Հայերեն   English   Русский  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը


  
դիտումներ: 151

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում տեղի ունեցան ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրություններ: ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր երկու թեկնածու՝ Արմեն Մելիքբեկյանը և Թովմաս Գրիգորյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարվեց արտահերթ ժողովը նախագահելուց, այդ իրավունքը փոխանցվեց ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար Արթուր Ազարյանին:

Արտահերթ ժողովի մեկնարկին բողոքի ձայն բարձրացրեցին Վանաձորի ակադեմիայի ներկայացուցիչը և ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանը, ովքեր պնդում էին, որ ժողովի ընթացակարգը խախտվել է:

ՀՖՖ արտահերթ ժողովին մասնակցեց 25 պատվիրակներից 24-ը:

Մինչ քվեարկությունը արտահերթ ժողովն ընտրեց հաշվիչ հանձնաժողով, այնուհետև որոշում կայացվեց ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի անդամների ընտրությունն անցկացնել փակ ընթացակարգով:

Մինչ ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրության քվեարկությունը արտահերթ ժողովը հաստատեց 9 հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ին անդամակցությունը կասեցնելու որոշումը, որն ավելի վաղ ընդունել էր ՀՖՖ գործկոմը:

Կասեցվել է հետևյալ ՀԿ-ների անդամակցությունը ՀՖՖ-ին.

«Արնար Հիմնադրամ», «Դինամո 2000» ՖԱ ՀԿ, «Զվարթնոց» ՖԱ ՍՊԸ, «Լոռի ՖՄԱ» բարեգործական ՀԿ, «Հայաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլիստների Ասոցիացիա» ՀԿ, «Հայկական Ֆուտբոլի Զարգացման Հիմնադրամ», «Հայք ՖԱ» ՀԿ, «Նորացված Փյունիկ ՖԱ» ՀԿ, ՀՖՖ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ ՓԲԸ։ Այն ՀԿ-ները, որոնց անդամակցությունը ՀՖՖ-ին կասեցնելու որոշումը հաստատեց արտահերթ ժողովը, չեն մասնակցել ՀՖՖ նախագահի և գործադիր կոմիտեի ընտրության քվեարկությանը:

Քվեարկությանը չմասնակցեց պատվիրակներից մեկը, ով քվեարկության էր ներկայացրել զինվորական գրքույկով:

Քվեարկության արդյունքներով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը: Քվեարկությանն ընդհանուր առմամբ մասնակցեց 23 պատվիրակ: Արդյունքում Արմեն Մելիքբեկյանը ստացավ 13, Թովմաս Գրիգորյանը` 7 ձայն: 3 քվեաթերթիկ համարվեց անվավեր:

Արմեն Մելիքբեկյանը ծնվել է 1980 թվականի մայիսի 10-ին:

1997-2002 թվականներին սովորել է Երևանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում:

2002-2005 թվականներին սովորել է նույն համալսարանի ասպիրանտուրայում:

2005-2010 թվականներին նույն համալսարանում դասավանդել է արտասահմանյան գրականություն:

1999-2000 թվականներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում որպես մարզական լրագրող, 2001-2002 թվականներին՝ dailyfootball.com և dailysoccer.com կայքերում որպես լրագրող և խմբագիր: 2003 թվականին համահիմնադրել և խմբագրել է footballtoday.ru կայքը:

2003-2013 թվականներին Հայաստանի հանրային հեռուստատեսությունում աշխատել է որպես մարզական վերլուծաբան, 2013-֊2016 թվականներին՝ «Արմենիա» հեռուստատեսությունում:

2005-2008 թվականներին աշխատել է ՀՖՖ փոխտնօրենի պաշտոնում, 2006-2015 թվականներին հանդիսացել է ՈւԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ու Մեդիա կոմիտեների անդամ:

2018 թվականի սեպտեմբերի 22-ին ընտրվել է ՀՖՖ Գործկոմի անդամ, նշանակվել ՀՖՖ գլխավոր քարտուղար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: