Հայերեն   English   Русский  

​Լիբանանը նոր վարչապետ ունի և նոր կառավարություն է ձևավորվելու, սակայն իրավիճակը չի հանդարտվում


  
դիտումներ: 1500

Երեկ «ՌԱԿ մամուլը» տեղեկացրեց, որ Լիբանանի վարչապետ է նշանակվել Հասսան Դիաբը: Խորհրդարանի քվեարկության արդյունքներով Դիաբը ստացել է 69 ձայն, 43 պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ 14 պատգամավոր ձայն է տվել Նաուաֆ Սալամին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Լիբանանում սկսվեցին հակակառավարական ցույցեր: Եվ չնայած հոկտեմբերի 29-ին Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, հուզումները երկրում չդադարեցին: Չդադարեցին նաև, երբ Հարիրին հայտարարեց, որ թեկնածություն չի առաջադրելու նոր կառավարությունում: Ինչ վերաբերում է Հասսան Դիաբին, ինչպես նշում է «Ռակ մամուլը», նա 2011-ից ի վեր զբաղեցրել է կրթության նախարարի պաշտոնը և «ջերմ կապեր ունի նախագահ Աունի և նրա դաշնակից քաղաքական կողմերի հետ»: Հիշեցնենք նաև, որ երկիրը տնտեսական և ֆինանսական խոր ճգնաժամի մեջ է: Նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին էր հայտարարել, որ պետությունը տառապում է ֆինանսական շրջափակումից և պատժամիջոցներից:

Երեկ Հասսան Դիաբը հանդիպել է ոչ միայն նախագահ Աունի, այլև հրաժարված վարչապետ Հարիրիի հետ, որպեսզի միասին քննարկեն Լիբանանի նոր կառավարություն կազմելու հարցը: «Ես հաստատում եմ, որ կառավարությունը կազմվելու է անկախ արհեստավարժներից և փորձելու է լուծել երկրի տնտեսական հարցը»,- ասել է Դիաբը: Այս հանդիպումից առաջ էլ Դիաբը գերմանական հեռուստատեսությանը հայտնել էր, որ նոր կառավարությունը ձևավորվելու է 6 շաբաթվա ընթացքում:

«Փողոցի իրավիճակը, սակայն, նույն լավատեսությունը չի ներշնչում»,- գրում է «ՌԱԿ մամուլը»:

Լիբանան-ցույց

Դիաբի վարչապետ նշականակումից հետո ցուցարարները փակել են Բեյրութի փողոցները: Նրանք հիմնականում հավաքվել են Ring կամուրջի վրա, ինչպես նաև նորանշանակ վարչապետի «Աիշա բաքքար» թաղամասում գտնվող տան մոտ։ Ցուցարարները բողոքել են այս նշանակման դեմ և հայատարարել, որ շարունակելու են իրենց շարժումը: Մինչև ուշ գիշեր Բեյրութի տարբեր շրջաններում ճանապարհներ են փակվել այրվող անվադողերով: Տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և լիբանանյան բանակի միջև, որոնք ավելի են սաստկացել գիշերը, երբ Բեյրութի Քորնիշ Մազրաա շրջանը «պատերազմի» դաշտի է վերածվել: «Մինչև թերթիս մամուլի տակ մտնելու պահը, հակառակ ամեն տեսակի միջամտություններին, իրավիճակը չէր հանդարտվել»,- գրում է «ՌԱԿ մամուլը»:

Այսօր «ՌԻԱ նովոստիի» թղթակիցը տեղեկացրել է, որ լիբանանյան բանակի ստորաբաժանումներին և ներքին գործերի զորքերին հաջողվել է լիովին կայունացնել իրավիճակը Բեյրութի Քորնիշ Մազրաա շրջանում: Ըստ նրա՝ լարվածությունը սրել էր նաև այն հանգամանքը, որ Քորնիշ Մազրաա փողոցը բաժանում է սուննիների և շիաների թաղամասերը: Բանակը շարք է կանգնել՝ կենդանի պատնեշ սարքելով, որպեսզի թույլ չտա բախումներ տարբեր դավանական կուսակցությունների կողմնակիցների միջև:

«Մենք դուրս ենք եկել խաղաղ ցույցի: Մենք սուննի ենք և դեմ ենք Դիաբին: Մեր համայնքն ի վիճակի է ինքնուրույն ընտրելու մեր ներկայացուցչին առանց Բասիլի և շիաների միջամտության: Բայց այստեղ եկած զինվորականները սկսեցին ուժ գործադրել: Այսպիսի դրության մեջ յուրաքանչյուրը համբերության իր սահմանն ունի»,- ասել «ՌԻԱ նովոստիին» ընդվզման մասնակիցներից մեկը: [Ջեբրան Բասիլը քրիստոնեական ամենամեծ կուսակցության առաջնորդն է:]

Որոշ ցուցարարներ էլ հայտարարել են, որ հանդես են գալիս նոր վարչապետի դեմ, քանի որ նրա նշանակումը համարում են այն քաղաքական շրջանակների պայմանավորվածությունների ոչ իրավաչափ արդյունքը, որոնց դեմ են իրենք այսքան ժամանակ բողոքել: Սակայն ցուցարարների մի մասն էլ համարում է, որ անհրաժեշտ է նոր վարչապետին կառավարություն ձևավորելու և գործելու հնարավորություն տալ, քանի որ Լիբանանը կառավարության և ճգնաժամից դուրս գալու որոշումների կարիք ունի:

Բանակի և ՆԳՆ-ի ներկայացուցիչներին հաջողվել է բանակցությունների շնորհիվ ցուցարարներին կարգուկանոնի կոչ անել, որից հետո սուննիներն իրենք են խնդրել իրենց կողմնակիցներին մարել այրվող անվադողերը և աղբամանները, որոնք ամենից շատ անհանգստացնում էին իրենց իսկ թաղամասերի բնակիչներին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: