Հայերեն   English   Русский  

Փաշինյանը ելույթ է ունեցել Արցախի և Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին


  
դիտումներ: 268

Երեւանում այսօր` դեկտեմբերի 22-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել:

Իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մարտի 12-ին առաջին համատեղ նիստին ինքն ընդգծել է 2 խնդիր, որոնց հասցեագրումը էական է Արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ առաջընթաց արձանագրելու համար:

«Առաջինը` Արցախի որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածության ապահովումն է: Անցած ամիսների ընթացքում այդ ներգրավվածության ավելացմանը անհրաժեշտության ընկալումը էականորեն ամրապնդվել է: Այս տեսակետից արդյունք են տվել Հայաստանի Հասնրապետության եւ Արցախի Հանրապետության իշխանությունների իրականացրած քայլերը: Կարեւոր է, որ այդ քայլերը արտահայտել են օբյեկտիվ իրականությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո»,-ասել է նա:

Նա թվարկել է օբյկետի իրականությանն բնորոշիչները. «Առաջին` Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը եւ ընդգծել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը, երկրորդ` փոխվել է որոշումների ընդունման մշակույթը եւ այդ որոշումների վրա ազդելու ժողովրդի և հասարակության դերը ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում:

Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որևէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության և արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որեւէ տարբերակի հետ կապված օգուտների եւ ռիսկերի անմիջական կրողը: Այս իրողությունը առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում»,-ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` Արցախում գալիք տարվա մարտին կայանալիք ընտրությունները ստանում են հավելյալ կարեւորություն:

«Հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր հիմնարար փաստաթղթերը կամ ներառում են Արցախի ընտռրված իշխանությունների մասնակցության հղում, կամ հաստատվել են Արցախի ընտրված իշխանությունների ներկայացուցիչների կողմի»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին եւ այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառուցներից իրենք լսում են նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ:

«Մեր արձանագրումն այն է, որ իրականում Արցախում տեղի ունեցող ընտրությունները կայանում են միջազգայնորեն ստացած մանդատի հիման վրա եւ հետեւաբար բոլոր այն քննադատությունները, որոնք որեւէ կերպ քննադատության են ենթարկում այդ ընտրությունները վնասում են խաղաղ գործընթացին: Որովհետեւ եթե պիտի ընտրված ներկայացուցիչներ Արցախի ժողովրդին ներկայացնեն բանակցային գործընթացում, ինչն արձանագրված էն բանակցային ձեւաչափի եւ բանակցային պրոցեսների փաստաթղթային հիմքում, ինչպես կարող են ընտրված ներկայացուցիչնեն ընտրվեն, եթե ոչ ընտրությունների միջոցով»,-հավելեց նա:

Նշենք, որ համատեղ անվտանգության նիստին ներկա են ՀՀ եւ ԱՀ նախագահները, ԱԺ նախագահները եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ եւ զինվորականներ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: