Որևէ լուրջ ձեռքբերում չի գրանցվել. քաղտեխնոլոգը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության մասին
«Մայիսի վերջին, երբ վարչապետի կոչով շրջափակվեցին դատարանների մուտքերը, այդ պահից սկսած Հայաստանի ներքաղաքական օրակարգը, որպես այդպիսին, կարելի է ասել՝ գոյություն չունի և ամբողջովին պտտվում է երկրորդ նախագահի շուրջ, որի հետ կապված է և՛ Սահմանադրական դատարանի, և՛ դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասաց քաղտեխնոլոգը:
Ըստ նրա՝ այս տարի ներքաղաքական օրակարգն այդպես էլ զարգացման վեկտոր չունեցավ, թեև տնտեսական թեթևակի փոփոխություններ եղան, բայց դրանք այդքան էլ էական չէին:
Արմեն Բադալյանը նշեց, որ բացի ներքաղաքական հայեցակարգի բացակայությունից, իշխանությունները չունեն նաև արտաքին քաղաքականության համար հստակ սահմանված օրակարգեր և հենց դա է պատճառը, որ խոշոր պետությունների հետ կամ հարաբերություններ չունենաք, կամ եղածը սառեցված է:
«Որևէ ձեռքբերում չի գրանցվել՝ Միացյալ նահանգների հետ օրակարգ չի ձևավորվել, Եվրամիության հետ սառը հարաբերություններ են, նույն հարաբերություններն էին նաև Ռուսաստանի Դաշնության հետ, չնայած այժմ այդ հարաբերությունները ջերմացման միտում ունեն:
Կար երկու հարց, որ հայ-ռուսական հարաբերություններն ավելի ջերմ չեն դարձնում՝ Երկրորդ նախագահի գործոնը և, ըստ մամուլի՝ Հայաստանում որոշ սորոսականների գործունեությունն իշխանության բարձրագույն մարմիններում: Հայաստանը որևէ հարաբերություն չունի աշխարհի հզոր տերությունների հետ, օրինակ՝ Չինաստանի, Ճապոնիայի հետ: Չինաստան վարչապետն այցելել է, բայց ոչ այն օրը, երբ այնտեղ, այսպես ասած՝գումար էին բաժանում, նա այդ ժամանակ Երևանում Քաղաքացու օր էր նշում:
Իրանի հետ որոշ բաներ կա, այդ երկիր վարչապետի այցը հիշվեց ինչ-որ գործակալների մասով հայտարարությամբ, որը վարչապետն արեց հայկական համայնքի հետ հանդիպման ժամանակ:
Այսինքն՝ կարող ենք ասել, որ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը վարում է պուտինամետ արտաքին քաղաքականություն, երբ վարչապետը ցանկանում է ամեն ինչով Պուտինին համոզել, որը ինքը լավ դաշնակից էր»,- շեշտեց քաղտեխնոլոգը:
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային կառույցների հետ նույնպես որևէ հարաբերություն չունի՝ ՆԱՏՕ, ԵՄ, Արաբական ԼԻԳԱ, բացի ԵԱՏՄ-ից:
«Մենք տեսնում ենք, որ վարչապետը շարունակում է միանձնյա կառավարումը, որի սկիզբը դրեց նախորդ տարի»,- ընդգծեց նա:
Քաղտեխնոլոգը նաև նշեց, որ իշխանությունները փորձում են ստեղծել նոր օրակարգ, որը մի քանի օր լարված քննարկումներ կառաջացնի հասարակության շրջանում:
«Քանի որ չկա հայեցակարգ, հետևաբար տեղը դատարակ է, և իշխանությունները մտավախություն ունեն, որ դատարկ տեղը կարող են լցնել ընդիմության ներկյացուցիչներն՝ իրենց բերած օրակարգով, այդ նպատակով էլ թեկուզ 1-2 օրվա քննարկման համար, բայց անընդհատ օրակարգեր են ներմուծում: Սա հատուկ է պոպուլիստական իշխանություններին: Ու բացի դա նկատենք, որ մեր իշխանությունները՝ վաևրչապետի գլխավորությամբ անընդհատ թշնամիներ են փնտրում»: