«Այվազովսկի. Հանճար և ծով». Ղրիմում Այվազովսկու մասին ֆիլմ են նկարահանում
sm-news.ru-ի(https://sm-news.ru/shedevry-velikogo-ajvazovskogo-ozhivut-v-avstralii-56530/) հաղորդմամբ, Թեոդոսիայի պատկերասրահը Ռոստովի «Դոնէքսպոցենտրի» հետ ստեղծում է ֆիլմ «վերծածնված նկար» ֆորմատով, որը նախատեսված է ցուցադրել Ավստրալիայում հաջորդ տարի:
«Այվազովսկի. Հանճար և ծով» աշխատանքային խորագրով 40 րոպեանոց ֆիլմը երկլեզու է լինելու՝ ռուսերեն և անգլերեն:
Ֆիլմի ցուցադրման համար ընտրվել է Ավստրալիան, որտեղ ապրում է նկարչի 28 ժառանգ:
Ֆիլմը նախ ցուցադրվելու է Մելբուրնում և Սիդնեյում, այնուհետև Ռոստովում և, իհարկե, Թեոդոսիայում, բայց Այվազովսկու անվան պատկերասրահի հիմնովին վերանորոգումից հետո:
Նշենք նաև, որ Հովհաննես Այվազովսկու մասին ևս մեկ ֆիլմ կա նկարահանված, որը նվիրված է նկարչի 200-ամյակին:
Այն ռեժիսոր Աշոտ Ջազոյանի «Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» վավերագրական ֆիլմն է:
Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ֆիլմը կենդանացնում է նրա հայտնի գործերը եւ ցուցադրում այն անձանց, ովքեր պահպանում են հայազգի մեծանուն ծովանկարչի ավանդույթները:
Աշոտ Ջազոյանի ֆիլմում ներկայացվում են այն մարդիկ, ովքեր իրենց ձեռքերով վերականգնում են նկարչի գերեզմանն ու պատկերասրահի շենքը, որոնք գրեթե ավերված էին: Նրանցից յուրաքանչյուրն իր պատկերացումն ունի այն մասին, թե Այվազովսկին ինչ ներդրում եւ կարեւորություն ունի այսօրվա Ղրիմի կյանքում ու առօրյայում:
Մեծ նկարչի մասին խոսում են պատկերասրահի ուսանողները, ծովայինները, որոնք «Այվազովսկուց սովորել են սիրել ծովը», Թեոդոսիայի բնակիչները, թանգարանի աշխատակիցները, եկեղեցականները եւ այլք:
Այս ֆիլմի ստեղծողները ցանկանում են հետագայում ստեղծել կինոնկարի անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն տարբերակներն՝ այն աշխարհում տարածելու համար: Վստահ են՝ Այվազովսկին այնպիսի կերպար է, որ պետք է շատերին հետաքրքրի:
Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 17-ին: Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու մատյանում գրանցվել է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Հայկական շրջանում նկարիչը միշտ այդ անվամբ է նշվել: Նկարչի նախնիները 17-րդ դարում Արևմտյան Հայաստանի Անիի շրջանից գաղթել են հարավային Լեհաստան՝ Գալիցիա, որը եղել է Եվրոպայում առաջին հայկական գաղութը: 19-րդ դարի սկզբին նկարչի վաճառական հայրը՝ վեց լեզուների տիրապետող և քրիստոնեական կյանքին ծառայող, տեղափոխվել է Ղրիմ՝ Թեոդոսիա, ամուսնացել նուրբ ձեռագործուհի Հռիփսիմեի հետ, ունեցել երկու դուստր և երեք որդի: Մոսկվայում հայտնի արվեստաբան Գալինա Չուրակը ճիշտ է ներկայացրել, որ Գևորգ Այվազովյանը ծնվել է Գալիցիայում և Ռուսաստան գալով՝ իր անունն ու ազգանունը դարձրել է Կոնստանտին Հայվազովսկի:
Այվազովսկին իր կյանքի ընթացքում ստեղծել է շուրջ 6000 գեղանկար, որոնք պահվում են աշխարհի տարբեր պատկերասրահներում: Կտավների մեծ մասը գտնվում է Թեոդոսիայի՝ իր հիմնած տուն-թանգարանում: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են «Հովհաննես Այվազյան» ստորագրությունը։
Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտել է ոսկե մեդալով։
Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների ու ծովանկարների համար` նա սկսել է նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնել է Եվրոպայի երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների և նավանկարների շարքերը նկարչին արժանացրել են ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։
Թեոդոսիայի բնակիչներն աստվածացնում էին Այվազովսկուն: Երբ Այվազովսկին մահացավ, Թեոդոսիան սգի մեջ էր: Փակվեցին դպրոցները, խանութները, շուկան: Հարյուրավոր մարդիկ լալիս էին: 1999-ի մայիսի 2-ին Այվազովսկուն հուղարկավորեցին զինվորական պատիվներով՝ Թեոդոսիայի հայկական Սբ. Սարգիս եկեղեցու բակում, որտեղ նա մկրտվել էր ու պսակադրվել: Նրա շիրիմին գրաբարով գրված է. «Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»: