Հայերեն   English   Русский  

​Մոնտենեգրոյի խորհրդարանն ընդունեց դավանանքի ազատության մասին օրենքը


  
դիտումներ: 545

Մոնտենեգրոյի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունեց «Դավանանքի ու համոզմունքների ազատության և կրոնական համայնքների իրավական դրության մասին» օրենքը ողջ երկրում ընթացող զանգվածային ցույցերի պայմաններում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սկուպշչինայի (խորհրդարանի) կայքին:

Սերբիայի ուղղափառ եկեղեցու շահերը ոտնահարող օրենքի օգտին քվեարկել է 45 պատգամավոր 45 ներկաներից: «Դեմ» և «ձեռնպահ» ձայներ չեն եղել, քանի որ քվեարկությունը տեղի է ունեցել ընդդիմության բոլոր պատգամավորներին ոստիկանություն բերման ենթարկելուց հետո: Այդպիսով փաստաթուղթն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ:

Ընդդիմադիր «Ժողովրդավարական ճակատի» պատգամավորները մինչ այդ պահանջում էին լրամշակել օրենքի տեքստը Սերբիայի ուղղափառ եկեղեցու հետ երկխոսությամբ: Սակայն իշխող կոալիցիան հրաժարվել է ուղղումներ մտցնել օրենքի նախագծում: Դրանից հետո ընդդդիմությունը հայտարարել է, որ թույլ չի տա քվեարկություն անցկացնել: Նիստի սրահում արցունքաբեր գազի անոթ է շպրտվել, որից հետո համընհանուր ձեռնամարտ է սկսվել:

Ոստիկանությունը բերման է ենթարկել ընդդիմության բոլոր պատգամավորներին, նրանք 15 օրով զրկվել են խորհրդարանի աշխատանքներին մասնակցելուց: Դրանից հետո իշխող կոալիցիայի պատգամավորները սկսել են քվեարկությունը:

Մոնտենեգրոյի մի շարք քաղաքներում զանգվածային ցույցեր են ընթանում այդ օրենքի ընդունման դեմ:

Ավելի վաղ Մոնտենեգրոյի նախագահ Միլո Ջուկանովիչը Սերբիայի ուղղափառ եկեղեցուն մեղադրել էր երկրում կրոնական մենաշնորհը պահպանելու ձգտման մեջ և հայտարարել, որ Ուկրաինայի օրինակով կհասնի «Մոնտենեգրոյի եկեղեցու» ինքնավարության: Նոր եկեղեցի ստեղծելու շրջանակներում Մոնտենեգրոյի նախարարների կաբինետը խորհրդարան մտցրեց դավանանքի ազատության մասին օրենքը, որը նախատեսում է Սերբիայի ուղղափառ եկեղեցուց վերցնել սեփականությունը: Խոսքը ավելի քան 650 սրբատեղիների մասին է, ներառյալ ուղղափառ աշխարհում հայտնի Օստրոգ մենաստանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: