Հայերեն   English   Русский  

​ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է Հայաստանի հետ «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության առաջին ամփոփումը


  
դիտումներ: 1361

Հայաստանի տնտեսական կատարողականն ուժեղ է առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով՝ արտաքին պահուստների աճի և ավելի բարձր եկամուտների պայմաններում:

Չնայած բյուջեի գերակատարմանը՝ բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումն ամրապնդելու, այդ թվում` գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու համար:

  • Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարման բարելավմանն ուղղված ջանքերը, կամրապնդեն կայուն և ներառական աճը:
  • 2019 թ. դեկտեմբերի 20-ին ԱՄՀ Գործադիր խորհուրդն ավարտել է «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածության շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի առաջին ամփոփումը: 36-ամսյա այս վարկային ծրագիրը՝ 180 միլիոն ՓՀԻ (մոտ 248.2 միլիոն ԱՄՆ դոլար) ֆինանսավորման ընդհանուր հնարավորությամբ, որը համարժեք է ԱՄՀ-ում Հայաստանի քվոտայի 139.75 տոկոսին, ԱՄՀ Խորհրդի կողմից հաստատվել է 2019 թ. մայիսի 17-ին (տե՛ս Մամլո հաղորդագրություն No. 19/173):

    Հայաստանի իշխանությունները շարունակում են «Սթենդ-Բայ» վարկային պայմանավորվածությունը մինչև իր ավարտը՝ 2021 թ. մայիսի 16-ը, դիտարկել որպես նախազգուշական և մտադիր չեն այն օգտագործել, եթե չնախատեսված տնտեսական ցնցումների հետևանքով վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ չառաջանան:

    Գործադիր խորհրդի քննարկումից հետո, Կառավարիչ տնօրենի տեղակալ և նախագահի պաշտոնակատար պրն. Միթսուհիրո Ֆուրուսավան հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ.

    «Հայաստանի տնտեսական ցուցանիշներն ուժեղ են առողջ աճով, ցածր գնաճով, կայուն ֆինանսական համակարգով և բարելավվող արտաքին ու հարկային բուֆերներով: Պետական պարտքը շարունակում է մնալ նվազող հետագծի վրա, և ակնկալվում է, որ Հայաստանն իր միջնաժամկետ պարտքի թիրախին կհասնի սպասվածից մի քանի տարի շուտ: Այս նպաստավոր հանգամանքը հնարավորություն է տալիս արագացնել բարեփոխումներին ուղղված ջանքերը` ի սատարումն առավել հավասարակշռված և ներառական աճի, աղքատության կրճատման և գործազրկության նվազման նպատակի: 2019 թ. բյուջեն գերակատարվել է՝ գրանցելով ինչպես ակնկալվածից ավելի եկամուտներ, այնպես էլ սպասվածից քիչ կապիտալ ծախսեր: Կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումը՝ պետական ներդրումների կառավարման սահուն գործընթացին համահունչ, շարունակում է մնալ առաջնահերթություն: Չնայած հարկաբյուջետային գերակատարմանը, բարեփոխումների թափը պահպանելը կարևոր է եկամուտների հավաքագրումը բարելավելու, այդ թվում՝ գույքի հարկման ոլորտում բարեփոխումներն ավարտին հասցնելու և հարկային վարչարարությունն ուժեղացնելու համար: Բյուջետային գործընթացի խթանումը նաև հետագայում կապահովի վստահությունը հարկաբյուջետային կանոնի նկատմամբ:

    Գների կայունության ապահովմանն ուղղված դրամավարկային քաղաքականությունը նպաստում է տնտեսական աճին: Իշխանությունների կողմից Բազել III-ի միջոցառումների իրականացումը կբարձրացնի ֆինանսական համակարգի կայունությունը, ընդ որում՝ ողջունելի են նաև կապիտալի շուկայի զարգացմանը և ֆինանսների հասանելիության բարելավմանն ուղղված ծրագրերը:

    Իշխանությունների բարեփոխումների օրակարգի իրականացումը կնպաստի կայուն և ներառական աճին: Կոռուպցիայի դեմ պայքարի համապարփակ համակարգ ստեղծելու միջոցով կառավարումը բարելավելու ջանքերը շարունակական են: Իշխանությունները վերահաստատել են նաև սոցիալական ապահովության ցանցն ընդլայնելու և այն առավել հասցեական դարձնելու միջոցով բնակչության առավել խոցելի խավերին պաշտպանելու իրենց հանձնառությունը: Մարդկային կապիտալի ամրապնդմանն ու կանանց աշխատուժի մասնակցության բարձրացմանն ուղղված քայլերը իշխանությունների երկարաժամկետ կառուցվածքային օրակարգի առանցքային կետերից են»:





    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: