Հայերեն   English   Русский  

Շահագործման են հանձնվել Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 ճանապարհահատվածները


  
դիտումներ: 113

Շահագործման են հանձնվել «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի 3-րդ տարվա շրջանակներում վերականգնված Մ1- Հայրենյաց- Տուֆաշեն- Հ83 (մոտ 10.5 կմ) և Հ81-Թալին-Ցամաքասար-Նոր Արթիկ-Հ75 (10.9 կմ) ճանապարհահատվածները։

Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովը, որը ստեղծվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, այցելել է նշված ճանապարհահատվածներ‚ դիտարկել կատարված աշխատանքները։

Ցամաքասարի բնակիչ Ներսես Հակոբյանը նշել է‚ որ մոտ 30 տարի սպասել են այս ճանապարհի վերականգնմանը։

«Փոշուց‚ ցեխից ազատվեցինք։ Մենք շատ գոհ ենք ամեն ինչից‚ որակյալ աշխատանք է կատարվել։ Պարզապես խնդրում ենք վերականգնել նաև Ցամաքասարը Ձիթհանքովին միացնող մոտ 7 կմ հատվածը։ Դա թույլ կտա էապես՝ մոտ 25 կմ-ով կրճատել Գյումրի տանող ճանապարհը»‚- ասել է Ներսես Հակոբյանը։

Հայրենյաց համայնքի ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը նշել է‚ որ ճանապարհի վերականգնումը մեծ ներդրում է համայնքի սոցիալ-տնտեսական‚ զբասաշրջության զարգացման‚ գյուղացիների կենսամակարդակի բարձրացման գործում։ Ըստ համայնքի ղեկավարի՝ տարածքը հարուստ է տեսարժան վայրերով. «Այստեղ են միջնադարյան սուրբ Աստվածածին եկեղեցին‚ Հովնան Օձնեցի սրբատեղին‚ Հայրենյաց-Հոռոմ համայնքների միջև կա դամբարանադաշտ‚ և վերականգնված ճանապարհը կօգնի‚ որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան այդ բոլոր հնավայրերին։ Այս ճանապարհը կենսական նշանակություն ունի՝ շտապօգնության‚ հրշեջ ծառայության մեքենաներն անբարեկարգ ճանապարհի պատճառով բավականին ուշացումով էին տեղ հասնում։ Հիմա այդ խնդիրը լուծված է‚ երթևեկության ինտենսիվությունն ավելացել է»‚- նշել է Գևորգ Մարտիրոսյանը։

Տեղեկացնենք‚ որ նշված երկու՝ մոտ 22 կմ երկարությամբ ճանապարհահատվածներում վերականգնվել են հողային պաստառը‚ ճանապարհային պատվածքը‚ ջրահեռացման համակարգը‚ ամբողջությամբ կահավորվել են ճանապարհահատվածները‚ տեղադրվել են ճանապարհային նշաններ‚ մետաղական անգելափակոցներ‚ ազդանշանային սյուներ‚ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կառուցվել են արհեստական անհարթություններ‚ գյուղտեխնիկայի անցման տեղեր՝ բետոնային ծածկով‚ իրականացվել են նաև այլ աշխատանքներ։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: