Հայերեն   English   Русский  

Հենց այդ ժամանակ էլ մոտս միտք առաջացավ միանալ Քաշաթաղի վերաբնակեցման գործին


Ռոբերտ Մաթևոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 88

Ընդունում եմ իմ լավ բարեկամ Կարինե Մովսեսյանի մարտահրավերը, ավելի շուտ էստաֆետը հետևյալ թեմայով #ՔաշաթաղՉելենջ#

Եվ այսպես՝

1) առաջին տպավորությունս — 1995 թվականին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ էի, այն ժամանակ ԿԸՀ-ն առանձին շենքային պայմաններ չուներ և մեր նստավայրը Ազգային Ժողովի շենքում էր։ Հուլիսի 5-ին տեղի ունեցան Ազգային Ժողովի ընտրություններ և Սահմանադրության հանրաքվե, որոնք ինչպես գիտեք կեղծվեցին։ Հիասթափված էի և տեղս չէի գտնում, այդ ժամանակ Ազգային ժողովի միջանցքներում հանդիպեցի Ալեքսան Հակոբյանին, ում համարում էի ՀՀՇ-ի ազնվագույն անդամներից։ Բարևեցինք, հարցրեցի Քաշաթաղից, հենց այդ ժամանակ էլ մոտս միտք առաջացավ միանալ Քաշաթաղի վերաբնակեցման գործին, ինչի մասին տեղեկացրեցի պ-ն Հակոբյանին, շատ ուրախացավ և պայմանավորվեցինք իմ տեղափոխման հարցով։

Տեղափոխվեցի 1995-ի հոկտեմբերի 1-ին, Ծաղկաբերդ գյուղի ավտոբուսով։ Ավտոբուսում ծանոթացա նախկին բերձորցի քննիչ Հովհաննես Սարգսյանի հետ։ Հակոբյանը ինձ ասել էր, որ Բերձոր հասնելուն պես դիմեմ քարտուղարության պետ, այժմ լուսահոգի, Բագրատ Եսայանին, որն ինձ կտեղավորի, մինչև ինքը կգա։ Դե ես իջա պոչտայի մոտ, չգիտեի որ տները հեռախոս չունեն, բջջային այն ժամանակներում չկային։ Պոչտայում հեռախոսավարուհին Ծաղիկն էր, քաղաքապետարանի Ծաղիկը, հերթ կանգնեցի և երբ հերթը հասավ ինձ, խնդրեցի զանգահարել Բագրատին և ասել, որ մարդ կա իրեն հարցնող։ Ի զարմանս ինձ Ծաղիկը չզանգեց, դուրս եկավ սենյակից, հետո շենքից և բարձր ձայնով կանչեց․ Բագրա՜տ, Բագրա՜տ։

Նույն օրը պատահական հանդիպեցի Բերձորի առաջին քաղաքապետին՝ Ռաֆայել Բաղդասարյանին, ում ճանաչում էի վաղուց, շարժման տարիներից, ով լուծեց իմ կացարանի հարցը։ Այդպես ես դարձա քաշաթաղցի։

2) քաշաթաղյան հաճելի հուշերի մասին, եթե մի գիրք էլ գրեմ, քիչ կլինի, ուստի կգրեմ մեկ-երկու բան․ նախ ձեռք բերեցի շատ լավ ընկերներ և բարեկամներ,1997-ին ծանոթացա, սիրահարվեցի և ամուսնացա Հասմիկ Ավետիսյանի հետ, Քաշաթաղում ծնվեցին իմ երեք երեխաները՝ Հռիփսիմեն, Նարեկը և Մարիամը։

3) Ապագա Քաշաթաղի մասին մտածում եմ, որ Քաշաթաղը լինելու է հայկական աշխարհի ամենա-ամենա #ՈՒժեղՔաշաթաղը, սակայն անհրաժեշտ է առաջնահերթ լուծել ճանապարհների խնդիրը՝ սկսել Կապան-Կովսական-Բերձոր-Քարվաճառ ճանապարհից։

Առայժմ այսքանը և կփորձեմ մարտահրավերի աշխարհագրությունը դուրս բերել Բերձորի շրջանակներց և էստաֆետը փոխանցում եմ Մարինե Պետոյանին և Քաշաթաղի շրջկենտրոնից ամենահեռավոր գյուղի՝ Կերենի բնակչուհի Տիգրանուհի Բադալյանին։






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: