Հայերեն   English   Русский  

Ոչնչանում են Թբիլիսիի Սուրբ Մինաս եկեղեցու ավերակները. ահազանգ


  
դիտումներ: 920

«Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդության կենտրոնի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Վիրահայոց թեմի մամլո դիվանի հայտարարությունը:

«Առանց տանիքի, փլուզված պատերով եւ աղբանոցի վերածված Սուրբ Մինաս եկեղեցին Թբիլիսիի կենտրոնում իր օրհասական օրերն է ապրում: Անընդհատ ոչնչանում են երբեմնի կանգուն հինավուրց հայոց եկեղեցու հետքերը: Դեռեւս 2014 թվականին փլուզված տանիքով եկեղեցին շարունակում է շրջապատին հիշեցնել, որ այստեղ մի ժամանակ գործել է հպարտորեն վեր խոյացած Աստծու տունը: Օրերս եկեղեցու վերացման վտանգը առավել բացահայտ դարձավ:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ի մոտերքում հրշեջ ծառայությունում ստացված ահազանգի հիման վրա հրշեջների շնորհիվ եկեղեցին փրկվեց հիմնովին ոչնչանալուց: Կործանման եզրին կանգնած, անւշադրության մատված Աստծու տունը սպասում է իր վերջնական վախճանին, իսկ դրան նպաստում են շրջապատի բնակիչները, ովքեր բացահայտորեն ցանկապատում, պահեստանոցի եւ օժանդակ շինությունների են վերածում եկեղեցին ու նրա տարածքը, չօգտագործած մասը թողնելով անօթեւան մարդկանց քմահաճույքին:

Մտավախությունը Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմինն է: Եկեղեցին միշտ գտնվել է թեմի ուշադրության կենտրոնում, սակայն թեմը չի կարող հոգ տանել եկեղեցու մասին, քանի որ այն վրացական եկեղեցու կազմած «վիճահարույց» եկեղեցիների ցանկում է, որոնց «ճակատագիրը» տարիներ շարունակ մնում է անորոշ: Սուրբ Մինաս եկեղեցին վիճահարույց չէ: Այն հայկական եկեղեցի է եւ պետք է վերադարձվի թեմին:

Թե՛ Վիրահայոց թեմը, թե՛ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմիցս դիմել են Վրաց Ուղղափառ եկեղեցուն, որպեսզի Թեմին վերադարձվեն հայկական եկեղեցիներն ու թեմը հոգ տանի դրանց մասին: Բազմաթիվ նամակներ են հղվել Վրաստանի իշխանություններին, պատկան մարմիններին, ներկայացվել է եկեղեցու վիճակը, սակայն ոչ մի փոփոխություն: Հուսանք, որ իշխանությունները եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցին այնուամենայնիվ լրջորեն կմոտենան քրիստոնեական տաճարի ոչնչացման հարցին:

Երեւանցոց Սուրբ Մինաս հայկական եկեղեցին գտնվում է Հավլաբար թաղամասի Նոր Էջմիածին գործող եկեղեցուց ոչ հեռու: Պահպանված տվյալների համաձայն` Սուրբ Մինասը կառուցվել է 1790 թվականին: Սկզբնական շրջանում եկեղեցին մեծ կառույց չի եղել, եւ 1870 թվականին անհրաժեշտություն է առաջացել առավել մեծացնել եկեղեցու շինությունը: 1883թ. հունվարի 2-ին հին եկեղեցու տեղն արդեն խոյացել է Երեւանցոց Սուրբ Մինասը: Խորհրդային տարիներին եկեղեցին զրկվել է գմբեթից եւ օգտագործվել որպես արհեստանոց: ԽՍՀՄ փլուզումից հետո Երեւանցոց Սուրբ Մինասը «վիճելի» եկեղեցիների թվին է դասվել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: