Հայերեն   English   Русский  

Հունվարի 1-ից բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով


  
դիտումներ: 99

2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով: Այդ մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ կառավարության ծրագրի համաձայն՝ պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ: Պետական կենսաթոշակի չափերի պարբերաբար ավելացումը ՀՀ 2020-2022 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով սահմանված է սոցիալական ոլորտի ծախսային գերակայություն:

«Եվ մենք արդեն հայտարարել ենք, որ 2020 թվականից միջինում 10 տոկոսով բարձրացնելու ենք կենսաթոշակները: Ուստի, այսօրվա նախագծով առաջարկում ենք հետևյալ փոփոխությունները: Հիմնական կենսաթոշակի չափը, այդ թվում՝ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար 16 հազար դրամի փոխարեն սահմանել 18 հազար դրամ, առաջին 10 տարվա աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը 800 դրամի փոխարեն սահմանել 950 դրամ: Զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը 1500 դրամի փոխարեն սահմանել 1600 դրամ, պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը առաջին խմբի դեպքում 36 հազար դրամի փոխարեն սահմանել 40 հազար դրամ, երկրորդ խմբի դեպքում՝ 26 հազար դրամի փոխարեն՝ 30 հազար դրամ, և երրորդ խմբի դեպքում 25 500 դրամի փոխարեն սահմանել 27 հազար դրամ»,- ասաց նախարարը:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական թոշակի չափը 25 500 դրամի փոխարեն սահմանվում է 27 հազար դրամ: Իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխայի դեպքում թոշակի չափը սահմանվում է 90 հազար դրամ՝ այսօրվա 80 հազար դրամի փոխարեն: Նվազագույն կենսաթոշակի չափն այսօրվա 25 500 դրամի փոխարեն սահմանվելու է 27 հազար դրամ:

«Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին որոշման մեջ կատարվող փոփոխություններով առաջարկվում է ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը 25 500 դրամի փոխարեն սահմանել 26 500 դրամ, իսկ երկկողմանի ծնողազուրկ երեխաների դեպքում՝ 80 հազար դրամի փոխարեն սահմանել 90 հազար դրամ»,- ասաց Բաթոյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ բացի այն, որ հաջորդ տարվա պետական բյուջեով թոշակների ու նպաստների բարձրացման համար հատկացումներ են եղել, ևս 3-4 մլն դրամի լրացուցիչ կարիք է առաջանում:

Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ լրացուցիչ ֆինանսավորման կարիք է առաջացել նաև այն պատճառով, որ 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում նպաստառուների թիվն աճել է մոտ 5 900-ով: Համօգտագործել





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: