Հայերեն   English   Русский  

Բերման ենթարկելուց առաջ ինձ չեն ծանուցել և օրինական հիմք չեն ներկայացրել. Դավիթ Ափոյանը բողոքարկելու է բերման ենթարկելու որոշումը


  
դիտումներ: 668

Քիչ առաջ Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը դուրս եկավ ոստիկանական բաժանմունքից:

Ափոյանի փաստաբան Տիգրան Ղազարյանը նշեց, որ Ափոյանը հարցաքննվել է դեկտեմբերի 20-ին համալսարանի տարածքում հնչած կրակոցների գործով:

«Դավիթ Ափոյանին բերման էին ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով, դրանից հետո, երբ արդեն քննչական բաժնում տեղի ունեցավ հարցաքննություն: Դավիթ Ափոյանը հարցաքննվել է, որպես վկա: Կասկածյալի կամ որևէ նմանատիպ կարգավիճակ չի ունեցել: Մեզ համար նաև անընդունելի է նման մոտեցումով ԵՊՀ ուսանողին, այն էլ ՈւԽ նախագահին բերման ենթարկելը, մենք դա բողոքարկելու ենք»,- ասաց Ղազարյանը:

Դավիթ Ափոյանը նշեց, որ բերման ենթարկելուց առաջ իրեն չեն ծանուցել և բերման ենթարկելու օրինական հիմք չեն ներկայացրել, իսկ միջադեպի ժամանակ նա դեպքի վայրում չի եղել:

«Օրենքի ներկայացուցիչները բարձրացել են իմ աշխատասենյակ: Հարցրել են, թե արդյոք ճանաչում եմ միջադեպի մասնակիցներից որևէ մեկին, ասել եմ, որ ոչ: Որոշ ժամանակ անց հայտնեցին, որ պետք է ինձ բերման ենթարկեն: Ես միջադեպի ժամանակ եղել եմ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի վեցերորդ հարկում, մասնակցել եմ միջոցառման, որը հեռարձակվել է ուղիղ եթերում»,- նշեց Ափոյանը:

Հիշեցնենք, որ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել դեկտեմբերի 24-ին, համալսարանում գտնվող իր աշխատասենյակից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: