Հայերեն   English   Русский  

Ալեն Սիմոնյանի մասին ոչ մի դրական հոդված չի դիտարկվել. «Մեդիա պաշտպան»


  
դիտումներ: 118

2019թ-ի դեկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 109 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 86-ը՝ չեզոք։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Գրիգոր Մուրադյանն, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե որքան որ ինքն է տեղյակ, կան դատավորներ, որոնք կօգտվեն վաղ կենսաթոշակի գնալու առաջարկից, ասել է, որ այս քաղաքական իշխանություններն իրենք իրենց դատավճիռն են կայացնում և հավելել է. «Սա գործա՞րք է, քաղաքական կոռուպցիայի դրսևորո՞ւմ է, որոշ դատավորներ ազդակնե՞ր են հղել քաղաքական իշխանությանը, որ մենք պատրաստ ենք գնալ վաղ կենսաթոշակի, և Ալեն Սիմոնյանը դա բարձրաձայնո՞ւմ է: Թե՞ ընդամենն անիմաստ հայտարարություն է»:

ՀՀԿ խորհրդի անդամ, պատմաբան Գեորգի Գաբրիելյանը, խոսելով Ալեն Սիմոնյանի հայտարարության մասին, որ Սերժ Սարգսյանը մերժված է և վտանգ չի ներկայանում ասել է, եթե վտանգ չի ներկայացնում ինչո՞ւ եք դուք և Նիկոլ Փաշինյանը զգում, որ Սերժ Սարգսյանը կարող է հստակ ձեր տեղը ձեզ ցույց տալ։

Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ֆիլիպինների նախագահը քաղաքացիներին թույլ է տվել կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա։ Այս գրառումը ևս քննադատությունների առիթ է դարձել։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասել է, եթե այդ օրենքն ընդունվի, Հայաստանում հաջորդ օրը կենդանի պաշտոնյա չի մնա։ Կարեն Քոչարյանն էլ իր հերթին հավելել է, որ Գևորգ Լոռեցյանն ընդամենը 25 տարեկան է։

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերից անհարգելի բացակայություններ ունի։

Փաստորեն Ալեն Սիմոնյանին քննադատում են հիմնականում իր հայտարարությունների համար, որոնք հասարակական–քաղաքական դաշտում դրական չեն ընկալվում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: