Հայերեն   English   Русский  

Մոնտենեգրոյի վարչապետը ոստիկանությանն արգելել է ուժ կիրառել ցուցարարների դեմ


  
դիտումներ: 644

Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչն արգելել է ոստիկանությանն ուժ կիրառել կրոնական ազատության մասին օրենքի դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է այսօր խորհրդարանում:

«Չհամարձակվեք ուժ կիրառել թե՛ ժողովրդի, թե՛ քահանաների դեմ: Դուք այսօր պետք է հանդուրժողականության օրինակ ծառայեք»,- հայտարարել է նա:

Վարչապետը դիմել է նաև հոգևորականությանը՝ խոստանալով, որ օրենքի հնարավոր ընդունումը որևէ կերպ չի ազդի կրոնական համայնքների դրության վրա: «Ոչ ոք չի գա ձեզ մոտ, յուրաքանչյուր քահանա կիրականացնի իր պարտականություններն իր տեղում»,- ասել է նա:

Մոնտենեգրոյի Սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) պատգամավորներն այսօր քննարկում էին «Դավանանքի և համոզմունքների ազատության և կրոնական համայնքների իրավական դրության մասին» օրենքի նախագիծը:

Հավատացյալների հավանական ցույցերի պատճառով մոտ հազար ոստիկան շրջափակել էր խորհրդարանի մուտքերը և երկրի մայրաքաղաքի կենտրոնը: Միաժամանակ մետրոպոլիտ Ամֆիլոհիի և եպիսկոպոսների գլխավորությամբ շարասյունը շարժվում էր խորհրդարանի շենքի ուղղությամբ:

Ավելի վաղ Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչը Սերբիայի ուղղափառ եկեղեցուն մեղադրել է երկրում կրոնական մենաշնորհը պահպանելու ձգտման մեջ և հայտարարել, որ Ուկրաինայի օրինակով կհասնի «Մոնտենեգրոյի եկեղեցու» ինքնավարության: Նոր եկեղեցի ստեղծելու շրջանակներում Մոնտենեգրոյի նախարարների կաբինետը փորձում է խորհրդարանում անցկացնել դավանանքի ազատության մասին օրենքը, որը նախատեսում է Սերբիայի ուղղափառ եկեղեցուց վերցնել սեփականությունը: Խոսքը ավելի քան 650 սրբատեղիների մասին է, ներառյալ ուղղափառ աշխարհում հայտնի Օստրոգ մենաստանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: