Հայերեն   English   Русский  

Չիրականացված խոստումների, աբսուրդային հայտարարությունների և պետական ինստիտուտների հարձակման տարի էր. Շարմազնով


  
դիտումներ: 269

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով 2019 թվականին երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին ասաց, որ

2019 թվականը քաղաքական առումով Փաշինյանի և իշխող թիմի չիրականացված խոստումների տարի էր:

«Ոչ միայն չիրականացված խոստումների, այլև աբսուրդային հայտարարությունների և պետական ինստիտուտների հարձակման տարի էր: Մեկ տարի առաջ արտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթը ըստ Փաշինյանի այն էր, որ ՀՀԿ-ն, նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, որ լինեն ներդրումներ, որ թոշակները բարձրանան, լինի ներգաղթ, որ լինի թռիչքային զարգացում և այլն: Մեկ տարի անց մենք ունենք չիրականացված խոստումներ: Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների, շուրջ 12 հազար մարդով պակասել է ՀՀ բնակչության թիվը: Չկան ներդրումներ, շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները: Չկա որևէ տնտեսական լուրջ հեղափոխություն, ինչի մասին խոսում էր Փաշինյանը: Համեմատության համար նշեմ, որ երբ ՀՀԿ-ն թողել է իշխանությունը, մենք ունեցել ենք պաշտոնական տվյալներով, երկնիշ տնտեսական աճ՝ 10,5 տոկոս: Այսօրվա բյուջեում դրված է 4,9 տոկոս աճ: Եթե անգամ լինի 7 տոկոս, ինչպես իրենք են կանխատեսում, ապա որևէ թռիչքաձև զարգացման մասին խոսք լինել չի կարող»,-ասաց Շարմազանովը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխությունը միֆ է:

Փոխարենը, ըստ նրա, ունենք թռիչքաձև զարգացում նախարարների աշխատավարձերի առումով. «Փաշինյանի կառավարությունը, որը հայտարարում էր, թե ՀՀ-ում կա 3 մլն վարչապետ, այդ վարչապետերից թաքուն բարձրացնում է նախարարների աշխատավարձը: Երկրորդ, մենք գործ ունենք «պրեմիա շոու» ներկայացման հետ: Մենք ականատես եղանք տարբեր գերատեսչություններում պրեմիաների շքերթի: ԱԺ-ում, ըստ մամուլի, 10 ամսվա ընթացքում 14 անգամ պրեմիաներ են ստացել: Մենք տեսանք չարդարացված ծախսեր՝ 350 հազար դոլար Լոս Անջելես թռչելու համար, ըստ մամուլի՝ 2 մլն դոլար կառավարական առանձնատունը վերանորոգելու համար, շուրջ մեկ մլն դոլարի հասնող էլի ծախսեր, 5 մլն դրամ կես ժամում գորգ լվալու համար եւ այլն: Սա է այն ձեռքբերումը, որ իրականացրել է Փաշինյանի կառավարությունը»,-ասաց ՀՀԿ մամուլի քարտուղարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: