտ գալիս, որպեսզի ես օգնեմ իրենց դասերը պատրաստել:Եվ ասեմ, մեկընդմիշտ իմացեք, որ հայ կինը ո՛չ պատմության ընթացքում, և ո՛չ էլ այդ դասագրքում ստորացված դիրք չի զբաղեցրել՝ երբևիցե:

Դասագրքում հայ մայրը միայն տնային տնտեսուհի չէ, այլև ընտանեկան հաճելի ժամանցի մասնակից է, աշխատանքի գնացած մասնագետ, ուսուցչուհի է, ով հաստատ մեկ ուրիշ ընտանիքի մայր է, և ամենակարևորը, որ դուք չեք հասկանա՝ ընտանիքի ամրությունը պահպանող, ընտանիքի հորը սպասող և բոլորին ճաշի սեղանի շուրջ հավաքող՝ ընտանիքի թագուհին է: Վաչագան Սարգսյանի կազմած դասագիրքն առաջին էջից մինչև վերջինը

լուսավոր արժեքների, հայ մշակույթի ու հայրենասիրության մասին է: Հիշու՞մ եք, թե ինչ է ասում Ալբերտ Մկրտչյանի հայտնի՝ « Հին օրերի երգը» ֆիլմի հերոսը.

-Դուք չգիտեք, թե ով է Իվանը...Իվանը ըդիկ Իվանն է...

Վաչագան Սարգսյանը Վաչագան Սարգսյանն է, ով առինքնող մտավորական է: Եվ ձեր այս ըմբոստությունը նրա հեղինակած դասագրքի հանդեպ զուտ ազգայինի դեմ պայքարի հերթական մի օղակ է: Գիտե՞ք արդյոք, թե ով է Վաչագան Սարգսյանը:Կարևորը մե՛նք գիտենք, և ձեզ չի հաջողվելու աղճատել Հայի դիմագիծը՝ առավել ևս՝ Աբբենարանից սկսած, որը հայ երեխայի կրթության առաջին ու թերևս ամենագլխավոր հիմնաքարն է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: