Հայերեն   English   Русский  

​Թրամփի փաստաբանը հայտարարել է, որ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանների նշանակման հետևում կանգնած է Սորոսը


  
դիտումներ: 348

ԱՄՆ նախագահի փաստաբան Ռուդի Ջուլիանին հայտարարել է, որ Ուկրաինայում նախկին ամերիկյան դեսպան Մարի Յովանովիչն ինքնուրույն անձ չէ, քանի որ նրա գործողությունները վերահսկում է ֆինանսիստ Ջորջ Սորոսը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով New York Magazine ամսագրին:

Ջուլիանին հայտնել է նաև, որ գործող ամերիկյան վարչակազմի քննադատ համարվող Սորոսը կանգնած է եղել Ուկրաինայում ամերիկյան դեսպանների նշանակման հետևում: «Նա հասել է այնտեղ բոլոր չորս դեսպանների նշանակմանը»,- ասել է Ջուլիանին ամսագրին տված հարցազրույցում՝ չճշտելով, թե որոշակի որ դեսպաններին նկատի ունի:

Turning Point USA հաղորդման ժամանակ Ջուլիանին հայտնել է, որ ԱՄՆ դեսպանությունը Յովանովիչի ղեկավարությամբ հանդես է եկել 2017 թ. Ուկրաինայում 5,3 մլրդ դոլարի ֆինանսական օգնության կորչելու հետաքննության դեմ: Ջուլիանին պնդում է, որ դեսպանությունն արել է դա, քանի որ տվյալ միջոցներն ուղղվել են Սորոսի կողմից ղեկավարվող ոչ կառավարական հիմնադրամի:

«Հանկարծ ԱՄՆ դեսպանության աշխատակիցները, Մարի Յովանովիչի ղեկավարությամբ, որին ես «Կույս Մարիա Յովանովիչ» են անվանում, գնացել են [ուկրաինացիների մոտ] և ասել. «Դրա կարիքը չկա, մեզ այդ ծախսերը չեն անհանգստացնում»,- ասել է Ջուլիանին:

Նոյեմբերին ԱՄՆ նախկին դեսպան Ուկրաինայում Մարի Յովանովիչը հայտարարել է Կոնգրեսում ընթացող լսումներում, որ Ջուլիանին և Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն փորձել են սևացնել իր հեղինակությունը: Նա հայտարարել է, որ «նրանք ծրագիր են ունեցել, և նրանք պատրաստվում էին վնասել իմ հեղինակությունը»:

Նախագահի անձնական փաստաբանը Ուկրաինա է մեկնել դեկտեմբերի սկզբին, որպեսզի հանդիպի ուկրաինացի նախկին և ներկա պաշտոնյաների հետ տեղեկություններ քաղելու համար, որոնք կարող են օգնել պետության ղեկավարին իմփիչմենթի ընթացակարգի շրջանակներում և հարվածել Դոնալդ Թրամփի քաղաքական հակառակորդներին, այդ թվում և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին:

Այդ ուղևորությունից հետո Ջուլիանին հայտնել է, որ մտադիր է իր եզրակացությունները ներկայացնել ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին և Կոնգրեսի հանրապետականներին: Նրա խոսքով՝ ինքը Բայդենի և ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ոչ իրավաչափ վարքագծի ապացույցներ ունի:

ԱՄՆ-ում այս աշնանը դեմոկրատները նախաձեռնեցին Թրամփի իմփիչմենթի ընթացակարգը: Քննարկումների առիթը ամերիկացի իրազեկողի հաղորդումն էր այն մասին, որ Թրամփը փորձել է համոզել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի հետաքննություն սկսի իր հավանական մրցակիցներից մեկի՝ Ջո Բայդենի որդու՝ Հանթերի նկատմամբ:

Ի վերջո Ներկայացուցիչների պալատը քվեարկեց իմփիչմենթի հայտարարման օգտին: Այժմ ԱՄՆ Սենատը պետք է որոշի՝ իրո՞ք պետք է իշխանությունից հեռացնել Դոնալդ Թրամփին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: