Դուք չափազանց փոքր ֆիգուր եք, որ Ձեզ հետ բանավեճի մեջ մտնեմ. Դավիթ Խաժակյանը՝ Ավետ Պողոսյանին
Նա Պողոսյանին հիշեցրեց նշանակվելուց հետո հարցազրույցներից մեկը, որի ընթացքում վարչական շրջանի ղեկավարն անդրադարձել էր «Լույս» խմբակցության անդամների ելույթներին՝ նշելով, թե դրանք պատիվ չեն բերում «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը:
«Այն տոնայնությունը, որով խոսում են ավագանու անդամները, կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստանին» պատիվ չի բերում: Ես պարզ ասեմ՝ մենք բոլոր լեզուներով խոսակցություններին պատրաստ ենք՝ Երևանի ժարգոնից սկսած, քաղաքագիտական վերլուծությամբ վերջացրած, ընդհուպ մինչև Լոռվա բարբառով ենք պատրաստ այդ խոսակցությունը տանել: Եթե փորձեն ինչ-ինչ ուժերի դրդմամբ վնասել իշխանությունների՝ իրենց կարծիքով թույլ կետին՝ քաղաքապետարանին, թող բացատրեն՝ քաղաքական նպատակահարմարությունը որն է»,-Պողոսյանի խոսքը մեջբերեց Խաժակյանը, ապա ասաց, թե վարչական շրջանի ղեկավարին կարձագանքի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավոր ժամանակ հնչեցրած մի ելույթով:
«Դուք եկել եք այստեղ, հանդուգն և լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին (տվյալ դեպքում՝ ավագանու անդամների), Դուք Ձեզ ի՞նչ եք թույլ տալիս: Բայց, անկեղծ ասած, ես Ձեզ հետ բանավեճ չունեմ, որովհետև Դուք չափազանց փոքր ֆիգուր եք՝ Ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար: Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, այնպես որ, Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»,-ասաց Խաժակյանն ու նշեց, թե ընդդիմադիր Փաշինյանի արտահայտած խոսքերին ավելացնելու ոչինչ չունի: