Հայերեն   English   Русский  

Ռազմական ոստիկանության աշխատակիցներն այցելել են ՊՆ-ի շենքի առաջ հացադուլ հայտարարած Մխիթար Ալումյանին և խուզարկել նրան


  
դիտումներ: 316

Այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 12-ին, Ռազմական ոստիկանության աշխատակիցներն այցելել են Պաշտպանության նախարարության շենքի առաջ հացադուլ հայտարարած Մխիթար Ալումյանին ու խուզարկել են նրան: Այս մասին քիչ առաջ Անկախի հետ զրույցում հայտնեց զիծառայողների, սպաների բողոքների հարցերով զբաղվող ՊՆ պահեստազորի սպա Ցոլակ Խաչատրյանը:

«Ռազմական ոստիկանության աշխատակիցներն ասել են, որ ահազանգ են ստացել, թե իբր Մխիթարի պայուսակում պայթուցիկ կա ու սկսել են խուզարկել նրան: Բայց ես գրեթե վստահ եմ, որ նրանք սնունդ են փնտրել: Կարծես ոչ մեկին չի հետաքրքրում, որ Ալումյանն արդեն 14-րդ օրն է հացադուլի մեջ է, Պաշտպանության նախարարն էլ սկսել է աշխատանքի գալ հետևի մուտքից, որ չհանդիպի նրան»,-ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Անկախը տեղեկացրել էր, որ ՊՆ ենթասպա Մխիթար Ալումյանը, որ 5 երեխաների հայր է, արդեն 11-րդ օրն է անժամկետ հացադուլ է հայտարարել:

Ալումյանը բնակարանի լուրջ խնդիր ունի, 5 երեխայի հայր է, նրանցից երկուսը հաշմանդամ են: Այն տունը, որտեղ ապրում են նման է փլատակի: Մխիթար Ալումյանը կամ իրեն հասանելիք բնակարանն է ուզում, կամ միջոցներ, որպեսզի վերանորոգի տունը, որտեղ ապրում են: Ալումյանը նշում է, որ մի քանի ամիս առաջ կրկին եկել է նախարարություն, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոստացել է լուծել բնակարանի խնդիրը, սակայն հիմա նախարարությունից ասում են, որ ինչ-որ պակաս փաստաթղթեր կան ու իրեն բնակարան չի տրամադրվելու:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ալումյանը երբեք բնակարանի կարիքավոր չի եղել, քանի որ ունեցել է սեփականություն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: