Հայերեն   English   Русский  

Հայաստանը մեզ համար մնում է առանցքային, վստահելի գործընկեր. Սերգեյ Կոպիրկին


  
դիտումներ: 82

Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման տեսանկյունից 2019 թվականը դինամիկ տարի էր:

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշեց, որ դինամիկան առկա էր ամենատարբեր ոլորտներում, հատկապես քաղաքական հարթությունում:

«Այս տարին աչքի ընկավ Ռուսաստանի բարձր պաշտոնյաների Հայաստան այցով: Ինչպես գիտեք, Հայաստան էր եկել Ռուսաստանի նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը և այլք: Սա խոսում է այն մասին, որ երկու երկրները քննարկելու շատ հարցեր ունեն, մեր հարաբերությունները զարգանում են ամենատարբեր ոլորտներում: Մեզ միավորում են ընդհանուր շահերը, և, ամենակարևորը, դա արտացոլում է երկու կողմերի քաղաքական կամքը՝ ուղղված այն բանին, որ ոչ միայն պահպանվի, այլև բարձրացվի համագործակցության մակարդակը»,- ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինն առանձնացրեց երկու երկրների ակտիվ փոխգործակցությունը ինտեգրացիոն հարթակներում՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում և այլն: Նա ընդգծեց, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ-ում: Լուրջ քայլեր են ձեռնարկվել ԵԱՏՄ-ի միջազգային հեղինակության բարձրացման, նոր կապերի ձևավորման ուղղությամբ:

«Մենք բարձր ենք գնահատում այն փոխգործակցությունը, որն իրականացվում է մեր պետությունների կողմից միջազգային տարբեր հարթակներում՝ ՄԱԿ-ում, Եվրոպայի խորհրդում և այլն: Կարևոր սկզբունքային հարցերի քվեարկության արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանը մեզ համար մնում է առանցքային, վստահելի գործընկեր, որի վրա կարելի է հույս դնել դժվար իրավիճակներում»,- նշեց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինն ընդգծեց Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ և ռուս մասնագետների համագործակցությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: