Աշխատանքի անցնելուց հետո քաղաքացիները 6 ամիս նպաստից չեն զրկվի
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս փոփոխությամբ նպաստառու ընտանիքի աշխատունակ անդամի հետ, որն ունի գործազուրկի կարգավիճակ, զբաղվածության պետական գործակալության հետ համատեղ աշխատանք պետք է տարվի:
«Սակայն եթե անձը կհրաժարվի իրեն արված երկու հարմար աշխատանքների առաջարկից, տեղի կունենա անապահովության միավորի կտրուկ նվազում՝ հանգեցնելով նաև նպաստի իրավունքի կորստի: Այս փոփոխությունն առաջարկում ենք ուժի մեջ մտցնել 2020 թվականի ապրիլի 1-ից: Այն կվերաբերի համակարգ մուտք գործելու համար նոր դիմող կամ նոր փաստագրվող քաղաքացիներին»,- ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ նախագծով առաջարկվում է սահմանափակել սոցիալական որևէ խումբ չունեցող քաղաքացիների նպաստի համակարգում ընդգրկվելու հնարավորությունը՝ աջակցությունն ուղղելով ավելի շատ կարիքավոր խմբերին:
Առաջարկվում է նաև ընտանիքի անապահովության գնահատման բնութագրիչներն ավելացնել ևս մեկով՝ վարկային պարտավորությունների գծով 100 հազար ու ավելի դրամ միջին ամսական մարում կատարելու հանգամանքը:
Վարչապետն իր հերթին նշեց, որ այսօր կան նպաստ ստացողներ, որոնք ամսական մեկ մլն դրամի վարկ են վճարում:
«Այսինքն՝ պետությունից ակնկալում են ամսական 30 հազար դրամի նպաստ, հետո ամիսը 700 հազար դրամի վարկ են փակում: Օրինակ, «Բրաբուս» է առել, վարկ է փակում»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը: